Հանրապետությունում փետրվար ամսին հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 զենք. Ոստիկանություն

Հանրապետության տարածքում փետրվար ամսին հայտնաբերվել, առգրավվել և կամավոր հանձնվել է ապօրինի պահվող 218 միավոր զենք, այդ թվում` 68 ինքնաձիգ, 6 ատրճանակ, 81 հրացան, 3 գնդացիր և 2 նռնականետ:

Այս մասին հայտնում են Ոստիկանությունից, մանրամասնելով, որ մայրաքաղաքում առգրավված 36 զենքից 18-ը հայտնաբերվել է, նույնքան էլ հանձնվել է կամավոր: Հայտնաբերվել ու առգրավվել է 2 ինքնաձիգ, մարտական 5 ատրճանակ, գազային և օդաճնշիչ 9 ատրճանակ և ողորկափող 2 հրացան: Կամավոր հանձնվել է 11 ինքնաձիգ, մարտական 3 ատրճանակ, 2 ակոսափող և 1 ողորկափող հրացան, 1 նռնականետ:

Մարզերում պատկերը հետևյալն է. 182 միավոր զենքից հայտնաբերվել է 48-ը, որոնցից 4 ինքնաձիգ, մարտական 7 ատրճանակ, գազային և օդաճնշիչ 15 ատրճանակ, 5 ակոսափող և 17 ողորկափող հրացան: Կամավոր հանձնած 134 միավորից 51-ն ինքնաձիգ է, 17-ը` մարտական, 8-ը` գազային և օդաճնշիչ ատրճանակ, 14-ը՝ ակոսափող և 40-ը` ողորկափող հրացան, 3-ը՝ գնդացիր, մեկը` նռնականետ:

Ընդհանուր թվի մեջ է պարեկների հայտնաբերած և առգրաված ապօրինի զենքի 13 միավորը. 9-ը՝ Երևանում, 4-ը` մարզերում: Առգրավվել է 1 մարտական, 8 գազային և օդաճնշիչ ատրճանակ, ողորկափող 4 հրացան:

Ոստիկանությունից հիշեցնում են, որ այն դեպքերում, երբ ապօրինի պահվող զենք-զինամթերքը իրավապահներն են հայտնաբերում և առգրավում, քրեական պատասխանատվությունն անխուսափելի է: Այլ է վիճակը կամավոր հանձնումների դեպքում:

«Հետևեք կամավոր հանձնողների օրինակին և կխուսափեք քրեական պատասխանատվությունից»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: