«Արցախում էլ պետք է իշխանափոխություն լինի, քանի որ Արցախի իշխանությունները Հայաստանի նախկին իշխանությունների կամակատար շարունակությունն են». Վահան Բադասյան

«Արցախում էլ պետք է իշխանափոխություն լինի, քանի որ Արցախի իշխանությունները Հայաստանի նախկին իշխանությունների կամակատար շարունակությունն են». Վահան Բադասյան
«Արցախում էլ պետք է իշխանափոխություն լինի, քանի որ Արցախի իշխանությունները Հայաստանի նախկին իշխանությունների կամակատար շարունակությունն են». Վահան Բադասյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանը:

– Պարո՛ն Բադասյան, այսօր Նիկոլ Փաշինյանը հորդորեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին կարգի հրավիրել իր կառավարության ներկայացուցիչներին և ուղարկել իրենց աշխատանքը կատարելու։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը։

– Այս խնդիրն առաջացավ Սասուն Միքայելյանի հայտարարությունից հետո։ Ես արդեն հասցրել եմ նշել, որ Ստեփանակերտից որոշ պաշտոնյաներ՝ փաստորեն որպես անկեղծ հակահեղափոխականներ, իրենց զայրույթն ու մաղձը թափեցին Սասուն Միքայելյանի ասածի վրա։ Իսկապես, Սասուն Միքայելյանը ճառ ասելու ընթացքում ասել է մի բան, որը նաև իրեն ճանաչելով, համոզված եմ, որ դա չի ուզեցել ասել։

Նա ցանկացել է ասել, որ տեղի ունեցած հեղափոխությունն այնքան կարևոր է, որ Արցախի ազատամարտի հաջողությունն իմաստ չի ունենա, եթե չլիներ այս հեղափոխությունը։ Որովհետև նախորդ իշխանություններն արդեն ծախում էին Արցախի հողերը։ Արդեն սեղանի վրա դրված փաստաթղթեր ու պայմանագրեր կային, որ պատրաստվում էին Արցախը հանձնելու։

Սա էր ուզում ասել Սասուն Միքայելյանը, և նա իրավունք ունի դա ասելու, որովհետև ինքը կռված, ընկերներ կորցրած մարդ է։ Կարծում եմ՝ Ստեփանակերտում ըմբռնումով պետք է մոտենային և չպետք է այդպես արձագանքեին։ Լավ կլիներ, որ ինձ նման հանդուրժողականությամբ վերաբերվեին, հասկանային, որ ինքը ջիգյարով խոսող մարդ է և ջիգյարավարի սխալվել է։ Կարող էին հորդորել ներողություն խնդրել, որ ինքն էլ պարզաբաներ, թե ինչ է ցանկացել ասել։ Բայց նրանք ընդհակառակը՝ սրեցին վիճակը։

Ես Նիկոլ Փաշինյանին էլ հորդորեցի այդպես կտրուկ չպատասխանել։ Այսօր էլ կհորդորեի, որ այդքան կտրուկ չլինի, չքաղաքականացվի, չխորացվի հարցը։ Սա քարոզչական շրջան է, և Նիկոլ

Փաշինյանը այսօր ճանաչված է ոչ միայն որպես Հայաստանի առաջնորդ, այլ ամբողջ հայ ժողովրդի առաջնորդ։ Իսկ հայ ազգի առաջնորդը նաև հակահեղափոխականների առաջնորդն է և չպետք է կանգնի մի կողմում։ Ընդհանրապես, ճիշտ կլիներ, որ նա չգլխավորեր «Իմ քայլը» դաշինքի ցուցակը, որովհետև ինքը առաջնորդն է ոչ միայն մեկ քաղաքական ուժի, այլև ողջ ազգի։ Ես նորից կհորդորեի Նիկոլ Փաշինյանին չխորացնել այդ ոճը, չվերածել չհանգուցալուծված հարցի։

– Կարծում եք՝ այս հայտարարությունը կամ հորդորը բացասական ազդեցություն կունենա՞ Բակո Սահակյանի վրա։

– Ես կարծում եմ, որ պետք է արդեն մոռանալ եղածը։ Ասվածն ասվել է, բոլորս մեր հերթին խոսել ենք, պետք է առաջ գնալ, չպետք է այլևս անդրադառնալ այդ թեմային։ Հիմա Բակո Սահակյանն էլ կարող է ասել՝ պարո՛ն Փաշինյան, քո թիմակիցներին ասա, որ իրենց բառերը կշռադատեն, նոր արտահայտվեն։ Հիմա եթե Բակո Սահակյանն այդպես ասի, Նիկոլ Փաշինյանն էլ ավելի խիստ արձագանքի, դա մինչև ո՛ւր կարող է հասնել։

