«Մենք պետք է աշխատենք մեր բուհական համակարգն ազատել այդ ակադեմիական անազնիվ մարդկանցից». ԵՊՏՀ խորհրդի անդամ

Լուսանկարը՝ «Ֆակտոր»

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ Արտակ Քյուրումյանը

Պարո՛ն Քյուրումյան, ԵՊՏՀ-ում այս օրերին լարված իրավիճակ է, դասապրոցեսը խաթարվել է։ Հայտնի է, որ դուք դեմ եք քվեարկել ռեկտոր ընտրված Դիանա Գալոյանի թեկնածությանը։ Ինչպե՞ս կմեկնաբանեք ստեղծված իրավիճակը։

– Երբ խորհրդի նիստը տեղի էր ունենում, կարծես թե խորհրդի բոլոր անդամներին ամեն ինչ պարզ էր, և ոչ ոք հարց չուներ ռեկտորի թեկնածուներին։ Եվ, ըստ էության, միակ հարց տվողը ես էի, նաև խորհրդի նախագահը մեկ հարց տվեց։

Ես երկու հարց տվեցի երկու թեկնածուներին էլ, և հարցերից մեկն այն մասին էր, թե իրենք կարո՞ղ են օրինակ բերել, որ պայքարել են կոնկրետ ակադեմիական ազնվության համար։ 

Մյուս թեկնածուի պատասխանը կարևոր չէր, որովհետև ինձ թվում էր, որ նրա թեկնածությունը ձևական էր դրված, որպեսզի տպավորություն ստեղծվեր, թե այնտեղ մրցակցային պայքար էր գնում։ Բայց տիկին Գալոյանը պատասխանեց, որ «չափորոշիչներ չկան, ես ինչպե՞ս պետք է պայքարեմ ակադեմիական ազնվության համար»։

Ես կարծում եմ, որ եթե 21-րդ դարում իրեն գիտությունների դոկտոր համարող մարդը չգիտի, թե ինչ է ակադեմիական ազնվությունը, չգիտի՝ ինչպես պայքարել ակադեմիական անազնվության դեմ, ապա խնդրահարույց է, թե ինչպես կարող է այդ մարդը ղեկավարել բարձրագույն ուսումնական հաստատություն։ 

Եթե դու ասում ես՝ չափորոշիչներ չկան, ինչպե՞ս պետք է դրա դեմ պայքարեմ, դու ուսանողներին ասում ես՝ «հարգելի ուսանողներ, գնացեք ձեր կուրսայինները, դիպլոմայինները գրեք, ինչքան ուզում եք, արտագրեք, միևնույն է՝ չափորոշիչ չկա»։ 

Այսկերպ գիտությունների թեկնածուի կամ դոկտորի հայցորդներին նույնպես կարծես ասում ես՝ գնացեք, ինչքան ուզում եք, արտագրեք։ 

Ես կարծում եմ, որ այդ պատասխանը և այդպիսի մոտեցումն անընդունելի են, և մենք պետք է աշխատենք մեր բուհական համակարգն ազատել այդ ակադեմիական անազնիվ մարդկանցից։ Նրանց փոխարեն բուհական համակարգ պետք է բերել այն մարդկանց, որոնք գիտեն՝ ինչ է ակադեմիական ազնվությունը, ինչպես պետք է պայքարել դրա համար։

– ՀՊՏՀ կոլեկտիվի ձևավորած կազմկոմիտեն հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ բուհի կոլեկտիվի գերակշիռ մեծամասնության որոշմամբ ժամանակավորապես դադարեցվում է ուսումնական գործընթացը՝ մինչև Դիանա Գալոյանի՝ օրենքով սահմանված կարգով ռեկտորի պաշտոնում նշանակումը: Ինչպե՞ս եք գնահատում ստեղծված իրավիճակը։

– Իհարկե ռեկտորի բացակայությունը կարող է ազդել բուհի ռազմավարական պլանավորման վրա։ Բայց ռեկտորի բացակայությունը դասապրոցեսի կազմակերպման վրա չի կարող ազդել։ 

Այո՛, ռազմավարական պլանավորման առումով հարկավոր է, որ ռեկտոր լինի, պլաններ մշակի, բուհի զարգացման ապագա տեսլականը ցույց տա։ Սակայն ընթացիկ դասապրոցեսը, ներկայիս ուսանողները չպետք է տուժեն այդ իրավիճակի պատճառով։ 

Այսինքն՝ այս իրավիճակը որևէ դասախոսի չի խանգարում մտնել լսարան և իր դասախոսությունը կարդալ կամ քննարկումներ ունենալ ուսանողների հետ։ Եվ այդ դասադուլն անընդունելի է։ Այո՛, լավ չէ, ոչ ռեկտոր չունենք։ Հարկավոր է ունենալ լավ ռեկտոր, որ լավ ռազմավարական ծրագիր կմշակի ու ցույց կտա, թե ուր է գնում բուհը։

