Քոչարի, հյուրասիրության սեղաններ, ծիրանի «փառատոն»՝ Մոսկվայում. Լուծումներ գտնելու ճանապարհին՝ ՀՀ ԱԳՆ-ն բողոքի նոտա չի հղել Ռուսաստանին

Լուսանկարը՝ armeniasputnik.am

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը նոտա չի հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին՝ Մոսկվայի «Ֆուդ սիթի» շուկայի տարածքում հայկական գյուղմթերքի վաճառքի արգելքի հարցով։ 

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը «Մեդիալաբին» ասաց.  «Այս պահին ես նոտա հղելու վերաբերյալ տեղեկություն չունեմ»։

Հայաստանի պետական կառույցները Ռուսաստանում Հայաստանի դեսպանության հետ համատեղ աշխատանք են տանում՝ հայ արտահանողների խնդիրները լուծելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ գիշեր «Ֆուդ սիթի» շուկայի ղեկավարությունը պարտադրել էր, որ հայկական բեռնատարները հանեն շուկայի տարածքից։ Ղեկավարությունն այդ քայլը պատճառաբանել էր անվտանգության նկատառումներով, որպեսզի բախումներ չլինեն հայերի ու ադրբեջանցիների միջև։ Տեղում իրավիճակը խիստ հսկել են ոստիկանները՝ բախումներից խուսափելու համար։

Խնդիրը սրվել է հատկապես Մոսկվայի հայտնի «Ֆուդ սիթի» շուկայում, որի սեփականատերը հրեա գործարար Գոդ Նիսանովն է, որն արմատներով Ադրբեջանից է։ Սակայն, ինչպես հայ արտահանողներն են պնդում, խնդիրն առկա է Ռուսաստանի տարբեր քաղաքների տարբեր շուկաներում, որտեղ կան ադրբեջանցի առևտրականներ։

Նախորդ գիշերվանից հայերի մեծ հոսք է եղել այն տարածք, որտեղ կայանած են եղել հայկական բեռնատարները։ Եվ ռուսաստանաբնակ հայերը մեծ քանակությամբ գնել են հայկական գյուղմթերքը, որի գերակշիռ մասն այս սեզոնին ծիրանն է։

Այսօրվա դրությամբ այս տարի Հայաստանից Ռուսաստան է արտահանվել արդեն 16 հազար տոննա ծիրան։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն ասում է,  որ իրենց տեղեկություններով՝ «Ֆուդ սիթիում» միջոցներ են ձեռնարկվել կանխարգելիչ նպատակներով, որպեսզի միջանձնային բախումներ չլինեն։

«Հետագա բանակցությունները տարվել են գործընթացին ներգրավված տարբեր անձանց կողմից, բայց վերջին տեղեկություններով՝ դեռ չի կարգավորվել շուկայահանման հարցը։ 

Այդ պատճառով երեկվանից մենք աշխատում էինք թե արտահանողների, թե Ռուսաստանի խոշոր տնտեսավարողների հետ, որպեսզի կարողանայինք պայմանավորվածություններ ձեռք բերել, թե ուր գնային մեր բեռնատարները, որոնք չեն կարողանում մուտք գործել շուկա։ 

Եվ մինչ մենք փորձում էինք նրանց լոգիստիկ խնդիրները լուծել, սոցիալական ցանցերում հայտնվեցին տեսանյութեր ու լուսանկարներ, որ Ռուսաստանի մեր հայրենակիցները սպառում են  այն ապրանքը, որը կարող էր փչանալ»,- «Մեդիալաբին» ասում է Աննա Օհանյանը։ 

Հայկական բեռնատարներն արդեն Մոսկվայի հայտնի Бухта առևտրի կենտրոնի տարածքում են, այստեղ մեծ հերթեր են գոյացել հայկական միրգ գնելու համար։ 

Մոսկվայում հայկական ծիրանի անվերջ հերթերը՝ Ֆեյսբուքի օգտատեր Էդգար Համբուրձումյանի ուղիղ եթերը Մոսկվայից

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Saturday, July 18, 2020

Հսկայական հերթերին զուգահեռ, տարբեր անհատներ հյուրասիրության սեղաններ են պատրաստել, հնչում է երաժշտություն, մարդիկ քոչարի են պարում։

https://www.facebook.com/roobstyle/videos/3464981340201290/

Ավելի վաղ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացրել էր, որ Մոսկվայում հայկական ծիրանի վաճառքի խնդիրների հետ կապված տրվել է երկու այլընտրանքային լուծում. հայկական գյուղմթերքով բեռնված բեռնատարներին առաջարկվում է իրենց ապրանքը տեղափոխել հետևյալ երկու իրացման կետեր.

Шёлковый путь առևտրի կենտրոն, МКАД, 32-й километр: Սույն կետը գտնվում է «Ֆուդ սիթի» կենտրոնից մոտ 10 կմ հեռավորության վրա:

Бухта մեծածախ առևտրի կենտրոն, Дмитровское ш., 165 корпус 1, +79266660099, Յուրի, տնօրեն: Այս կետն առաջարկվում է «Տաշիր» ԸԽ-ի կողմից, որտեղ մոսկվայաբնակ գործարար Սամվել Կարապետյանի որոշմամբ անվճար կարող են կայանել հայ արտահանողները:

«Այս պահի դրությամբ «Ֆուդ սիթի» կենտրոնը չի կարողանում չեզոքացնել հայ արտահանողների շուկայահանման խնդիրները, ուստի մեր հայրենակիցներին առաջարկում ենք օգտվել վերոնշյալ տարբերակներից»,- հայտարարել էր նախարարությունը:

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am