Իրանը բացահայտ ցույց է տալիս, որ դեմ է հատկապես հավաքական Արևմուտքի ներկայությանը Հայաստանում. Դավիթ Կարապետյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը

– Պարո՛ն Կարապետյան, ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով Իրանում է, նախօրեին էլ Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումն էր տեղի ունեցել։ Տարածաշրջանում ինչ-որ նոր զարգացումնե՞ր են սպասվում, թե սրանք հերթական հանդիպումներ են։

– Այն խոսույթը, ինչը պտտվում է այսօր՝ վեկտոր փոխել, արտաքին քաղաքականությունը դիվերսիֆիկացնել և այլն, համենայնդեպս ամեն մեկը յուրովի կարող է մեկնաբանել այս վերջին իրադարձությունների համատեքստում: Խոսքը Կիպրոսի արտգործնախարարի, Հունաստանի պաշտպանության նախարարի Հայաստան կատարած այցերի, մինչ այդ էլ՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցի  մասին է, ու ի հավելումն այդ ամենի՝ վերջին իրադարձությունը Իրան կատարած պաշտոնական այցի շրջանակներում մեր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հանդիպումը Իրանի զինված ուժերի շտաբի պետի հետ և այլն։ 

Այս համատեքստում տպավորություն է, որ մենք փորձում ենք ռազմաքաղաքական հարաբերությունների նոր որակ հաղորդել, փորձում ենք ինչ-որ այլընտրանքային եզրեր գտնել մեր ճամբարին մոտ երկրների միջև ու այս ամենը փորձում ենք իրագործել քայլ առ քայլ։ Իմ որակումն այն է, որ սրանք շարքային հանդիպումներ են, ու լավագույն դեպքում խոսք կարող է լինել որոշակի ռազմաքաղաքական հարաբերությունների մասին, ավելին ես չեմ տեսնում։ 

Դեռևս չկան նախադրյալներ, որ, օրինակ՝ նույն Ֆրանսիայի հետ մենք գնում ենք ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու ճանապարհով, ինչքան էլ նման ակնարկներ եղել են։ Ես բազմիցս նաև ասել եմ, որ կոնկրետ Իրանի Իսլամական Հանրապետության հետ ռազմաքաղաքական դաշնակցային հարաբերություններին մեկնարկ տալն անհրաժեշտություն է ու նաև ուշացած։ 

Կարելի է ենթադրել, որ քայլեր են ձեռնարկվում ազգային անվտանգության տեսանկյունից կա՛մ որոշակի երաշխիքների ձեռքբերման, կա՛մ որոշակի ռազմաքաղաքական համագործակցության շրջանակներում, գուցե ռազմական տեխնիկայի կամ սպառազինության ներմուծման առուվաճառքի պայմանագրեր հաստատելու համատեքստում։ Ուղղակի համընկնում է տեղի ունենում, որ այս վերջին իրադարձությունների ֆոնին մեկ շաբաթվա կտրվածքում տեղի ունեցան վերը նշված հանդիպումները։ 

 – «Տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը հակառակ արդյունքն է տալու։ Տարածաշրջանը վերածվելու է ուժային հակամարտության վայրի և ավելի շատ մարտահրավերներ է առաջացնելու տարածաշրջանային խաղաղության և կայունության համար»,- սա ասել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշթիանին Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ: Այս խոսքերով ի՞նչ մեսիջ է փոխանցում իրանական կողմը։

– Իրանի ղեկավար կազմն ուղիղ ասել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ուղիղ բանակցությունները խաղաղության ու առաջընթացի զարգացման հիմքն են լինելու, ու երկրորդը՝ նրանք ասել են, որ տարածաշրջանից դուրս անվտանգության փնտրտուքը կարող է հակառակ արդյունք տալ, այսինքն՝ սրանով իրենք բացահայտ ցույց են տալիս, որ դեմ են հատկապես հավաքական Արևմուտքի ներկայությանը Հայաստանում, դուք լավ գիտեք, որ նրանք սրերով են ընդունում նույնիսկ ԵՄ դիտորդական առաքելությանը։ 

Հետևաբար նրանք հստակ ասում են, որ տարածաշրջանն այդ համատեքստում կարող է վերածվել ուժային հակամարտության վայրի ու անգամ ավելի շատ մարտահրավերներ առաջացնել տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, ինչն ասում է Իրանի պաշտպանության նախարարը, որը բավականին լուրջ, հեղինակավոր անձնավորություն է: Եթե այդ մասին խոսում է պաշտպանության նախարարը, դա պետք է որպես ազդանշան դիտարկել, որովհետև այսօր մենք ինքներս ԻԻՀ-ին տվել ենք դիտորդի կարգավիճակ ու մեր միակ հույսը դրել ենք նրա կարմիր գծերի վրա։ 

