Կասկածում եմ՝ Հրայր Թովմասյանը ցանկանա շարունակել պաշտոնավորել որպես ՍԴ դատավոր. Կարապետ Բադալյան

Կարապետ Բադալյան (Լուսանկարը՝ «Ազատություն»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է փաստաբան Կարապետ Բադալյանը

– Պարո՛ն Բադալյան, Ազգային ժողովն ընդունեց Սահմանադրության մեջ փոփոխությունների նախագիծը: Ինչպե՞ս եք գնահատում այս գործընթացը, արդյոք սրանով ՍԴ-ի խնդիրը լուծում կստանա՞:

– Սա արդեն մեկ տարի տևող գործընթացի տրամաբանական շարունակությունն է, ավարտը չէ: Մենք գիտենք, որ խնդրի լուծման տարբերակներ էին քննարկվում: Նախ՝ առաջարկվեց ՍԴ անդամներին հրաժարական տալ՝ պահպանելով աշխատավարձի չափով թոշակը, որից նրանք հրաժարվեցին:

Հետո հանրաքվե նախաձեռնեցին, որը կորոնավիրուսի պատճառով հնարավոր չէ իրականացնել, հիմա էլ արդարադատության նախարարությունը դիմել էր Վենետիկի հանձնաժողով՝ ստանալու նրա խորհրդատվական կարծիքը, որը մեծ իմաստով դրական էր և կանաչ լույս էր ՍԴ-ում փոփոխությունների համար:

ԱԺ-ն էլ արագ ձեռնամուխ է այդ փոփոխությունների իրականացմանը, որպեսզի մեր ՍԴ-ի կազմը ինչ-որ չափով համապատասխանեցվի այն պահանջներին, որը դրված է 2015 թվականի Սահմանադրությամբ: Իհարկե ամբողջությամբ չի համապատասխանեցվում, բայց էլի գործընթաց է:

Իմ կարծիքով, այստեղ շարունակություն պետք է լինի, որովհետև կարգավիճակների տարբերությունն էլ պետք է որոշակի եզրագծի բերվի, քանի որ մենք վաղուց ենք նշել, որ ՍԴ անդամները դատավորի երդում չեն տվել, դրանք էական տարբերություն ունեն:

Կարծես թե ժամկետային առումով նրանց կարգավիճակները հավասարեցվում են, բայց որպեսզի բովանդակային առումով էլ հավասարեցվեն, նրանք նաև ՍԴ դատավորի երդում պետք է տան, որպեսզի իրավական ռեժիմն էլ հավասար լինի: Այսինքն՝ ունենանք ՍԴ, որի կազմում կան հավասար իրավական ռեժիմներում գտնվող դատավորներ:

– Ձեր կարծիքով՝ Հրայր Թովմասյանը այսկերպ դո՞ւրս կմնա ՍԴ-ից, թե՞ կշարունակի պաշտոնավարել:

– Եթե չափանիշը 12 տարին է, ապա ֆորմալ առումով կարող է մնալ, բայց ես կասկածում եմ, որ նա չի ցանկանա որպես ՍԴ դատավոր շարունակել պաշտոնավարել:

Ամեն դեպքում, եթե հետևում ենք ֆորմալ այն փոփոխություններին, որ կատարվում է այս փոփոխություններով, եթե այլ հանգամանքներ, այլ իրադարձություններ տեղի չունենան, ապա, այո՛, նա շարունակում է պաշտոնավարել: Բայց եթե նկատի ունենանք, որ ՍԴ նախագահի պաշտոնն է եղել այն նպատակը, որին նա ձգտել է, ես չգիտեմ՝ կշարունակի՞ պաշտոնավարել, թե՞ ոչ:

Կարծում եմ՝ կթողնի ՍԴ-ն, որովհետև, եթե հիշում եք՝ ինքն իրեն կարգել էր դատական իշխանության ղեկավար, իրեն կարգել էր ամեն ինչի վերջին խրամատը պահող: Հիմա եթե այդ ամենը ամբողջացել էր ՍԴ նախագահի պաշտոնում, և հիմա դադարեցվում են իր լիազորություններն այդ պաշտոնում, իմաստը, որ ինքը դրել էր այդ գործի մեջ, կարծես դադարում է: Եկեք չշտապենք, կտեսնենք:

– Ինչո՞վ եք պայմանավորում, որ հենց նույն օրը ՍԴ-ն որոշում կայացրեց շտապ օրակարգ բերել Ռոբերտ Քոչարյանի գործը:

– Դե, հարցը հասունացել էր, քանի որ դիմել էին ՄԻԵԴ և Վենետիկի հանձնաժողով, և կարծիքներն էլ ստացել էին, և եթե այսօր չլիներ, վաղը լիներ, պետք է որոշեին, որ այդ հարցի քննությունը շարունակվում է և տրամաբանական ավարտին է հասնում: Հիմա զուգադիպել է, և տարբեր մեկնաբանությունների տեղիք կարող է տալ:

Ես չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել, բայց կարծես թե ՍԴ-ի այս կազմը չի հասցնի քննել ու որոշում կայացնել այդ հարցով: Որովհետև սահմանադրական փոփոխությունները ստորագրում է ԱԺ նախագահը, այն հրապարակվելու հաջորդ օրվանից ուժի մեջ է մտնելու և դադարելու են ՍԴ երեք անդամների լիազորությունները:

Այստեղ մի խնդրահարույց պահ կա, որ նրանք ինչ-որ մանիպուլյացիաներ կարող են անել, ասենք, լիազորությունների դադարեցումից հետո փորձեն փոխնախագահ ընտրել, ասենք, Հրայր Թովմասյանին կարգել փոխնախագահ:

ՍԴ կազմը պետք է համալրվի մեկ ամսվա ընթացքում, և այդ մեկ ամսում փոխնախագահը կկատարի նախագահի լիազորությունները, և կփորձեն իրենց գործերն ավարտի բերել: Նման միջանկյալ մանիպուլյացիաների հնարավորություն եմ տեսնում, բայց չգիտեմ՝ արդյոք հենց այդպես կլինի՞, թե՞ ոչ: 

– Այսինքն՝ Քոչարյանի դիմումի քննությունը, որն այսօր պարզ դարձավ, որ կքննվի հուլիսի 7-ին, հազիվ թե ՍԴ այս կազմով քննվի։

Կարծում եմ՝ այո՛։ Այս զարգացումների տեմպը տեսնելով՝ կարծում եմ, չի լինի այս կազմով։ Այս կազմը չլինի, հաջորդ կազմը պետք է այս խնդիրը լուծի։ Եվ քանի որ վարույթ են ընդունել, պետք է նաև եզրափակիչ որոշում էլ կայացնեն։ 

– Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքը ՍԴ խնդրի լուծման հետ կապված դուք ինչպե՞ս եք մեկնաբանում։ Իշխանությունը նշում է, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը դրական է, իսկ նախորդ իշխանության ներկայացուցիչները մեկնաբանում են, որ Վենետիկի հանձնաժողովը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովում ներկայացված սահմանադրական փոփոխությունների նախագիծը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքում եղած առաջարկներին։

– Բոլորի կարծիքներն էլ սուբյեկտիվ են։ Իրականությունն այն է, որ մեծ առումով կանաչ լույս տրվեց այս փոփոխություններին։ Մինչև այսօր նրանք չէին ասել՝ չէ՛, չի՛ կարելի, ուղղակի այն հարցերին, որոնք առաջադրվեցին Վենետիկի հանձնաժողովին, տրվել է դրական պատասխան։

Եվ Դավիթ Հարությունյանի հարցազրույցը Վենետիկի հանձնաժողովի կարծիքի վերաբերյալ այն է, որ նա էլ «ափսոսանքով» նշում էր, որ դրական եզրակացություն են տվել, և քննադատում էր Վենետիկի հանձնաժողովին։ Եվ այն, ինչ այսօր անում է ԱԺ մեծամասնությունը, անում է՝ արժանանալով Վենետիկի հանձնաժողովի հավանությանը։ 

Մանե Հարությունյան

MediaLab.am