«Քաղաքականությունը կնոջ տեղը չի». ըստ մասնագետների` կարծրատիպերը ձևավորվում են մանկուց

«Քաղաքականությունը կնոջ տեղը չի». ըստ մասնագետների` կարծրատիպերը ձևավորվում են մանկուց
«Քաղաքականությունը կնոջ տեղը չի». ըստ մասնագետների` կարծրատիպերը ձևավորվում են մանկուց

«Տղեն կարա խելոք լինի, կարա` չար, բայց աղջիկը պիտի մենակ խելոք լինի, չի կարա չար լինի,- ասում է Սոսե Մելիքջանյանը ու միանգամից փորձում բացատրել իր կարծիքը: – Երևի նրա համար, որ աղջիկը պիտի ամեն ինչում բոլորին լսի»:
5-ամյա Սոսեն նման եզրահանգման է եկել իր դիտած ֆիլմերի ու մուլտերի, մանկապարտեզում ու բակում իր լսածի ու տեսածի հիման վրա: Տղա-աղջիկ, կին-տղամարդ տարբերությունների մասին Սոսեի կարծիքից շատ չեն տարբերվում նաև 3-րդ դասարանցի Աստղիկ Սահակյանի պատկերացումները.

«Աղջիկը պետք է ամաչկոտ լինի, մաքրասեր, խելացի, էփող-թափող: Տղաները ուժեղ են, իսկ աղջիկները` ոչ, որովհետև տղաները կարող են վտանգի մեջ իրենց պաշտպանել, իսկ աղջիկները չեն կարող, տղաները պետք է նրանց պաշտպանեն»,- ասում է Աստղիկը:

Նա երազում է կառավարիչ դառնալու մասին, բայց նաև երկմտում է. «Չէ՞ որ աղջիկները չեն կարող տղաներին կառավարել, ես ո՞նց կարող եմ»:

«Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («ՓԻՆՔ Արմենիա») ՀԿ ծրագրերի համակարգող Մարինե Մարգարյանն ասում է, որ ընդհանուր առմամբ ընտանիքն ու կրթական հաստատությունը, ինչպիսիք են դպրոցը կամ մանկապարտեզը, սոցիալականացման առաջնային գործակալներն են.

«Այն ինֆորմացիան և դաստիարակությունը, որ երեխաները ստանում են այս ինստիտուտներում, շատ մեծ ազդեցություն են թողնում երեխայի զարգացման, ինչպես նաև այն դերային պատկերացումների վրա, որը երեխան սկսում է կիրառել իր կյանքի հետագա փուլերում»:

«Այսինքն` եթե ընտանիքում կամ դպրոցում աղջիկներին վերագրում են ավելի պասիվ դեր` որպես իգական սեռի ներկայացուցչի, մի շարք հարցերի վերաբերյալ ստեղծվում են կարծրատիպեր»,- հավելում է Մարգարյանը` ընդգծելով, որ հենց այդ կարծրատիպերն ու դրանց վրա հիմնված նախապաշարմունքներն են խոչընդոտում գենդերային հավասարությանը:

Չնայած կարծրատիպերի դեմ տարվող որոշակի պայքարին այնուամենայնիվ այս ոլորտում տեղաշարժերն այնքան էլ էական չեն: Թեեւ անցած 10 տարիներին Հայաստանում կանայք ավելի շատ են սկսել քաղաքականությամբ զբաղվել, սակայն թվերի լեզվով խոսելիս զգալի արդյունքներ դեռ չեն գրանցվում:

Կանայք Հայաստանի բնակչության կեսից ավելի են` մոտ 52 տոկոս, ավելին` նրանց մեծ մասը` 75 տոկոսը, բարձրագույն կրթություն ունի, սակայն, քաղաքականության մեջ, առավել ևս` տեսանելի հարթակներում նրանց թիվը փոքր է:

Հայաստանի անկախության 20 տարիները ընդամենը 4 կին նախարար են տեսել, իսկ այսօր նրանք ընդամենը երկուսն են: Այս ամբողջ ընթացքում ընդամենը մեկ անգամ է երկրում կին մարզպետ եղել, որն այլևս չի պաշտոնավարում, իսկ կին քաղաքապետ ընդհանրապես Հայաստանի անկախ երրորդ հանրապետությունը չի ունեցել:

