«Բակո Սահակյանն իրավունք չուներ առաջադրվել, Սահմանադրությունը Արցախում փոխվեց խայտառակ եղանակով». Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը «Մեդիալաբի» հետ զրույցում «խայտառակ» է որակում սահմանադրական փոփոխությունների գործընթացը, որի արդյունքում Արցախի նախագահ վերընտրվեց 10 տարի Արցախում նախագահող Բակո Սահակյանը, պնդելով, որ դա կվնասի երկրում ժողովրդավարությանն ու միջազգային համբավին:
Մինչդեռ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել էր հակառակը, նշելով, որ «բոլոր այն գործընթացները, որոնք տեղի են ունեցել խորհրդարանում հանրապետության նախագահի ընտրությունից առաջ, եղել են շատ թափանցիկ, բաց, բոլորի համար հասկանալի, այնպես` ինչպես Սահմանադրությունում է դա գրված, այն Սահմանադրության, որի համար ժողովուրդը քվեարկել է 2017 թվականի փետրվարի 20-ին»:

 

Այս տարվա սկզբին Արցախում անցկացված սահմանադրական հանրաքվեից հետո առաջիկա երեք տարիներին Արցախը պետք է ղեկավարվի անցումային փուլի ռեժիմով: Անցումային նախագահին ընտրելու իրավունքը խորհրդարանինն էր: Բակո Սահակյանին վերընտրեց խորհրդարանի մեծամասնությունը` 28 պատգամավոր, իսկ նրա մրցակից, ընդդիմադիր պատգամավոր Էդուարդ Աղաբեկյանն ընդամենը 4 ձայն ստացավ:

Ներկայացնում ենք «Մեդիալաբի» զրույցը Արցախի խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Հայկ Խանումյանի հետ:

– Պարո՛ն Խանումյան, Դուք Արցախի խորհրդարանի հատուկ նիստում հայտարարեցիք, որ Բակո Սահակյանի երրորդ վերընտրությունը լուրջ հարված է ժողովրդավարությանը և կազմալուծում է քաղաքական դաշտը, մինչդեռ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ասում է, որ դա ժողովրդի միջնորդավորված ընտրությունն էր, քանի որ հենց ժողովուրդն է կողմ քվեարկել Սահմանադրության փոփոխություններին: Ի վերջո, դա նաև հանրությա՞ն ընտրությունը չէր:

-Եթե Բակո Սահակյանին միջնորդավորված ընտրել է ժողովուրդը, ինչո՞ւ 2015 թ. քարոզարշավի ժամանակ չէին նշում, որ խորհրդարան են գնում Բակո Սահակյանին երրորդ ժամկետում առաջադրելու համար, կամ ինչո՞ւ սահմանադրական փոփոխությունների ժամանակ ժողովրդին չէին ասում, որ Սահմանադրություն են փոխում, որպեսզի միջնորդ լինեն Բակո Սահակյանի իշխանությունը երկարաձգելու համար: Սահմանադրական փոփոխությունների գործընթացն Արցախում տեղի ունեցավ խայտառակ եղանակով:

Այդ կարգի փոփոխություններ ո՛չ քաղաքական ուժերն էին ցանկանում, ո՛չ մտածող հանրությունը: Սակայն Երևանից քաղաքական ուժերի սեղանին դրվեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծ, և խնդիր դրվեց ապահովել դրա հաղթանակը: Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավը տեղի ունեցավ լրատվական բլոկադայի և հանրային կարծիքի մանիպուլյացիայի մթնոլորտում: Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, օրինակ` հանրությանը վստահեցնում էր, որ Սահմանադրությունը փոխվում է Արցախ անվան վերականգնման համար: Իմ գլխավորած «Ազգային վերածնունդ» կուսակցությունը սահմանադրական փոփոխություններին դեմ քարոզած միակ ուժն էր, որ նաև համապատասխան շտաբ ձևավորեց:

Սակայն հանրաքվեի ժամանակ մենք նախընտրական եթեր չստացանք Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր: Մեր սուղ ռեսուրսներով կարողացանք հիմնական քարոզարշավն անել Ստեփանակերտում և հարակից մի քանի բնակավայրերում: Այնինչ իշխանությունը մոբիլիզացրել էր ամբողջ վարչական ռեսուրսը` բազմաթիվ գյուղերում կազմակերպելով նաև բաց քվեարկություններ: Սակայն նույնիսկ այս փոփոխություններով Բակո Սահակյանն իրավունք չուներ առաջադրվել նախագահի պաշտոնում: Սակայն քանի որ մեզանում Սահմանադրության կետերը մեկնաբանում են հանձնարարություն կատարողները, ապա մեկնաբանությունները միշտ լինում են հանձնարարողի սրտով: Պատասխանելով ձեր հարցին, ասեմ` ո՛չ, սա հանրության ընտրությունը չէր:

– Եթե Բակո Սահակյանի վերընտրության արդյունքում այդքան վտանգներ կան, ինչո՞ւ ընդդիմության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանն ընդամենը 4 ձայն ստացավ, ու ինչո՞ւ է լռում Արցախի հանրությունը:

– Էդուարդ Աղաբեկյանին չէր պաշտպանում խորհրդարանական մեծամասնությունը, այդ պատճառով էլ նա քիչ ձայն ստացավ: Սա համընդհանուր ընտրություն չէր, որպեսզի հանրության վստահության վերաբերյալ կարողանայինք կարծիք հայտնել: Իսկ հանրությունն արտահայտվելու համար պետք է համապատասխան կառույցներ ունենա, առաջին հերթին` անկախ մամուլ, քաղաքացիական կայացած ինստիտուտներ:

– Հայաստանից Արցախ եկած լրագրողների հարցումները Ստեփանակերտի փողոցներում ցույց են տվել, որ ոչ բոլորն էին տեղյակ նախագահի վերընտրության մասին: Էստեղ միտում տեսնո՞ւմ եք:

– Հանրության մեծ մասը տեղյակ չէր իմ կողմից արդեն նշված ինֆորմացիոն բլոկադայի պատճառով: Այդ բլոկադան կառավարող նեղ շրջանակը կշարունակի նաև այս ամբողջ անցումային փուլում` 2020-ին Բակո Սահակյանին ներկայացնելով որպես «ազգային միասնության» թեկնածու: Հանրությունը, այո՛, աստիճանաբար դուրս է մղվում քաղաքական գործընթացներից: Ավելին, խոշոր քաղաքական ուժերն էլ են սկսում դուրս մղվել դրանցից, նրանց փոխարեն սկսում են որոշումներ կայացնել Բակո Սահակյանն ու իր ոչ քաղաքական շրջապատը:

– Ոմանք Հայաստանում դեռ հիշում են 2015-ին Արցախ մուտք գործել փորձող «Հիմնադիր խորհրդարանի» անդամների հանդեպ Բերձորում իրականացված ոստիկանական բռնությունները: Ի վերջո, Ձեր կարծիքով, ովքե՞ր էին դրա պատասխանատուն:

– Դա ոստիկանության և ԱԱԾ ծառայողների ապօրինի օգտագործում էր քաղաքացիների դեմ բռնություն իրականացնելու համար: Մեծ հաշվով սա սահմանադրական կարգի դեմ կատարված ոտնձգություն էր, որի անմիջական պատասխանատուն և մեղավորը Բակո Սահակյանն է:

Մարինե Խառատյան

MediaLab.am