Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռնային հատվածում, Սյունիքի և Տավուշի հովիտներում օգոստոսի 19-24-ը բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակը կպահպանվի։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին, օգոստոսի 21-24-ի կեսօրից հետո, 20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։

Քամին՝ արևմտյան 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 19-ին, 20-ին աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով, 22-24-ն աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում օգոստոսի 19-ի ցերեկը, օգոստոսի 20-22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 23-ին, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 19-24-ի երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։

Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օգոստոսի 20-ին՝ անձրև և ամպրոպ։