– Դասադուլի հարցում ուղղորդում նկատվո՞ւմ է։

– Ես չգիտեմ՝ ուղղորդում կա՞, թե՞ ոչ։ Ես բուհի ամենօրյա կառավարման գործերից տեղյակ չեմ, չգիտեմ՝ ինչ է կատարվում այնտեղ։ Խորհրդի անդամները հիմնականում բուհի կառավարմանը մասնակցում են խորհրդի նիստերի տեսքով։ 

Այսինքն՝ այս վերջին երկու տարին շատ քիչ հերթական նիստեր են տեղի ունենում, խորհուրդը շատ քիչ է հավաքվում։ Դա այդպես չպետք է լիներ, գոնե եռամսյակը մեկ անգամ խորհուրդը պետք է հավաքվեր, ընթացիկ հաշվետվություններ լսեր, տեսներ, թե ծրագրերն ինչպես են կատարվում։ 

Իհարկե, այդ ամենը կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ ռեկտոր չկա, բայց մյուս կողմից էլ՝ խորհուրդը բավական միջոցներ է ձեռնարկել։ Օրինակ՝ դեռ 2019 թվականի հունիսին գրություն էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն, որպեսզի բուհի կարգավիճակը փոխվի, բայց դա ընթացք չստացավ։ Մի խոսքով՝ օդից կախված բազմաթիվ գործընթացներ կան, որոնց խորհուրդն իր հնարավորությունների ու կարողությունների շրջանակներում փորձելու է լուծումներ տալ։

– ԲՈԿ-ի արդեն նախկին նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականին ինչպե՞ս եք վերաբերվում։ Նա հայտարարություն է տարածել՝ նշելով, որ «Ռուբեն Հայրապետյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն հաշտ չէ այդ մտքի հետ։ Բայց Դիանա Գալոյանը գրագող է, սակայն ԿԳՄՍՆ-ն անտարբեր է այդ փաստի նկատմամբ»։

– Ես ուղղակի կարող եմ ափսոսանք հայտնել, որ պարոն Գոգյանը հեռացավ պետական կառավարման համակարգից։ Նա այն քիչ մարդկանցից մեկն է, ովքեր որոշակի սկզբունքայնությամբ փորձում էին փոփոխություն բերել համակարգ։ 

Կրթական համակարգում բազմաթիվ բացասական երևույթներ կան։ Տնտեսական զարգացման ու համագործակցության կազմակերպությունը 2018-ի հուլիսին հաշվետվություն էր հրապարակել Հայաստանում կոռուպցիայի իրավիճակի վերաբերյալ։ 

Եվ այդ հաշվետվության հինգերորդ գլուխն ամբողջությամբ վերաբերում էր բարձրագույն կրթության համակարգին։ Մասնավորապես, ասվում էր, որ, ըստ էության, բարձրագույն կրթության համակարգը թաղված է կոռուպցիայի մեջ, և ակադեմիական անազնվությունը համատարած է։ 

2019 թվականին մարտին հրապարակվեց առաջընթացի վերաբերյալ հաշվետվություն, և ըստ էության բարձրագույն կրթության գծով ոչ մի ուղղությամբ առաջընթաց չկար։ Այդ իրավիճակը բացարձակապես անընդունելի է, և արմատական փոփոխություններ են հարկավոր։ 

Ուղղակի ափսոսում եմ, որ պարոն Գոգյանը հեռացավ։ Ինչ-որ առումով դա խորհրդանշական է, որովհետև վերջին անվազն մեկ տարում որոշ բացասական միտումներ են նկատվում։ Եվ պարոն Գոգյանն էլ սկզբունքային դիրքորոշումներ է հանդես բերում ու հեռանում, դա ինչ-որ առումով ցույց է տալիս, որ զարգացումները լավ ճանապարհով չեն ընթանում այսօր։

Ինչ վերաբերում է գրագողությանը, հատկապես հումանիտար գիտությունների բնագավառում այդ գրագողության դեպքերը շատ-շատ են, դա նշվում է տարբեր զեկույցներում։ 

Ես վստահ եմ, որ ԲՈԿ-ը չունի այն կարողությունները, որպեսզի վերցնի ու, ենթադրենք՝ վերջին 10 կամ 20 տարվա բոլոր թեկնածուական ու դոկտորական դիսերտացիաները, որոնք պաշտպանվել են, ուսումնասիրի մեկ կամ երկու տարվա մեջ ու եզրակացություն տա։ Այդ գործընթացը հերթով պետք է արվի։ 

Եվ առաջին հերթին պետք է արվի բոլոր այն դեպքերում, երբ գիտական աստիճան ունեցող մարդը փորձում է այդ գիտական աստիճանն օգտագործելով՝ ինչ-որ պաշտոն ստանալ։ 

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am