Արցախի քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով կատարվել է

Այս օրերին ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Միքայել Վիրաբյանն աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում է և անձամբ է մասնակցում Արցախից պատերազմի հետևանքով տարհանված բնակչության սոցիալական խնդիրների լուծման կարգավորմանը։

ԱՀ քաղաքացիների թոշակների և նպաստների վճարումն ընթացիկ ամսվա կտրվածքով 90%-ով կատարվել է, իսկ եթե քաղաքացիների գումարների վճարումը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չի կատարվել, հաջորդ ամսվա ընթացքում կարվի։ Կարգավորվում են նաև հետծննդյան նպաստների, կենսաթոշակների նշանակման հարցերը Հայաստանի Հանրապետությունում։

Նման հարցերով քաղաքացիները կարող են դիմել տարածքային սոցիալական ապահովության գործակալություններ։ ՀՀ-ում կգործի նաև նախարարության մասնաճյուղ-գրասենյակ՝ նպատակ ունենալով համակարգել և լուծել հընթացս առաջացող բոլոր խնդիրները։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք գրել ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարության պաշտոնական էջին։

Այս մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունից։