«Ադրբեջանցիները հիմա Տիգրանակերտում խորոված են անում». Համլետ Պետրոսյանի համար Թանգարանների միջազգային օրը ծանր օր է

Պատմաբան, հնագետ, մշակութաբան Համլետ Պետրոսյանը, որն Արցախի Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման, ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավարն է, Թանգարանների միջազգային օրվա առիթով խոր ցավով է հիշում Տիգրանակերտի ներկայիս վիճակը:

«Մեր պատմական թանգարանը ադրբեջանական վերահսկողության տակ է, հիմա իրենք են այցելում, այնտեղ անընդհատ ինչ-որ խորովածներ են անում, ափռցփռ բաներ են խոսում Տիգրանակերտի մասին»,- «Մեդիալաբին» ասում է Համլետ Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ Թանգարանների միջազգային օրը կազմակերպվող միջոցառումների ժամանակ Հայաստանի պատկան մարմինները պետք է աշխարհին հիշեցնեին, ներկայացնեին, թե 2020-ի Արցախյան պատերազմից հետո ինչ անմխիթար վիճակում, տեղ-տեղ՝ ոչնչացման եզրին են այժմ հայկական մշակութային արժեքները, կոթողները:

«Պատերազմից հետո ամեն տարի Թանգարանների միջազգային օրը ինձ համար ծանր օր է այն առումով, որ, ըստ էության, կարևորելով թանգարանը, մենք պետք է կարևորենք նաև այն կորուստները, որ կրել ենք: Ես հասկանում եմ, որ Թանգարանների միջազգային օրը իմ գործընկերների համար տոն է՝ հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպում, ներկայացնում են իրենց աշխատանքի արդյունքները: Բայց ես համեստորեն կարծում եմ, որ այս միջազգային օրով պետք է նաև շեշտադրվեն մեր կորուստները: Այդ հարցը չի կարևորվում, ինչը ինձ, իհարկե, հիասթափություն և ցավ է պատճառում»,- նշում է հնագետը:

Այդուհանդերձ, Պետրոսյանն ասում է, որ 44-օրյա պատերազմից հետո հատկապես ինքն ու իր կողքին կանգնած մասնագետները չեն կորցրել եռանդը և նույն տեմպով աշխարհին են ներկայացնում հայկական կորուստները: Արդյունքում՝ Ադրբեջանը պաշտոնական մակարդակում չի կարողանում պնդել, որ Տիգրանակերտը ադրբեջանական կամ ուդիական ծագում ունի:

«Փորձում ենք ակադեմիական հարթակներում ներկայացնել ու կարևորել հայկական մշակութային արժեքները: Տիգրանակերտի վերաբերյալ Ադրբեջանը գիտական, պաշտոնական մակարդակով որևէ պնդում, թե սա ինչ է, չունի: Եթե, ասենք՝ քրիստոնեական եկեղեցիների դեպքում իրենք անընդհատ հայտարարում են, թե սրանք հայկական չեն, աղվանական են, ուդիական և այլն, ապա Տիգրանակերտի հարցում ադրբեջանական կազմակերպված մեքենան, գիտնականները պատասխան չեն գտնում, որովհետև Տիգրանակերտի ամրաշինական համակարգը դասական համակարգ է՝ մշակված Ալեքսանդրիայում, հետո տարածվել է Փոքր Ասիայում: Այսինքն՝ գոնե Տիգրանակերտի դեպքում, բացի հիմար հայտարարություններից, որևէ լուրջ գիտական փաստարկ չեն կարողանում բերել»,- նշում է պատմաբանը:

Հայաստանի համապատասխան պետական կառույցները, ըստ Համլետ Պետրոսյանի, կորցրած մշակութային արժեքների պաշտպանության հարցում պետք է ավելի կազմակերպված լինեն և միասնական հայեցակարգ ունենան:

Նախ՝ պատմաբանն ասում է՝ պետք է ունենալ մշակված միասնական քաղաքականություն. «Ի վերջո, Հայաստանի իշխանությունը հայ մշակութային ժառանգության հանդեպ որևէ պարտավորություն ունի՞, թե՞ չունի: Եթե հարցի պատասխանը դրական է, ապա պետք է մշակել նպատակները, միջոցները՝ այդ ամենին հասնելու համար»:

Այնուհետև, Համլետ Պետրոսյանի խոսքով՝ կառավարությունը պետք է կազմակերպված գործի՝ օգտագործելով գիտական հսկայական ներուժը: «Մենք լուրջ հետազոտությունների կարիք ունենք, որպեսզի կարողանանք ադրբեջանական հիմարություններին հակադրել գիտական, ակադեմիական մոտեցումներ»,- նշում է նա:

Այսօր, ըստ Պետրոսյանի, առանձին անհատներ, նվիրված գիտնականներ ու կազմակերպություններ են զբաղվում մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված ուսումնասիրություններով: Հատուկ մշակված ու կազմակերպված պետական քաղաքականություն չկա:

«ԿԳՄՍ նախարարությունում ինչ-որ մարդիկ ինչ-որ գործ անում են, անում են նաև ակադեմիական ինստիտուտներում: Բայց այդ ամենը կազմակերպված քաղաքականության տեսք չունի, չկա հստակ հայեցակարգ՝ ինչ պետք է արվի, չկա կոնկրետ ռազմավարություն այդ ասպարեզում: Եվ, անկեղծ ասած, այսքան ժամանակ է՝ ինձ որևէ պետական մարմին որևէ նման հարցով չի դիմել: Միայն երկու-երեք անգամ Առաքելական Եկեղեցին է խնդրել, գնացել, հանդիպել, զրուցել ենք: Կարծես՝ ամեն ինչ թողնված է Եկեղեցու հույսին»,- ասում է Պետրոսյանը:

Դիտարկմանը, թե այս օրերին ակտիվ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ, և հարցին՝ հնարավո՞ր է այդ պայմանագրի կնքման միջոցով հայկական մշակութային նմուշները եթե ոչ հասանելի լինեն, ապա գոնե չպղծվեն, Համլետ Պետրոսյանն արձագանքում է.

«Ես դժվարանում եմ այդ հարցին պատասխանել այն առումով, որ եթե Ադրբեջանը կարծում է, որ այնտեղ հայկական որևէ ժառանգություն չկա ընդհանրապես, ի՞նչ է նշանակում՝ ապահովել հայերի համար դրա մատչելիությունը: Կան միջազգային փաստաթղթեր, որոնցում մշակութային ժառանգությունը հռչակվում է ընդհանրապես՝ որպես մարդկությանը պատկանող, կապ չունի ազգությունը: Մահմեդականը կարող է գալ և հիանալ եկեղեցիով և հակառակը: Չեմ կարծում, թե ադրբեջանական տոտալիտար հանրությունը հասել է այդ մակարդակին: Եթե հակառակորդը ակնհայտ հայկականը համարում է ոչ հայկական, ի՞նչ է նշանակում խաղաղության դեպքում դրանք մատչելի լինեն: Ես ինքս չեմ կարողանում դա ընկալել»:

Հասմիկ համբարձումյան

MediaLab.am