Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքը ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը hունիսի 6-ին ժամանել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ։

Ինչպես  տեղեկանում ենք Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տարածած հաղորդագրությունից, այս առիթով Սուրբ Էջմիածնի միաբանները Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքին թափորով առաջնորդել են Սուրբ Հովհաննես Մկրտիչ և Սուրբ Վարդան մատուռ–մկրտարան, որտեղ կատարվել է «Հրաշափառի» արարողություն։

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը Մայր Աթոռի միաբանության անունից ողջունել և բարի գալուստ է մաղթել Սահակ Պատրիարքին։

Այնուհետև Պոլսո Հայոց Պատրիարքը, գոհություն վերառաքելով առ Աստված վերստին հայոց հոգևոր կենտրոնում գտնվելու համար, իր օրհնությունն ու բարեմաղթանքներն է փոխանցել Սուրբ Էջմիածնի միաբանությանը։

Առաջիկա օրերին Ամենապատիվ Սահակ Պատրիարքն իր մասնակցությունը կբերի Մայր Աթոռում գումարված Գերագույն հոգևոր խորհրդի ժողովին: