«Արդեն կա գերծանրաբեռնված, հյուծված առողջապահական համակարգ, և բժիշկներն ուղղակի հոգեբանական մարման համախտանիշ ունեն». Մերի Տեր-Ստեփանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Երևանի պետական բժշկական համալսարանի համաճարակաբանության ամբիոնի դոցենտ Մերի Տեր-Ստեփանյանը

– Վերջին շրջանում վիճակագրություն են ներկայացնում հարևան երկրներում, նաև Եվրոպայում, քովիդի դեմ պայքարի հետ կապված, և մենք տեսնում ենք, որ համեմատության մեջ Հայաստանում մահերի աննախադեպ բարձր թիվ է գրանցվում: Օրինակ, Վրաստանում մեկ օրում  արձանագրված ավելի քան 4 հազար նոր COVID-19 դեպքերի եւ Հայաստանի մի քանի անգամ պակաս թվերի պարագայում ունենք մահվան նույն թվերը։ Ինչո՞վ է սա պայմանավորված՝ ուշ դիմելո՞վ, թե՞ պայքարի արդյունավետության պակասով: Ինչու՞ է Հայաստանում կորոնավարակի հետեւանքով մահվան ցուցանիշն այդքան բարձր։

– Այստեղ մի քանի գործոն է միաժամանակ աշխատում: Նախ՝ հիվանդների թիվն է ավելացել, և ստվար բանակից, բնականաբար, մահացածների թիվը նույնպես ավելի է լինում: Բացի դրանից, կա արդեն գերծանրաբեռնված, հյուծված առողջապահական համակարգ, բժիշկներն ուղղակի արդեն հոգեբանական մարման համախտանիշ ունեն, երբ մարդն ուղղակի ֆիզիկապես այլևս չի հասցնում իր աշխատանքը կատարել: 

Այդ ամենը գումարային բերում է նրան, որ ունենք այն, ինչ ունենք: Ես ասում եմ, որ այդ բոլոր մահերը հնարավոր էր կանխել, ցավոք սրտի, մենք դա չենք արել: Ես բոլորիս մեղքն այդտեղ տեսնում եմ: Այդ մահերի 99,9 տոկոսը կարելի էր կանխել պատվաստման միջոցով, որը մենք չենք արել:

– Իսկ այն վիճակագրությունը, որ վարակվածների թվով ավելի շատ են, նույն Վրաստանում կամ այլ երկրներում, սակայն մեզ մոտ մահվան ցուցանիշը բարձր է,  ինչո՞վ է պայմանավորված: Հնարավո՞ր է, որ բուժման արդյունավետության խնդիր կա:

– Ես չեմ ուզում այդտեղ մտնել, որովհետև իմ ոլորտը չէ, բայց ուղղակի ասեմ, որ հենց վիրուսի վրա ազդող բուժում մենք չունենք: Հստակորեն մոտեցումները նույնն են ամբողջ աշխարհում՝ վիճակի թեթևացում, ախտանշանային բուժում, թթվածային կախվածության դեպքում թթվածնի ապահովում, երկրորդային վարակի դեպքում հակաբիոտիկներ և այլն: Այսինքն՝ ես այստեղ բուժական խնդիր չեմ կարող տեսնել: 

Եվրոպական երկրների համար կարող եմ ասել, որ ճիշտ է, նրանք գրանցում են շատ մեծ թվով հիվանդներ, բայց պատվաստումային ընդգրկվածություն ունենալով՝ ինտենսիվ թերապիայի բաժանմունքները դատարկ են, քովիդի հիվանդանոցները թերծանրաբեռնված են: Սա ևս մեկ անգամ ապացուցում է պատվաստանյութի արդյունավետությունը: 

Մենք էլ ունենք վիճակագրություն, որ մայիսից մինչև օրս գրանցվել է 1500-1700 մահ, որոնք բոլորը կարելի էր կանխել, եթե մարդիկ ապրիլից սկսած գնային պատվաստվելու: 

