Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին. Հասմիկ Պապյան

Ռուզան Մանթաշյանը «վերահրավիրվեց» մասնակցելու Դրեզդենում փետրվարի 7-ին տեղի ունենալիք Օպերային Պարահանդեսին:

Այս մասին հայ օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում:

«Նա կերգի՝ կատարելով Տատյանայի արիան Չայկովսկու «Եվգենի Օնեգին» օպերայից: Սա հաղթանա՞կ է, կհարցնեն շատերը: Այո՝ անկասկած:

Բարձրաձայնելով խնդրի մասին, մենք միեւնույն ժամանակ օգնեցինք գերմանացիներին վերանայելու եւ ուղղելու սխալը, վերականգնելու արդարությունը եւ փրկելու իրենց դեմքը: Ի զարմանս ինձ, ոչ մի ձայն չլսվեց պաշտոնական Ադրբեջանից, ի պաշտպանություն իրենց ազգակցի:

Փոխարենը բազմաթիվ հայեր դարձան «հարեւան» երկրի երգչի ջերմեռանդ պաշտպանը: Թվում էր, թե հայտնի երգչուհի Նետրեբկոյի թիկունքին առնվազն պետք է կանգնեին այնպիսի հսկաներ, ինչպիսիք են՝ Ռիկկարդո Մուտին, կամ Դանիել Բարենբոյմը:

Բայց ոչ, իրենց հարգող իրական արվեստագետները չեն իջնի բարձունքից: Երկար փնտրտուքներից հետո հաջողվեց գտնել միայն մեկին՝ հայազգի Սաթի Սպիվակովային, որն էլ իր պարտքը համարեց կոչ անել հայ ժողովրդին հանգստանալ եւ դադարել «զառանցել» …

Հ.Գ. Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր սատարեցին, Նարինե Աբգարյանին՝ առանձնապես: Ես ոչ մի ճանաչման, հերոսանալու կամ դափնիների կարիք չունեմ, փոխարենը օրեր շարունակ հետեւողական լինելով խնդրի արդարացի հանգուցալուծմանը, ինձ համար հայնաբերեցի՝ մեծաքանակ վախեցած երաժիշտների, զգուշավոր արվեստագետների եւ անհաղորդ հայրենակիցների:

Սիրելիներ, իմ պատգամը վերաբերում է մասնավորապես երիտասարդներին՝ որտեղ էլ որ լինեք, պահպանեք ձեր ոգու ամրությունը, ամեն գնով պայքարեք հայի արժանապատվությունը բարձր պահելու համար: Այն ամեն ինչից վեր է…

Հաղթեցինք եւ հաղթելու ենք!»,- գրել է երգչուհին: