Պայթյուն ավտոտեխսպասարկման կետում. կա տուժած

Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը մայիսի 26-ին, ժամը 18:48-ին ահազանգ է ստացել, որ Ափնագյուղում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն. կա տուժած:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ըստ աղբյուրի՝ պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, «Jeep» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի վերանորոգման աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն, ինչի հետևանքով աշխատակից Է. Մ.-ն (ծնված 1981 թ․) ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Վնասվել է տեխսպասարկման կետի տանիքի մոտ 25 քմ հատվածը, մոտակա ավտոտեխսպասարկման կետի ապակիները (մոտ 4 քմ) և «Jeep» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը:

Նշվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Է. Մ.-ն հոսպիտալացվել է Երևանի «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն:

Փրկարարներն իրականացրել են տանիքի հովացման աշխատանքներ։