Զգույշ քրֆիր Հայաստանում

Վահրամ Թոքմաջյան

Զբանս հանճարոյ և ոմանց հետույքների ինքնապաշտպանական բնազդի մղումներից ելնելով, հաշվի առնելով սահմանային կատաստրոֆիկ իրավիճակը, հետպատերազմյան ճգնաժամը և մսխված հեղափոխությունը՝ 7-րդ գումարման մեծապատիվ ջոջաց բույլը գտավ ելքը՝ ազգին ցնցումներից հանելու։ Պետությունը մատաղի ուլ սարքած այրք ու տիկնայք երկնեցին՝ քֆուր չտալ, քֆուր նիխտ, քֆուր՝ քըխ։

Խուսափելով երկար-բարակ իրավական ձևակերպումներից, ասենք, որ ընդունվեց «Քֆուրի օրենքը»։ Հետայսու, սիրելի՛ ընթերցող, եթե դու խուժան բառեր օգտագործես ազգընտիրների, լրագրողների ու նաև իմ հասցեին, ապա քեզ սպառնում են աստղաբաշխական տուգանքներ, ընդհուպ մինչև կալանք։ Ասեմ ավելին՝ մի հատ մուշտի կամ թաթալոշ տալը քեզ վրա ավելի էժան կնստի, քան դարերով եկած հոգու կռինչը ժողովրդական բանահյուսության միջոցով արտացոլելը։ 

«Սիմոն որդի Սիմոնի» վեպում մի գյուղացու տուգանում են հազար ոսկի Նազարի։ Նա նախարարներից մեկին էշ էր անվանել։ Իսկ Արեգակնափայլ պետության մեջ բոլոր պաշտոններն ունեին արժեք։ Նախարարի պաշտոնն արժեր 1000 ոսկի Նազարի, էշի գինն ընդամենը մեկ ոսկի էր։

Դատարանը չվիճարկեց նախարարի էշ լինելու փաստը, բայց արձանագրեց, որ նախարարի ինքնասիրությանը հասցվել է 1000-ապատիկ վնաս։ Ի դեպ, այդ երևութական պետության մեջ պաշտոնը փողով չէր միայն, եթե քեզ գետն էր բերել, իսկ մեր դեպքում՝ Գյումրի-Երևան ճանապարհը։

Ընդհանրապես, ես համաձայն եմ, որ քֆուրը քըխ բան է։ Այն պետք է կտրել քոքից, արմատախիլ անելու ու կոխել… ներեցե՛ք՝ շեղվեցի։

Օրենքի այս փոփոխությունների հետ կան կապված բազմաթիվ խնդիրներ։ Նախ՝ դեռ պետք է ընդունվեն կառավարության որոշումներ, որոնցում հստակ կնշվի, թե որ քֆուրն ինչ արժի։ Կառավարությունը նախարարներից կձևավորի փորձագիտական խումբ և կսահմանի հայհոյանք եզրը։

Լեզվի պետական կոմիտեին կհանձնարարվի դասակարգել քֆուրները և ներկայացնել ցանկը, որը, հաշվի առնելով մեր ազգի ստեղծագործ ջիղը, պարբերաբար կլրացվի։ Սակայն դրանով բարդությունները չեն ավարտվի։ Շատ դժվար է լինելու ապացուցողական բազան ապահովելը։

Պատկերացրեք՝ պատգամավորներից մեկին, ասենք՝ հայտնի մեկին անվանել եք «բոզի տռուսիկ»։ Դատաքննության ընթացքում նախ պետք է ճարել մարդ, որն իրեն կնույնականացնի այդ հնագույն և ազնիվ մասնագիտության կրողը լինելու հետ։

Այստեղ ևս առաջանում է իրավական կոլիզիա, քանի որ Հայաստանում այդ մասնագիտությունն օրենքով արգելված է։ Եթե անգամ ճարենք մարդ, որն իրեն համարում է այդ մասնագիտության կրող, ապա դատարանում որպես իրեղեն ապացույցներ պետք է ներառենք նրա ներքնազգեստները։