– Հիմա պատվաստումների դեմ հակաքարոզ է իրականացվում, ասում են՝ այսինչ մարդը պատվաստված էր, բայց մահացավ: Ընդհանրապես, հնարավո՞ր է լինում հետազոտել՝ նա իսկապես պատվաստված եղե՞լ է, թե՞ ինչ-որ ճանապարհով է այդ թուղթը ձեռք բերել:

– Շատ ճիշտ հարց եք բարձրացնում, ես դա կարող եմ միայն հանցագործություն որակել, որովհետև, ցավոք սրտի, նման գործունեությունը մարդկային կյանքեր է խլում: Այո՛, կան այդ կեղծ փաստաթղթերը, ես ինքս էլ եմ դա տեսնում: Ստուգելը շատ դժվար է, որովհետև կարող է օրգանիզմի իմունային պատասխանը լինել շատ թույլ կամ չարտահայտված: Մենք պետք է ստուգենք հակամարմիններով, բայց հակամարմինների բացակայությունը չի խոսում այն մասին, որ նա պատվաստված չի եղել:

Կա մարդկանց որոշակի տոկոս, որոնց մոտ պատվաստումը չի բերում պատշաճ պաշտպանվածության, և շատ դժվար է դրանով որոշել՝ նա իրոք պատվաստված եղե՞լ է, թե՞ ոչ: Մոտավոր կարող ենք պատկերացում կազմել, բայց 100 տոկոսով չենք կարող: 

– Փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ մարդիկ հեշտ են տանում չինական պատվաստանյութերը, քան, ասենք, «Աստրազենեկան» կամ «Մոդեռնան»: Կա՞ որոշակի վիճակագրություն, թե դրանցից ո՞րն է ավելի արդյունավետ: 

– Ցանկացած պատվաստանյութ տարբեր հետազոտությունների արդյունքում արդեն իսկ ունի իր ապացուցված արդյունավետությունը: Ամենաբարձր արդյունավետությունը, այսինքն՝ չհիվանդանալու հավանականությունը գրանցվել է «Մոդեռնա» պատվաստանյութի դեպքում: «Աստրազենեկայի» դեպքում տարբեր տարիքային խմբերում 78-86 տոկոս արդյունավետության մասին է խոսքը:

«Սինոֆարմի» արդյունավետությունը 78 տոկոս է գրանցվում, և «Սպուտնիկը» 91-93 տոկոս արդյունավետություն ունի: Ամենացածր արդյունավետությունը Հայաստանում առկա պատվաստանյութերի դեպքում մենք ունեցել ենք «Կորոնավակից»՝ 54 տոկոս։ Այսինքն՝ «Կորոնավակով» պատվաստվելու դեպքում էլի ծանր ձևերը կանխում ենք, բայց վարակվելու հավանականությունն ավելի մեծ է։

– Դելտա շտամը երիտասարդացրե՞լ է այս վարակը։

Այո՛, դելտա շտամի դեպքում գնում է հավասարեցում տարիքային խմբերի, և երիտասարդների շրջանում նույնպես դեպքեր գրանցվում են, նույնիսկ ծանր դեպքեր են գրանցվում երիտասարդների շրջանում, որոնք չունեն ուղեկցող հիվանդություն։ Բացի այդ, երեխաների շրջանում նույնպես գրանցվում են դեպքեր։

– Ձեռնարկվող միջոցներն արդյոք կնպաստե՞ն պատվաստվողների թվի աճին։ Մարզերում համատարած դեմ են պատվաստումներին։ Ի՞նչ կարող է անել առողջապահական համակարգը։

Իհարկե, մենք այդ խնդիրն ունենք, մենք իրազեկման լուրջ խնդիր ունենք և անընդհատ պետք է իրազեկման ուղղությամբ աշխատենք։ Սա խոսում է մեր բնակչության շրջանում տարրական բժշկական գիտելիքների ցածր մակարդակի մասին, որին առնչվեցինք պատվաստումների այս շրջանում։

Մենք բնակչության հետ պետք է աշխատենք, բացատրենք, համբերատար լինենք, դպրոցից սկսենք այդ բացատրական աշխատանքը։

Մանե Հարությունյան

MediaLab.am