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի նախագահ Ջեմմա Հասրաթյանն ասում է` Հայաստանի օրենսդրությամբ կանայք ու տղամարդիկ հավասար իրավունքներ և հնարավորություններ ունեն. «Սակայն այդ իրավունքների իրացման հնարավորությունների մեջ տարբերությունները հսկայական են»:

Հայաստանը միացել է նաև մի շարք միջազգային կոնվենցիաների և համաձայնագրերի, սակայն սովորույթի ուժն ու հասարակության վերաբերմունքը միջազգային փաստաթղթերի վավերացումից չեն փոխվել:

«Կինը պետք է զբաղվի տնային տնտեսությամբ, երեխաների կրթությամբ, եթե աշխատի էլ, այնպիսի գործ պիտի անի, որ ժամանակի մեծ մասը կարողանա ընտանիքին նվիրել,- համոզված է Երևանի բնակիչ 53-ամյա Լևոն Մանվելյանը:- Իսկ քաղաքականությունը, մանավանդ Հայաստանում, կնոջ տեղը չի»:

Տղամարդիկ հաճախ իրերի այս դասավարությունը պայմանավորում են Հայաստանում ավանդական սովորույթներին հետևելով, ինչն օգնում է պաշտպանված լինել եվրոպական այն արժեքներից, որոնք «հարիր» չեն հայ հասարակությանը:

Ըստ «Հասարակություն առանց բռնության» ՀԿ 2011-ի ուսումնասիրության` Հայաստանում մարդկանց գործելու ազատությունը սահմանափակում է հասարակական կարծիքը: Այդ տեսակետին է եղել հարցվածների 74 տոկոսը:

Այսինքն` կանայք էլ, երբ որոշում են զբաղվել քաղաքականությամբ կամ առաջին քայլերն անել այդ ուղղությամբ, մեծ մասամբ հաշվի են առնում հասարակական կարծիքը, որն իրական մակարդակում դեռևս պատրաստ չէ ընդունելու կին քաղաքական գործչին:

Հոգեբան Կարինե Նալչաջյանը նշում է, որ Հայստանում դեռևս ամուր են ավանդաբար կնոջն ու տղամարդուն բաժին հասնող կարծրատիպերը.

«Տղամարդը մի տեսակ հենարանի, պաշտպանի ու ապահովության, ամրության զգացման սիմվոլիկայի կրող է, իսկ կինն ավելի քնքուշ, նեղ ու ծանր պահերին հասնող, հոգատար ու լսող էակ է: Եվ քանի որ մեր երկրում այժմ բավականին բարդ է իրավիճակը, ապա այս պահին մեզ ավելի անհրաժեշտ է ունենալ ապահովության ու ամրության այդ զգացումը»:

Ու թեպետ վերջին տարիներին հասարակությունն ավելի հանդուրժող է և տեսականորեն ընդունում է, թե կինը կարող է քաղաքականությամբ զբաղվել (սոցիոլոգիական հետազոտության համաձայն` հայ տղամարդկանց 60 և կանանց 83 տոկոսը կողմ է դրան), պատկերը փոխվում է, երբ գործը հասնում է իրական ընտրությանը:

Ներկա գումարման Ազգային ժողովում 131 պատգամավորներից միայն 12-ն են կին, ինչը կազմում է ընդհանուր թվի ընդամենը 9,2 տոկոսը (9/91), մինչդեռ զարգացած երկրներում այդ հարաբերակցությունը վաղուց արդեն 40/60 է:

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը ընթերցում է ընտրական օրենսգրքի փոփոխությունները, որոնց համար ինքը երկար պայքարում էր: Այդ փոփոխություններն այլևս երաշխավորելու են կանանց ավելի մեծ ներկայություն Ազգային ժողովում ընտրացուցակներում կանանց քվոտավորման շնորհիվ:

Գալստյանը համոզված է` այս քայլը ևս մեկ առաջընթաց է կանանց տեղը Հայաստանի քաղաքականության մեջ հաստատուն ու ավելի ծանրակշիռ դարձնելու ճանապարհին, սակայն միաժամանակ շեշտում է, որ քանի երկիրը զարգացած չէ, հնարավոր չի մեզանում գենդերային հավասարակշռություն ունենալ. «Ընտրական այս մշակույթի պայմաններում շատ դժվար է, որ տղամարդուց հազար անգամ խելացի ու կրթված կինը քաղաքականություն մտնի»:

Հասրաթյանը մեր քաղաքական համակարգը տղամարդկանց փակ ակումբ է անվանում.

