ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Խաղաղության կոնֆերանս՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման կանխարգելման նպատակով

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Խաղաղության կոնֆերանս՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման կանխարգելման նպատակով
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ. Խաղաղության կոնֆերանս՝ Ղարաբաղյան հակամարտության սրացման կանխարգելման նպատակով
Հեղինակ MediaLab

Հակամարտության գոտում 2014թ. հունվար-հուլիս ամիսների ընթացքում 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի աճել են հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը, դիվերսիոն գործողությունները և դրանց հետևանքով մահացությունների թիվը:
Զուգահեռաբար, հակամարտության գոտում կտրուկ աճել են սպառազինությունների ծավալը և մրցավազքը: Այս գործընթացին ուղղակիորեն աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, որն ավելի քան 3 միլիարդ ԱՄՆ դոլարի սպառազինություն է վաճառել Ադրբեջանի Հանրապետությանը: Ի պատասխան, հայկական կողմը, թեև փոքր ծավալներով, սակայն փորձում է հավասարակշռել իրավիճակը:
Ըստ էության, Ղարաբաղյան հակամարտության լուծման հիմնական սկզբունքներից մեկը` հակամարտության լուծման խաղաղ ճանապարհը, վտանգված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկի վտանգավոր քաղաքականության պատճառով:
Զուգահեռաբար.
–         Ադրբեջանի իշխանությունների կողմից քաղաքացիական հասարակության ինստիտուտների, իրավապաշտպան գործիչների  նկատմամբ  իրականացվում է համատարած հետապնդումներ,  ճնշումներ, որոնք ուղեկցվում են անհիմն քրեական հետապնդումներով, ազատազրկումներով, իրավապաշտպան կազմակերպությունների գործունեության դադարեցմանն ուղղված գործողություններով՝ զանգվածային լրատվամիջոցներով նրանց որպես օտարերկրյա գործակալներ ներկայացնելու և այլ վարկաբեկիչ պրոպագանդիստական մեթոդներով,
–         ՀՀ իշխանությունները, 2013թ. սեպտեմբերի 3-ին հրաժարվելով Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրումից, ամբողջությամբ ենթարկվեցին Կրեմլի ճնշումներին՝ ըստ էության երկրի հետ կապված արտաքին քաղաքականության բնագավառոմ որոշումների ընդունման իրավասությունը հանձնելով Ռուսաստանի Դաշնությանը:
–         2008թ. մարտի 1-ին քաղբանտարկյալների ազատ արձակումից հետո նվազել էին քաղաքական հետապնդումները, սակայն 2013թ. սեպտեմբերի 3-ից հետո այդ հետապնդումները վերստին ուժեղացան այն քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ, որոնք ընդդիմացել էին սեպտեմբերի 3-ի որոշմանը:
Այսպիսով, հակամարտության մեջ ներգրավված երկրներում ռազմականացման գործընթացին զուգահեռ ուժեղանում են ճնշումները քաղաքացիական ակտիվիստների և քաղաքական այլախոհների նկատմամբ:
Իրադարձությունների հետագա զարգացումը կարող է անկանխատեսելի և անդառնալի հետևանքներ ունենալ տարածաշրջանում խաղաղասիրական և իրավապաշտպանական գործունեության վրա: Դրանք կարող են հանգեցնել մարդու իրավունքների և ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակի կտրուկ վատթարացմանը:
Մինչ միջազգային քաղաքական և հասարակական ուշադրությունն ուղղված է Ուկրաինայի Արևելքում ՌԴ-ի ագրեսիվ քաղաքականության վրա,  ղարաբաղյան հակամարտության գոտում Կրեմլի վտանգավոր քաղաքականությունը կարող է հանգեցնել տեղական ուժերի կողմից չվերահսկվող իրավիճակի և լայնամասշտաբ  պատերազմական գործողությունների սկսմանը։
Հայաստանի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը և Ռուսաստանի Դաշնությունը, հանդիսանալով ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ անդամ պետություններ, պարտավորություններ ունեն և՛ իրենց քաղաքացիների և՛ միջազգային կառույցների առջև։  Ե՛ւ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, և՛ ՌԴ-ն  պարտավորություններ են վերցրել  ղարաբաղյան հակամարտությունը լուծել միմիայն խաղաղ ճանապարհով՝ ղեկավարվելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքներով:
Հաշվի առնելով, որ իրադարձությունների զարգացումը սպառնալիքներ է պարունակում ոչ միայն մարդու իրավունքներին, այլև տարածաշրջանում բնակվող մարդկանց խաղաղության իրավունքին՝ գտնում ենք, որ միջազգային հանրությունը, հանձինս ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵՄ-ի պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել իրավիճակը անկախատեսելի զագացումներից զերծ պահելու համար: Այդ նպատակով դիմում ենք ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և ԵՄ կառույցներին և նրանց ներկայացուցիչներին՝ հրավիրել միջազգային խաղաղության համաժողով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծմանը սպառնացող գործընթացների և պատերազմի սպառնալիքների կանխարգելման ուղիների հստակեցման նպատակով:
 Վանաձոր, 31 հուլիս, 2014 թ.
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