Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի անդամը Թուրքիայում ներդրումները դադարեցնելու նախագիծ է ներկայացրել

 Կալիֆորնիա նահանգի օրենսդիր մարմնի ստորին պալատի ներկայացուցիչ Քրիս Հոլդենը ներկայացրել է օրենքի մի նախագիծ, որով նահանգը պարտավորվելու է դադարեցնել ներդրումները Թուրքիայում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Asbarez-ը:

«Թուրքիան, որը դեռևս չի զղջացել, թույլ չի տալիս, որ արդարություն հաստատվի Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքների համար: Այս ամենը Թուրքիան ավելի վտանգավոր է դարձնում երկրում բնակվող ազգային փոքրամասնությունների և հարևան Հայաստանի համար: Թուրքիայի կառավարության մեջ արվող շարունակական ներդրումներն ազդարարում են այն մասին, որ նրանց գործողություններն աջակցություն են ստանում, իսկ դա պետք է դադարեցվի»,- նշել է Քրիս Հոլդենը: «Ժամանակն է, որ Կալիֆորնիան իմաստալից քայլով Հայոց ցեղասպանության հարցում կանգնի ճշմարտության և արդարության կողքին»,- ասել է նա:

Հայ դատի ԱՄՆ Արևմտյան ափի հանձնախումբն իր երախտագիտությունն է հայտնել Քրիս Հոլդենին «Դադարեցրեք ներդրումները Թուրքիայում» անվանմամբ նախագծի համար՝ նշելով, որ դա կարևոր քայլ է Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիային պատասխանատվության ենթարկելու ճանապարհին: