HALO Trust-ը Լաչինի միջանցքում իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել

HALO Trust-ը լրջորեն մտահոգված է Լեռնային Ղարաբաղն արտաքին աշխարհին կապող միակ ուղի հանդիսացող Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմամբ:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Լեռնային Ղարաբաղում ականազերծման աշխատանքներով զբաղվող HALO Trust բարեգործական հասարակական կազմակերպության տարածած հայտարարությունը։

«Արգելափակման գրեթե մեկ ամսվա ընթացքում մենք ուշադիր հետևում ենք հումանիտար առումով դրա առաջացրած հետևանքներին։ HALO-ն Ղարաբաղում ունի շուրջ 100 տեղացի աշխատակից, և մենք հետևում ենք սննդի և այլ պարագաների հասանելիությանը նրանց և նրանց համայնքների համար», – նշված է կազմակերպության Twitter-ի էջում տարածված հայտարարությունում։

HALO-ն իրավիճակի արագ հանգուցալուծման հույս է հայտնել՝ նաև օգնության պատրաստակամություն հայտնելով։

«Մենք մշտական կապի մեջ ենք մեր տարածաշրջանային գործընկերների և այլ մարդասիրական ընկերությունների հետ՝ անհրաժեշտության դեպքում համակարգելու հումանիտար օգնությունը»,- գրված է հայտարարությունում։