«Ադրբեջանցիներն տեսան, որ ծիրանը ծախվում է, որոշեցին մեզ վատություն անել». Մոսկվայի Food City-ի ղեկավարությունը հայերին շուկայից դուրս է հանել

Հայկական գյուղմթերք, մասնավորապես, ծիրան արտահանողներն այս օրերին լուրջ խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանի շուկաներում, որտեղ հիմնական առևտրականները ադրբեջանցիներն են, նրանք չեն կարողանում իրացնել ապրանքը։

Խնդիրը սրվել է հատկապես Մոսկվայի հայտնի Food City-ի շուկայում, որի սեփականատերը հրեա գործարար Գոդ Նիսանովն է, որն արմատներով Ադրբեջանից է։

Շուկայի այն հատվածը, որտեղ հայկական բեռնատարներն էին կանգնում, այժմ դատարկ է։

‼️Շտապ տարածեքՄոսկվայի «Фуд Сити» շուկայի դատարկ այս հատվածում մինչեւ երեկ հայկական ծիրանով բեռնված բեռնատարներն էին կանգնած։Գիշերը շուկայի ղեկավարությունը հայկական բեռնատարները հանեցին շուկայից,փաստացի չթողնելով վաճառել ծիրանը։Իրենց պատճառաբանմամբ անվտանգության նկատառումներից ելնելով։Երկու օր էր ադրբեջանցիները չէին գնում հայկական ծիրանը,բայց իրացման խնդիր չկար,ուրիշ գնորդներ կային։Հիմա լուրջ խնդրի առաջ ենք կանգնած բոլոր արտահանողներս՝իրացման խնդիր ունենք։Աջակցության ենք սպասում,խոսեք շուկայի ղեկավարության հետ,գոնե թողնեն իրացնենք ապրանքները։Խնդրում եմ տարածեք,պետական մակարդակով լուծում պահանջող խնդիր է

Posted by Aro Barseghyan on Friday, July 17, 2020

Նախորդ գիշեր Food City շուկայի ղեկավարությունը պարտադրել է, որ հայկական բեռնատարները հանեն շուկայի տարածքից։

Ղեկավարությունն այդ քայլը պատճառաբանել է անվտանգության նկատառումներով, որպեսզի բախումներ չլինեն հայերի ու ադրբեջանցիների միջև։ Տեղում իրավիճակը խիստ հսկել են ոստիկանները՝ բախումներից խուսափելու համար։

Տեղեկացնենո, որ իրավիճակը սրվել է վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ծավալված ռազմական գործողությունների ֆոնին։

Ադրբեջանցի օգտատերերը սոցիալական ցանցերում արդեն տարածում են այս տեղեկությունը՝ շուկայի սեփականատիրոջը «ազգի հերոս» անվանելով։

Այս օրերին Հայաստանից հատկապես ծիրան արտահանողներն են կանգնած լուրջ խնդրի առաջ, քանի որ այդ մթերքը շուտ փչացող է։

Առանց այն էլ ծիրանի գինն այս տարի ցածր է, իսկ այս խնդիրը լրացուցիչ վնաս է հասցնում արտահանողներին։ Գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող Արամայիս Բարսեղյանը Food City շուկայից «Մեդիալաբին» մանրամասներ ներկայացրեց։

Նա նախ նշեց, որ ամբողջ Ռուսաստանի տարածքում է խնդիրը։ Իսկ ՌԴ գյուղմթերքի շուկաներում հիմնական առևտրականները ադրբեջանցիներն են, որոնք որոշել են հայկական գյուղմթերքի մեծածախ գնում չիրականացնել։

Ըստ նրա՝ խնդիրը սկիզբ է առել երեք օր առաջ։ Սանկտ Պետերբուրգ քաղաքում բախվելով նույն խնդրին` նրանք որոշել են ապրանքը տեղափոխել Մոսկվա։

«Որոշեցինք ապրանքը բերել Մոսկվա, քանի որ այստեղ բազմազգ է։ Հենց առաջին օրը ադրբեջանցիները չգնեցին ապրանքը, իսկ ուզբեկները, տաջիկներն ու մյուս ազգերը սկսեցին մեծ քանակով գնել մեր ապրանքը։

Ադրբեջանցիներն էլ տեսան, որ ապրանքը ծախվում է, որոշեցին մեզ վատություն անել։ Շուկայի սեփականատերը Ադրբեջանից է, շուկայի ղեկավարությունը գիշերը եկավ, հայկական ավտոները հանեցին, հավաքեցին մի տեղ։

Ասացին՝ սա ձեր անվտանգության համար է արվում, որ հանկարծ կոնֆլիկտ չլինի։ Ոստիկաններն էլ արդեն կանգնած հսկում էին, որ կոնֆլիկտ չլիներ»,- «Մեդիալաբին» պատմեց Արամայիս Բարսեղյանը։

«Ադրբեջանցիներն տեսան, որ ծիրանը ծախվում է, որոշեցին մեզ վատություն անել». Մոսկվայի Food City-ի ղեկավարությունը հայերին շուկայից դուրս է հանել

Հայկական գյուղմթերք, մասնավորապես, ծիրան արտահանողներն այս օրերին լուրջ խնդիրների առաջ են կանգնել Ռուսաստանի շուկաներում, որտեղ հիմնական առևտրականները ադրբեջանցիներն են, նրանք չեն կարողանում իրացնել ապրանքը։ Խնդիրը սրվել է հատկապես Մոսկվայի հայտնի Food City-ի շուկայում, որի սեփականատերը հրեա գործարար Գոդ Նիսանովն է, որն արմատներով Ադրբեջանից է։ Շուկայի այն հատվածը, որտեղ հայկական բեռնատարներն էին կանգնում, այժմ դատարկ է։

Posted by MediaLab- Newsroom Laboratory on Friday, July 17, 2020

Նրա խոսքով՝ Ռուսաստանում Հայաստանի դեսպանատնից գնացել են շուկա, ծանոթացել իրավիճակին։

«Հիմա թողել են երեք մեքենա կանգնեցնենք շուկայում, եթե այսօր իրավիճակը հանգիստ եղավ, արդեն կթողնեն, որ հաջորդ օրը կանգնենք։ Եթե շուկայի ղեկավարությունը թողնի հենց հիմա մտնենք շուկա, մենք բերքը իրացնելու խնդիր չունենք»,- նշեց նա։

Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը «Մեդիալաբին» ասում է, որ տեղյակ են խնդրի մասին և փորձում են լուծումներ տալ։

«Դեսպանատան հետ հետևում ենք իրավիճակին: Մեր տեղեկություններով՝ այն բոլոր միջոցառումները, որոնք իրականացվել են շուկայում, կանխարգելիչ ու նախազգուշական բնույթ են կրել։ Իրավիճակին այս պահին հետևում ենք, եթե այլ զարգացումներ լինեն, տեղյակ կպահենք»,- ասաց Աննա Օհանյանը։

Նրա տեղեկացմամբ՝ շուկա են գնացել նաև ԵԱՏՄ գործընկերները՝ տեղում իրավիճակը հասկանալու և համապատասխան քայլեր ձեռնարկելու համար։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և հայ արտահանողներն ակնկալում են, որ խնդիրներ չպետք է ունենան ռուսաստանյան շուկայում իրենց ապրանքն իրացնելու առումով։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am