– Ո՞րն է այդ ազդանշանը, պարո՛ն Կարապետյան։

– Որ տարածաշրջանային բոլոր կոնֆլիկտների, հակամարտությունների լուծման բանալին փորձեք գտնել անմիջապես ձեր հարևանների հետ՝ կա՛մ երկկողմանի բանակցություններով, կա՛մ այն ձևաչափով, որ հարևան երկրները միջամտեն, բայց ոչ հավաքական Արևմուտքը: Նրանք ոչ մի կերպ չեն ընդունում հավաքական Արևմուտքի ներկայությունը տարածաշրջանում ու այդ ամենի հետևում ԱՄՆ-ին են տեսնում։ 

– Ստացվում է, որ Իրանը շարունակում է պաշտպանել «3+3» ձևաչափի գաղափարը…

– Այո՛, Իրանն այդ ձևաչափի ջատագովներից մեկն է, որովհետև դա ըստ իրենց ներկայացվում է որպես տնտեսական ձևաչափ, առանց որևէ քաղաքական ենթատեքստի, որին ես, իհարկե, այնքան էլ համակարծիք չեմ։ 

Նույնիսկ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը փորձեց հստակություն մտցնել, ասելով, որ գուցե իրենք շատ հարցերում համակարծիք չեն Իրանի հետ, բայց Հայաստանի անվտանգային հարցերում նույն կերպ են մտածում։ Սրանով նա փորձեց թեթևացնել հավաքական Արևմուտքի ակտիվ ներգրավվածության փորձերը Հայաստանում, որ փորձում են ապահովել՝ ի դեմս Ֆրանսիայի։ 

– Հարցս հետևյալն էր, եթե այդ ձևաչափը կենսունակ դառնա, Հայաստանի համար շահավետ լինելո՞ւ է այդ ֆորմատում անցկացվելիք բանակցությունների արդյունքը։

– Նախ, կարծում եմ, որ «3+3»-ը, որն իրականում «3+2» է, որովհետև Վրաստանն ասել է, որ չի մասնակցելու դրան, ու այստեղ այնքան խնդիրներ կան, որ առաջիկա եթե ոչ մեկ, ապա երկու տարվա ընթացքում նույնիսկ մենք չենք տեսնելու գործնականում այդ ձևաչափի կենսագործունեությունը։ 

– Պարո՛ն Կարապետյան, հիմա Հայաստանն ի՞նչ քաղաքականություն է շարունակելու վարել Արևմուտքի մասով, երբ ասում եք, որ Իրանի ՊՆ-ի հայտարարությունը պետք է դիտել որպես ազդանշան։

– Վերջին երկու-երեք պաշտոնական հանդիպումները երբ դիտարկում եմ փորձագիտական մակարդակում, կարող եմ ասել, որ Իրանն առաջվա պես ոգևորված չի ներկայանում որպես հայ-իրանական դաշնակցային կամ ռազմաքաղաքական հարաբերությունների ջատագով: Նրանց խոսքի մեջ ուրիշ երանգ կար, հիմա նկատելի է, որ նրանք բացահայտ ու ուղիղ, եթե ոչ կոպիտ ձևով, համենայնդեպս հստակ ասում են, որ խնդիրները փորձեք լուծել կա՛մ տարածաշրջանի երկրների միջամտությամբ, կա՛մ երկկողմ տարբերակով: Ամեն դեպքում նրանք չեն հանդուրժում Արևմուտքի ցանկացած միջամտություն՝ նույնիսկ մեզ հետ անմիջական առնչություն չունեցող կոնֆլիկտներին։ 

Հայաստանը ձգտում է ինտեգրվել Եվրոպային, մաքսիմալ փորձում են մոտ լինել Եվրոպային, սա մեր արտաքին քաղաքականության կուրսն է: Ինչպես Վրաստանը, այնպես էլ Հայաստանը ձգտում է վիզաների ազատականացման, այսինքն՝ Հայաստանը բացեիբաց ասել է, որ մեր գերխնդիրը Եվրոպային մոտ լինելն է, ու այդ համատեքստում Եվրոպան հիմա տալիս է ազդանշաններ, որ Հայաստանը հավատարիմ երկիր է ու նաև կարող է դիտարկվել որպես Եվրոպայի արևելյան սահմանային պետություն։ 

Իհարկե, ես կարծում եմ, որ Եվրոպան հատկապես անվտանգային տեսանկյունից մեզ չի կարող երաշխիքներ տրամադրել։ Աչքի առաջ ունենք Ուկրաինայի դառը փորձն ու տեսել ենք նաև Վրաստանի փորձը, այս համատեքստում ես ունեմ խիստ հիմնավոր պատճառ կասկածելու, որ հավաքական Արևմուտքը, նույնիսկ եթե Հայաստանը հստակ ձևակերպումով դուրս գա ՀԱՊԿ-ից ու վեկտորը փոխի դեպի Արևմուտք, ապա ցանկացած ագրեսիայի ժամանակ կարողանալու է ֆիզիկապես զսպել Ադրբեջանին։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am