Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չեն իրականացվում. FIP.am

Մոտ մեկ ամիս առաջ՝ հունվարի 11-ին, մի շարք լրատվականներ գրեցին, որ 2018-ին Ադրբեջանից Հայաստան են կատարվել 200 մլն դոլարից ավել դրամական փոխանցումներ։ Լրատվական կայքերը հղում էին արել Թերեզա Մխիթարյան անունով օգտատիրոջ գրառմանը։ Այն վերահրապարակվել էր analitik.amhayeli.ampastinfo.am և այլ կայքերում։

Օգտատիրոջ գրառման մեջ զետեղված էին Համաշխարհային բանկի (ՀԲ) երկու հրապարակումների հղումներ։ Դրանցում ներկայացված էին 2017 և 2018 թվականներին աշխարհի երկրների միջև իրականացված դրամական փոխանցումները՝ տրանսֆերտները։ Ըստ 2018 թվականի զեկույցի, այդ տարի Ադրբեջանից Հայաստան իրականացվել էր 211 մլն դոլարի դրամական փոխանցում, իսկ Հայաստանից Ադրբեջան՝ 84 մլն դոլարի։ Իսկ 2017-ին այդ գումարները կազմել էին Ադրբեջանից Հայաստան՝ 7 և Հայաստանից Ադրբեջան՝ 174 մլն դոլար։

Նշված գրառումը փորձ էր արվել կապել «հողերը վաճառելու» թեզի հետ։ «Հենց որ ԱԱԾ-ն բացահայտի 2018-ին Հայաստանում 211 միլիոն դոլար ստացողների անունները, ամբողջ գլուխկոտրուկը բացվելու է․ մենք ամեն ինչ կիմանանք բոլորի մասին և կիմանանք նաև, թե ինչպես են դավաճանել և վաճառել մեր հողերը»,- գրել էր օգտատեր Թերեզա Մխիթարյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև դրամական փոխանցումներ չկան

Իրավիճակը հասկանալու համար Fip.am-ը հարցում ուղարկեց ՀՀ կենտրոնական բանկ, որտեղից պարզաբանում ներկայացրեցին Համաշխարհային բանկի նշված հրապարակումների բովանդակության մասին։ Նախ, Կենտրոնական բանկից տեղեկացրեցին, որ ՀՀ և Ադրբեջանի սուբյեկտների միջև առևտրային բանկերի միջոցով դրամական փոխանցումներ չեն իրականացվում։

Ինչ վերաբերում է ՀԲ-ի հրապարակումներին, ապա դրանք հիմնված են ոչ թե փաստացի կատարված փոխանցումների տվյալների վրա, այլ ՀԲ փորձագետների ենթադրությունների վրա, որոնք, իրենց հերթին, հիմնված են միգրանտների քանակների և վերջիններիս եկամուտների վերաբերյալ առկա տվյալների վրա։ Այսպես, ըստ ՀԲ-ի տվյալների՝ Հայաստանում կա Ադրբեջանից եկած 87,000 միգրանտ, իսկ Ադրբեջանում՝ Հայաստանից գնացած 146,000 միգրանտ։ Վերջիններս հանդիսանում են տեղափոխվածներ, այլ ոչ թե փոխանցում ստացող կամ իրականացնող ֆիզիկական անձինք։ 

«Ելնելով միգրանտների թվաքանակներից և եկամուտների ու ծախսերի գնահատականներից՝ ՀԲ փորձագետների կողմից եզրակացություն է արվում, որ բոլոր միգրանտները փոխանցումներ են իրականացնում իրենց մայր երկիր, ինչը ՀՀ դեպքում սխալ է (քանի որ ՀՀ-ում և Ադրբեջանում միգրանտ են հանդիսանում տեղափոխվածները)»,- ասվում է ԿԲ պատասխանի մեջ։

Այսպիսով, լրատվականներով շրջանառվող գրառման մեջ բերված Համաշխարհային բանկի հրապարակումները ոչ թե իրական, այլ ենթադրյալ թվեր են, որոնք հիմնավորված չեն փաստացի իրականացված դրամական փոխանցումների վրա՝ այլ միգրանտների թվի վրա, որը Հայաստանի և Ադրբեջանի դեպքում կիրառելի չէ, քանի որ նրանք ոչ թե միգրանտներ են, այլ հակամարտության արդյունքում տեղափոխվածներ։

Փաստերի ստուգման հարթակ