«Ցավոք, մերօրյա Հայաստանում տղամարդիկ գերակշռում են քաղաքական բոլոր մակարդակներում: Ներկա քաղաքական համակարգն ավելի շատ տղամարդկանց փակ ակումբի է նման, որտեղ կնոջ մուտքը խստիվ արգելվում է»,- ասում է Հասրաթյանը:

Քաղաքականության մեջ ներգրավվածության վիճակագրությունը դրական առաջընթաց է գրանցել տեղական ինքնակառավարման մարմիններում, որտեղ համայնքի ղեկավարի պաշտոնը ընտրովի է: Այսպես, եթե 2005-ին 866 գյուղական համայնքներից միայն 16-ում էին գյուղացիները կանանց ընտրել որպես իրենց ղեկավարի, ապա այս տարի արդեն 22 կին գյուղապետ կա Հայաստանում:

Այդուհանդերձ, գյուղական համայնքների կառավարումը Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական պայմաններում ամենաբարդ գործերից մեկն է, ու միաժամանակ, համայնքապետները երկրի զարգացման համար ուղղակի որոշումներ կայացնելու տեսանկյունից փոքր դերակատարում ունեն:

Հայաստանի հարավում գտնվող Բազում ու հյուսիսում գտնվող Շրվենանց համայնքների ղեկավարները ընտրվել են տղամարդկանց հետ մրցապայքարում հաղթելով: Նրանք երկուսն էլ ասում են, որ ընտրության առաջին իսկ օրվանից զգացել են իրենց համագյուղացիների աջակցությունը և որևէ խտրականության չեն հանդիպել:

Կանանց բնորոշ ճարպկությամբ գյուղի խնդիրների մասին խոսելու հնարավորությունը բաց չի թողնում նաև Լոռու մարզի Բազումի համայնքապետ Սրբուհի Հարությունյանը:

«Քանի գյուղի բյուջեն փոքր է, ու շատ բան չենք կարողանում արագ փոխել, դա անդրադառնում է իմ աշխատելու որակի ընկալման վրա: Այսինքն` մարդիկ մտածում են, թե ես եմ վատ աշխատում: Բայց պիտի նաև ասեմ, որ որպես կին` ես լավ տրամադրվածությամբ, համերաշխ աշխատում եմ իմ աշխատակազմի հետ»,- նշում է Հարությունյանը:

Խոսելով քաղաքականության մեջ կանանց տեղն ու դերը մեծացնելու ապագա անելիքների մասին` Հասրաթյանն ընդգծում է քաղաքական կամքի առկայության կարևորությունը.

«Խոսքն այստեղ բացարձակապես կանանց ունակությունների մասին չէ. տղամարդիկ ավանդույթի ուժով այդ պաշտոններին տիրացել են և չեն ցանկանում բաց թողնել: ԱԺ տղամարդ պատգամավորներից ոչ մեկը, որը քիչ թե շատ խոշոր բիզնես ունի, իր տեղը չի ցանկանում զիջել կնոջը: Այստեղ քաղաքական կամքի խնդիր կա»,- նշում է նա:

Խնդրի լուծման իր բանաձևն ունի նաև Լիլիթ Գալստյանը. «Մենք պետք է երկրում հավասար հնարավորությունների ու սոցիալական արդարության այնպիսի միջավայր ստեղծենք, որտեղ կինը կունենա իսկապես ընտրության ազատություն, և որտեղ նրա ընտրությունն իսկապես հարգված կլինի: Այս դեպքում արդեն էլ հարցեր չեն ծագի` ինչո՞ւ են կանայք քաղաքականության մեջ քիչ կամ շատ»:

Սառա Խոջոյան

Ծաղրանկարը`Վահե Ներսեսյանի

© Medialab.am