Դատաքննության կարևորագույն փուլում էսթետներից, նկարիչներից, մոդելավորողներից և քանդակագործներից կազմված փորձագիտական խումբը պետք է տա եզրակացություն, թե արդյոք տուժողը նմա՞ն է ազնիվ մասնագիտության տեր մարդու ներքնազգեստներից որևէ մեկին, իսկ եթե նման է, ապա քանի՞ տոկոս է այդ համընկնումը։

Սա էլ դեռ վերջը չէ։ Իսկ եթե գործով անցնող վկա իքս Բոզը ժամանակին շատ է սիրել այդ պաշտոնյային ու նրա նկարը տպել է ներքնազգեստներից մեկի վրա՞։ Բարդ է, շատ բարդ է լինելու դատարանի համար վճիռ կայացնելը։

Հատկապես խուսափեք խոր սեռական բնույթի հայհոյանքներից։ Երբ ցանկանում եք որևէ պաշտոնյայի հորը կամ մորը, մանրամասն մի՛ նկարագրեք գործողությունը և մարմնի այն մասերը, որոնց հետ կիրագործեիք ձեր ցանկությունները։ Դա կարող է դիտարկվել ծանրացուցիչ հանգամանք։

Իհարկե դատաքննության փուլում կարող է մեղմացուցիչ հանգամանք դիտվել, եթե դուք իմպոտենտ եք և ձեր կամքից անկախ չէիք կարողանա ավարտին հասցնել նախապես ծրագրված հանցագործությունը, բայց դա տուգանքից չի փրկի։

Ու կսկսեն հորդել ոստիկանության հաղորդագրությունները․ «Բացահայտվել է Ա․ Մ․ պաշտոնյայի մորը ցանկանալու 6 դեպք», «Խլեշ-սուչիտ» կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ բերման է ենթարկվել չորս բեսեդկա ժողովուրդ», «Գյումրու մատույցներում հարբած մեկը տևական ժամանակ հիշատակում է կառավարության չոչ անողներից մինչև կոպալ բռնողներին։ Ոստիկանությունը ներառել է հատուկ ստորաբաժանումներ»։

Իսկ ամեն ինչ այսքան զավեշտալի չէր լինի, եթե մենք այսչափ դժբախտ չլինեինք։ Հանրային խոսույթում հայհոյանքի, բռնության կոչերի լեգիտիմացման, քֆուրը սովորական երևույթ դառնալու արմատները բոլորովին այլ տեղ են։ Երբ չես կարողանում լուծել այդ խնդիրները, սկսում ես կատարել անկարողունակ օրենսդրական փոփոխություններ, որը պարզապես դագանակ է դառնում քո ձեռքին՝ ըստ ճաշակի թելադրելու։

Երբ չես կարողանում մշակույթ ստեղծել, հանրային վարքագծում փոփոխություններ կատարել, կրթությունը դարձնել իրական ու գրավիչ, հայտնվելու ես այս օրին։ Ընդունեք հազար օրենք, սահմանափակեք խոսքի ազատությունը, մեկին տուգանեք «բութ» բառն օգտագործելու համար, ըստ ճաշակի, իսկ մյուսին թույլ տվեք, որ բերանը շաղ տա ինչքան ուզի, դա իրավիճակ չի փոխելու։ Անգամ իրական կիրառելիության դեպքում սահուն անցում ենք կատարելու դեպի տոտալիտարիզմ։

Օրենքի այս փոփոխությունը հղացողները և դրան կողմ քվեարկողները չեն հասկացել խորքային խնդիրները, չեն հասկացել մշակութային վարքագիծը, չեն հասկացել կրթության արժեքը, չեն հասկացել իրենց մեղքերի խորությունը և բազմաթիվ այլ բաներ չեն հասկացել։ Ու չեն հասկանա, քանի որ միտք չունեն գլուխ ծանրաբեռնելու համար, քանի որ լուծում չունեն խնդրի պատճառից գալու։

Վահրամ Թոքմաջյան

MediaLab.am