– Արդյոք սա խոսո՞ւմ է այն մասին, որ Հայաստանի և Արցախի իշխանություններն հակասություններ ունեն։ Շատերը նշում են, որ Արցախում նույնպես պետք է տեղի ունենա հեղափոխություն։

– Ես դա վաղուց եմ ասել, սակայն Նիկոլ Փաշինյանը այդպես չէր կարծում։ Իր գործողությունների մեջ երևում էր, որ ինքը լավ հարաբերությունների մեջ է Բակո Սահակյանի հետ, ինքը սատարեց Բակո Սահակյանին։ Ես միշտ ասել եմ, որ Հայաստանում տեղի է ունեցել իշխանափոխություն և Արցախում էլ պետք է կատարվի, որովհետև Արցախի իշխանությունները Հայաստանի նախկին իշխանությունների կամակատար շարունակությունն են եղել։

Նրանք չեն փոխվել և բարեփոխումներ չեն կատարել, սակայն Նիկոլ Փաշինյանը ամիսը երկու անգամ այցելում է Արցախ, մոտ հարաբերության մեջ է Բակո Սահակյանի հետ։ Մենք Արցախում դա տեսնում ենք։ Նիկոլ Փաշինյանը Արցախ գալիս չի շփվում ընդդիմության ներկայացուցիչների հետ, շփվում է Բակո Սահակյանի և նույն պաշտոնյաների հետ։

Նա կարող էր հեռախոսը վերցնել ու զանգել, ոչ թե հրապարակային հանդես գա և ինձ նման քաղաքացու մոտ տպավորություն թողնի, որ մեր երկու գլխավոր հրամանատարներն իրար հետ վիճում են։ Անկախ նրանից, թե ամեն մեկս ինչ դիրքորոշում ունենք, ես չէի ցանկանա, որ մեր երկու գլխավոր հրամանատարները իրար դեմ դուրս գան։

– Կարծում եք, որ այս ամենը պետք է մոռացության տալ ու հաշտվե՞ն։

– Այս ընթացքում բոլորն իրենց կարծիքը հայտնել են, և հիմա պետք է անցնել առաջ։ Բանը չպետք է վիճաբանության հասներ։ Սասուն Միքայելյանը պետք է պարզաբաներ իր խոսքը և վերջ։ Մանավանդ որ Սասուն Միքայելյանն ասաց, թե ինչ է ցանկացել ասել։ Կամ էլ՝ մարդ է, մի բան ասեց, ասեց։ Եթե Սասուն Միքայելյանը սխալ արտահայտություն է արել, թող գնահատեն, որ սխալ է արել։

Բայց Հայաստանի թիվ մեկ մարդիկ՝ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, գործող պատգամավորներ, կարկառուն ներկայացուցիչներ, բարձրաստիճան զինվորականներ տարածքները համարեցին անպետք տարածքներ, որ կարելի է հանձնել։ Այդ նույն մարդիկ ստորագրեցին Մադրիդյան սկզբունքները, Կազանի հռչակագիրն ընդունեցին։

Երբ ամեն անգամ խոսում էին շրջանները հանձնելու մասին, այդ ժամանակ ոչ ոք ոչինչ չէր ասում։ Հիմա Սասուն Միքայելյանի մի արտահայտությունը նրանց արածներից 100 անգամ պակաս բան է։ Հիմա էդ մարդը այդպես է ասել, պե՞տք է դա դարձնեք հայոց հա՞րց։ Իհարկե ոչ։ Ես նորից եմ կրկնում, Սասուն Միքայելյանին ճանաչելով ես ասում եմ՝ ինքը դա չի ցանկացել ասել։

Սասուն Միքայելյանը մեծ անցյալ ունի, նրա անցյալը կարևորվում է ոչ միայն նրանով, որ մարտական մեծ ուղի է անցել, այլև կարևորվում է նրանով, որ այդ նույն մարդկանց դեմ է գնացել՝ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի։ Երբ նրանք կործանում էին երկիրը, ինքը դեմ է գնացել։

Մանե Հարությունյան

MediaLab.am