Ի ՞նչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ չի արել. Համայնքի գերակշիռ մասի ճակատագիրը` հարցականի տակ

Ի ՞նչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ չի արել. Համայնքի գերակշիռ մասի ճակատագիրը` հարցականի տակ
Ի ՞նչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ չի արել. Համայնքի գերակշիռ մասի ճակատագիրը` հարցականի տակ
Հեղինակ MediaLab

Սիրիահայերի բարդ ու ցավոտ խնդրին է անդրադարձել ԲՀԿ պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, ով նույնպես ծնունդով Սիրիայից է: Իր գրառման մեջ Օսկանյանը ներկայացնում է իրավիճակը` նշելով, որ սիրիահայերի անվտանգությունը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից պետք է լինի:
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
«Այսօր Հայաստանում հինգ հազարից ավելի սիրիահայեր կան, որոնք ապաստան են գտել հայրենիքում՝ հետևում թողնելով իրենց տներն ու գործերը: Նրանց և մեր մտքում հիմնական երկու հարց կա՝ երբ և ինչպես է ավարտվելու սիրիական այս մղձավանջը և ինչ կարող էր անել Հայաստանը սիրիահայերի համար, որ մինչև հիմա չի արել:

Առաջին հարցին ճիշտ պատասխանելու համար պետք է հասկանալ, թե որոնք են այս հակամարտության հիմնական պատճառները: Իմ կարծիքով՝ դրանք երեքն են. ա) Արաբական գարնան ստեղծած մթնոլորտը, բ) Սիրիայում քառասուն տարիների ընթացքում կուտակված լարվածությունն ու դժգոհությունը, գ) Ասադին տապալելու արտաքին ուժերի շահագրգռվածությունը:

Հակամարտության սկզբից երկու տարի անց այս գործոնները էապես փոխվել են. ոչ միայն Արաբական գարնան մթնոլորտը չկա, այլև այն երկրներում, որտեղ իշխանափոխություն է եղել, կա որոշակի հիասթափություն: Սիրիայի ներսում բնակչության մեծամասնությունն արդեն սկսում է զգալ, որ շատ մեծ գին է վճարում իր նախաձեռնած փոփոխությունների համար, որոնք ինչ-որ տեղ չարաշահվում են այլոց կողմից: Իսկ արտաքին ուժերն արդեն կարծես եկել են այն եզրահանգման, որ այս ճանապարհով դժվար է լինելու Ասադի տապալումը:

Ուստի այս իրավիճակը կարող է հույս տալ, թե հարցի հանգուցալուծումը կարող է մոտալուտ լինել: Բայց բարդությունն այն է, որ այս երկու տարվա ընթացքում Սիրիա այնպիսի ուժեր են թափանցել, որոնք անվերահսկելի են, և հարցի հանգուցալուծումն արդեն ինչ-որ տեղ կախված է նրանցից, քան միայն Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունից, իշխանությունների և ընդդիմության հակամարտությունից ու պայմանավորվածություններից: Ուստի այսօր շատ դժվար է կանխատեսել, թե երբ և ինչպիսի ավարտ կունենա այս ամենը:

Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ապա հայերը Սիրիայի փոքրամասնություններից միակն են, որ իրենց հետևում ազգային պետություն ունեն: Սիրիահայերը մասամբ զգացին պետության գոյությունը, երբ Հայաստանը պայմաններ ստեղծեց հայրենիքում հանգրվանել ցանկացող սիրիահայերի համար: Հայաստանում հնարավորության սահմաններում քայլեր են արվում` կրթական, հոգևոր, կեցության, մշակութային և տարբեր արտոնությունների առումներով թեթևացնելու նրանց հոգսերը:

Խնդիրը, սակայն, այն է, որ հայ համայնքի գերակշիռ մասը մնում է Սիրիայում, և օր օրի նրա գոյությունը առավել մեծ հարցականի տակ է: Ահավասիկ այստեղ է, որ Հայաստանը լուրջ անելիք ունի և պետք է արդեն գործի դրած լիներ իր դիվանագիտական լծակները՝ թեթևացնելու մեր հայրենակիցների վիճակը Սիրիայի ներսում: Ես չեմ զգում մեր ակտիվ կոնսուլտացիաները մի կողմից Դամասկոսի, Մոսկվայի և Թեհրանի հետ, մյուս կողմից՝ այս խնդրում ակտիվ ներգրավվածություն ունեցող մյուս կողմի երկրների հետ: Առայսօր չի երևում առնվազն ԱՄՆ-ի, Կատարի, Լիբանանի և Հորդանանի հետ մեր դիվանագիտության աշխատանքը: Լավ կլիներ, իհարկե, որ հարաբերությունները այս աստիճան փչացրած չլինեինք Թուրքիայի հետ, որպեսզի նրա հետ ևս կարողանայինք խոսել: Կարծում եմ՝ արտգործնախարարը պետք է հանդիպում ունենա ՄԱԿ-ի միջնորդական առաքելության ղեկավար Լախդար Իբրահիմիի հետ:

Այլ կերպ ասած՝ այսօր սիրիահայ համայնքի գոյությունն ու անվտանգությունը պետք է լինի մեր արտաքին քաղաքականության առաջնային խնդիրներից մեկը»:

© Medialab.am