Ընդդիմությանը առաջարկում եմ քաղաքական սցենար, որը բոլոր դեպքերում ավարտվում է իմ հեռացումով. Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ հանրաքվեի արդյունքներից անկախ՝ չի հավակնի վարչապետի պաշտոնին հաջորդ ընտրություններում։

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ եթե հանրաքվեում քաղաքացիները մերժեն նախագիծը, ինքը հրաժարական կտա և կհեռանա վարչապետի պաշտոնից։ Իսկ «այո» քվեի դեպքում կշարունակի խաղաղության օրակարգի իրականացումը, սակայն հաջորդ ընտրություններում վարչապետի թեկնածու չի լինի։

Փաշինյանը նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններին կոչ է արել հստակեցնել իրենց դիրքորոշումները Միացյալ Հայաստանի գաղափարի, Լեռնային Ղարաբաղի հայերի և Ադրբեջանից բռնի տեղահանված հայերի վերադարձի վերաբերյալ։

Նրա խոսքով՝ այդ հարցերի պատասխանները կարևոր են ընդդիմության քաղաքական դիրքորոշումները և նոր Սահմանադրության նախագծի վերաբերյալ մոտեցումները հասկանալու համար։

Վարչապետը հայտնել է նաև, որ նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում է ընդդիմության համար քվոտաներ սահմանել Բարձրագույն դատական խորհրդում և անկախ մարմիններում։

Անդրադառնալով իր ուղերձին՝ Փաշինյանն ասել է, որ դրա տեքստը դեռ պատրաստ չէ, և այն կհրապարակի՝ հաշվի առնելով առաջիկա զարգացումներն ու տվյալ պահի իրավիճակը։