Հայ Ձմեռ պապ 2011. Փախստական, հաշմանդամ, որդեկորույս հայր

Երեք որդիներին կորցրած Իգոր Սարգսյանն ամեն երեկո նստում է փայտի վառարանի կողքին, ձեռքն առնում մի փոքրիկ ծոցատետր, թերթում այն և թաքուն արտասվում` ժամանակ առ ժամանակ զգուշությամբ սրբելով թերթերի վրայի արցունքի կաթիլները, որոնք չորանալով` կարող են լղոզել թանկ ձեռագիրը…
Այդ ծոցատետրը Իգորի որդի Անդրանիկինն է, ով սեպտեմբեր ամսին զոհվել է ԼՂՀ Պաշտպանության բանակի առաջնագծերից մեկում`ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից:
Ծոցատետրում Անդրանիկը գրառել է իր ամենօրյա տպավորությունները. որ բանակն իրեն օգնում է կայանալ որպես տղամարդ, հասկանալ պատանեկության տարիների սխալները, գնահատել ծնողների վաստակը, մեկ առ մեկ հիշել և շնորհավորել մայրիկի, քույրիկների, փոքրիկ եղբոր, հոր, ընկերների ծնունդները:

Անդրանիկը գրում է, որ շատ է կարոտում հարազատներին, օրեր է հաշվում, որ վերջապես վերադառնա տուն և ծնողներին ոտքի կանգնեցնի, աշխատանքի տեղավորվի, ավարտին հասցնի տան վերանորոգումը, հայրիկին բուժման տանի և, և, և …

«Առավոտ ժամը տասին վայենկոմատից զանգում են, թե Անդրանիկը էլ չկա: Ոնց չկա, արա, երեկ եմ խոսել հեռախոսով, պոստում էր, ասում էր` պապա, լոխ լավ ա, վերջին վըյեզդս ա, խրեգ մնաց, կյամում տոն էսա», – հուզմունքից բառերը հազիվ արտաբերելով` պատմում է հայրը:

Անդրանիկը ծառայեց ուղիղ մեկ տարի և տաս ամիս: Նոյեմբերին պետք է զորացրվեր:

Իգորը պատմում է, որ հաճախ էր գնում որդուն տեսության: Ասում է, որ գոհ էր ծառայությունից, տեսքը միշտ տեղն էր, «հալի էր եկել», թիկնեղ էր դարձել:

«Ինքը որ խրամատում հերթապահություն էր անում, ընկերները հանգիստ էին: Ասում էին` շուշեցին որ հետներս ա, մենք արխային ենք: Շատ զգոն էր, պատասխանատու»:

Սարգսյանները մեկն են Շուշիում ապրող այն ընտանիքներից, որոնց բռնի տեղահանել են Բաքվից: Ընտանիքի հայրը` 48-ամյա Իգոր Սարգսյանը, պատերազմի առաջին օրվանից ի վեր մարտի դաշտում է եղել: Կնոջն ու երեխաներին պատսպարելով գյուղի նկուղներում` ինքը մեկնել է պատերազմ:

Բաքվում ապրելու տարիների մասին խոսելիս Իգորի աչքերը լցվում են: Այնտեղ է անցկացրել իր կյանքի ամենալավ տարիները, երբ «ամեն ինչ բոլ էր, իմ ու քո չկար»: Բաքվեցիներին բնորոշ ակցենտով Իգորն իրեն հարց է տալիս, թե ինչպես ստացվեց, որ երեկվա «եղբայրներն» սկսեցին պատերազմել իրար դեմ. ո՞վ է մեղավոր, ե՞րբ է վերջանալու` ինքը չգիտե: Բայց ինքն էլ շատերի պես գնաց պատերազմ, քանի որ, իր կարծիքով, ընտանիքը պաշտպանելու խնդիր կար.

«Թորքը էդքան կրակեց ինձ վրա, բայց ճակատս պինդ էր, ոչ մի բան չեղավ ինձ հետ: Մատերս կորցրեցի, ողնաշարիս մի մասը կորցրի, բայց ապրում եմ, լավ-վատ` ապրում եմ: Ի՞նչ իմանայի, որ մի օր ինձ չկպած թորքի գյուլլեն որդուս կսպանի»:

Սարգսյան ամուսինները նայում են հայելու մեջ և չեն ճանաչում իրենց` երկու ամսում նրանք անճանաչելիորեն փոխվել են, նիհարել, ծերացել… Որդու մահը կարծես թարմացրած լինի նրանց անցյալի ցավերը, դժվար տարիների մասին հիշողությունները…

Բաքվում ապրելու տարիներին մանուկ հասակում նախ մահացավ նրանց առաջնեկը: Շուշի տեղափոխվելուց հետո 15 տարեկանում կոկորդի քաղցկեցից մահացավ նրանց երկրորդ որդին: Ընտանիքի մայրը` Լորելան ասում է, որ երկու տարի հիվանդանոցներում են անցկացրել, տարբեր մեթոդներով փորձել են բուժել որդուն, սակայն անօգուտ:

Լորելան հիշում է, որ կյանքի մեծ մասն անցկացրել է հիվանդասենյակներում: Երկու մահացած որդիներից բացի, երկար ժամանակ նաև ամուսնուն էր խնամում հոսպիտալում, երբ պատերազմի տարիներին մի քանի անգամ վիրավորվեց: Ամուսինն այդ տարիներից ի վեր հաշմանդամ է, բայց, չնայած դրան, այսօր իրենց օրվա ապրուստը հոգացողն է: Ժամանակ առ ժամանակ ուժերը ներածին չափով շինարարությամբ է զբաղվում: Մեկ-մեկ էլ կինը` Լորելան է գորգագործությամբ զբաղվում` պատվերներ ունենալու դեպքում: Ընտանիքի հիմնական եկամուտը երեխաների ամսական նպաստն է` 48 հազար դրամ ($ 133):

Կենցաղային անբավարար պայմանների մասին ամուսինները նույնիսկ չեն էլ ակնարկում: Չեն խոսում այն մասին, որ պատուհանների ապակու փոխարեն ցելոֆան է, և տուն ներս թափանցող քամու դեմ նույնիսկ փայտի վառարանն է անզոր պայքարել:

«Դրանք լուծվող հարցեր են: Ցամաք հացավ էլ յոլա կքինանք: Կարևորը էս խոխեքս սաղ-սալամաթ ինին, արդեն վախումում: Ու՞մ եմ ինչ արել, որ կյանքս ստի ա դասավորվալ, վեշմինին փիսոթուն չում ըրալ, սաղ կյանքս հալալ քրտինքավում ապրալ, խե՞պիտի երեք տղա հողին հանձնեմ, խե՞»,- ասում է Լորելան:

Այժմ ամուսիններն ապրում են` իրենց երկու փոքրիկների վաղվա օրվան հավատալով: 10 տարեկան Լուիզան և 8 տարեկան Վաչիկը դպրոց են հաճախում: Նրանց ավագ քույրիկն արդեն ամուսնացել է և փոքրիկ որդի ունի:

Այդ փոքրիկներին նույնիսկ սենյակի սառնությունը չի խանգարում, որպեսզի ժամերով փակվեն և դասերով զբաղվեն: Մայրիկն ու հայրիկը խոստովանում են, որ վերջերս աչքաթող են արել երեխաներին, ուժ չեն գտնում, որ առաջվա պես օգնեն` տնային աշխատանքները կատարեն, խաղան հետները…

Բայց կարմիր թուշիկներով քույր ու եղբայրը միշտ մաքուր են, կոկիկ հագնված, ժպիտը դեմքներին:

«Լուիզան դպրոցի լույսն է, դպրոցի պարծանքը», – ասում է Սարգսյանների հարևանուհին` ընկեր Լուսինեն, ով նաև Լուիզայի ուսուցչուհին է:

-Լուիզա, որ մեծանաս, ի՞նչ ես դառնալու:

-Ը~մ, չգիտեմ… Որ մեծանամ, մաթեմատիկայի ուսուցչուհի եմ դառնալու:

Լուսինե Մուսայելյան

«Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայություն /www.azatutyun.am/

———————————————————————————————–

«Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամը /http://haysanta.am/, համագործակցությամբ «Հետք» և «ՄեդիաԼաբ» առցանց պարբերականների, «168 ժամ», «Տեսանկյուն» թերթերի և «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության, ներկայացնում է «Հայ Ձմեռ պապ-2011» լրագրողական-բարեգործական թողարկումը: Այս համատեղ թողարկումը սկիզբն է Հայաստանում նոր` լրագրողական բարեգործական ցանցի գործունեության: Հոդվածը տպագրվում է «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի ծրագրի շրջանակներում: