Ադրբեջանը կարող է ստորագրել պայմանագիրը՝ երաշխիքով, որ ընտրություններից հետո կկատարվեն իր պահանջները․ Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, Աբու Դաբիում կայացել  է Նիկոլ Փաշինյանի ու Իլհամ Ալիևի ընդլայնված կազմով երկկողմ հանդիպումը, ինչպե՞ս եք գնահատում այն, ի՞նչ էական արդյունքներ կարելի է ակնկալել այս հանդիպումից հետո:

– Նախ արարողակարգային մասով մի նկատառում անեմ, որովհետև նկատելի է, որ քննարկման թեմա է դարձել պետական դրոշներ չլինելու հանգամանքը: Որքան էլ այս հանդիպումը համարվում է պաշտոնական, բայց միջավայրը, որը ստեղծվել է, այսինքն՝ Արաբական Միացյալ Էմիրությունները որ որպես հարթակ տրամադրել են, դա դիտարկել են ավելի շուտ գործնական հանդիպում, այսինքն՝ չեն դիտարկել պաշտոնական հանդիպում, այլ՝ արարողակարգային, հրավերի մակարդակով: Տվյալ դեպքում սրան էական նշանակություն տալ պետք չէ, կարևորը՝ հանդիպման բովանդակությունն է: 

Այն ինֆորմացիան, որ տրամադրվել է, շատ ընդհանրական է, բայց որպես այդպիսին չի նշվում կարևոր մանրամասների մասին, ինչպիսիք են այլ ենթակառուցվածքները, որովհետև մեզանում մինչ օրս շատ անպատասխան հարցեր կան TRIPP-ի և այլ ենթակառուցվածքների նախագծերի իրականացման վերաբերյալ: 

Ալիևի ռազմաշունչ հռետորաբանությունը մեղմվել է ի հաշիվ նրան, որ գերնպատակ է գործող իշխանությունների՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը, հետևաբար մինչև հունիսի 7-ը մենք սուր սայրեր չենք տեսնի ու ավելի մեղմ քաղաքականության ականատես կդառնանք՝ առանց ճնշման գործադրումների, առանց սպառնալիքների: 

Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավորն օրերս անգամ չբացառեց, որ մինչև հայաստանյան ընտրությունները իրենք կստորագրեն խաղաղության պայմանագիրը: 

Վստահ եմ, որ նմանատիպ հայտարարություններ իրենց թույլ չէին տա պատգամավորները, եթե հիմքում ինչ-որ հիմք չլիներ: Հետևաբար գուցեև այս մասով ձեռք բերված նախնական պայմանավորվածություններ կան, որը լուրջ հաղթաթուղթ կարող է լինել Փաշինյանի համար, հատկապես եթե խաղաղության պայմանագիրը կնքվի մինչև ընտրությունները, որպեսզի սեփական ժողովրդին կերակրի այն  «փաստով», որ իրական խաղաղությունը եկել է, հետևաբար այս ընտրությունները, ինչպես իրենք են ձևակերպում, խաղաղության մասին է, այլ ոչ թե՝ պատերազմի, ով ուզում  է պատերազմ, կարող է ընտրել այլ ուժի:

– Այսինքն՝ չե՞ք բացառում, որ մինչև ընտրություններ այնուամենայնիվ հնարավոր է պայմանագրի ստորագրումը:

– Քաղաքականության մեջ ընդհանրապես ոչինչ չի բացառվում, ու հավանական սցենարը տանում է դրան, տրամաբանական է, որ Ադրբեջանը կարող է որոշակի երաշխիքներ ստանալով այդ պայմանագիրը ստորագրելու պատրաստակամություն հայտնել, բայց պայմանով, որ իշխանության գալուց անմիջապես հետո հայկական կողմը բավարարի իր պահանջներից մի քանիսը, այն է՝ Սահմանադրության փոփոխությունը և մյուս պահանջները: Փաստն այն է, որ ամեն ինչ տանում է դրան, որովհետև, նորից եմ կրկնում, այս իշխանությունները լավագույնս սպասարկում են նրանց շահերը: 

– Այդ դեպքում չեք բացառում նաև այն, որ Ադրբեջանը դո՞ւրս կգա Հայաստանի սուվերեն տարածքներից մինչև այդ պայմանագրի ստորագրումը:

– Այդ մասով վերապահում ունեմ, որովհետև դա շատ ավելի լուրջ հարց է, ու չեմ կարծում, թե Ադրբեջանը կգնա այդ քայլին, իրեն նման «ճոխություն» թույլ չի տա, որովհետև դրանք ռազմավարական կարևորության տարածքներ են, որոնք այս պահին ծառայում են իրենց ՊՆ-ին, հետևաբար չեմ կարծում, որ Ադրբեջանը դրանք կզիջի՝ առավելևս, երբ Ալիևը հայտարարել է, որ այդ տարածքներից գեթ մեկ միլիմետր նահանջ չի լինելու: Ես առավել քան վստահ եմ, որ Ալիևն իր զորքերը չի հանի Հայաստանի օկուպացված տարածքներից, որքան էլ օրվա իշխանությունը վստահեցնում է, թե սահմանազատման ու սահմանագծման արդյունքում նրանք դուրս կգան մեր տարածքներից:

– Իսկ այդ համատեքստում հնարավոր համարո՞ւմ եք հայ ռազմագերիների, մասնավորապես, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հայրենադարձումը, պարո՛ն Կարապետյան:

– Այդ շրջանակներում հանձնում չի լինելու, որովհետև այդ մարդիկ ընկալվում են որպես ռևանշիստներ, հետևաբար դա գլխացավանք է լինելու և՛ Փաշինյանի, և՛ Ալիևի համար, ուստի դժվար թե նման հումանիստական քայլի ականատես դառնանք: 

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am