Հայաստանի ու հայերի մասին 23-ամյա Քի Վենքինգը առաջին անգամ լսեց մոտ երկու տարի առաջ, երբ մասնակցեց Կենտրոնական Ասիայի բարեկամության փոխանակման ծրագրին և ընդգրկվեց ծրագրում: Մասնագիտությամբ երգչուհի է։ Հայաստանի պատմության մասին առաջին ծանոթությունը Քին կատարեց համացանցը ուսումնասիրելով և տարբեր բանալի բառեր փնտրելով: Ասում է՝ հաճելիորեն զարմացած էր. քարտեզի վրա փոքրիկ-փոքրիկ այդ պետությունն անասելի հարուստ պատմություն ուներ։
«Սկսեցի ուսումնասիրել Հայաստանի պատմությունը, մշակույթը, ավանդույթները, ինձ միանգամից գրավեցին այս երկրի հարուստ ազգային և մշակութային առանձնահատկությունները։ Ես արդեն անհամբերությամբ սպասում էի դեպի Հայաստան իմ այցելությանը, թեպետ մեծ էր նաև անհանգստությունս»,- պատմում է Քին:
«Երևի ամենաշատը տպավորվեցի նրանից, որ չէի սպասում՝ այսքան փոքր ազգը կարող է այսքան մեծ ու հարուստ պատմություն ունենալ»,- ասում է նա։
Չինաստանի իր քաղաքից հազարավոր կիլոմետրեր հեռու Քի Վենքինգը այսօր արդեն մեկ տարի է՝ ինչ ապրում է Երևանի ուսանողական հանրակացարաններից մեկում:
Պատմում է, որ մինչև Հայաստան տեղափոխվելը նաև Կոմիտասի կենսագրությունը, երաժշտությունն է ուսումնասիրել, քանզի բուհը, որտեղ պատրաստվում էր ուսումը շարունակել, Կոմիտասի անունն էր կրում:
Այսօր արդեն Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալի բաժնի առաջին կուրսի ուսանողուհին ոչ միայն ուսումնասիրել, այլև Կոմիտասի երգերից է սովորել։ Առաջին հայերեն երգը, որ սովորել է Հայաստանում, Ռուբեն Հախվերդյանի «Իմ փոքրիկ նավակն» էր, հետո սովորեց Կոմիտասի «Քելե, քելե»-ն, շատ սիրեց այն և թե՛ հայերին, թե՛ չինացիներին զարմացրեց իր կատարմամբ։
«Երբ Կոմիտաս երգեցի, մի նոր աշխարհ բացահայտեցի ինձ համար. երաժշտության լեզուն դարձավ իմ և Հայաստանի միջև կամուրջ: Վոկալիս ուսուցչուհին գովեց ինձ ու ասաց, որ երգը սովորելով կարող եմ նաև հայոց լեզուն սովորել։ Հիշում եմ մայրիկիս արձագանքը, երբ լսեց իմ կատարումը։ Շատ էր հավանել ու հիացել։ Ես հաճախ հանրակացարանի իմ սենյակում եմ սիրում երգել ու միշտ մտածում էի, որ ինձ աղմկոտ հարևան են համարում և մի օր անպայման կդժգոհեն, բայց որքան էի զարմացել, երբ միջանցքում ինձ տեսնելիս գովեցին ու լավ-լավ բաներ ասացին։ Իսկապես շոյված էի»,- ասում է նա։
Ուսանողական հանրակացարանում, որտեղ բնակվում է, Քին միակը չէ Չինաստանից: Հարևանությամբ ևս 9 չինացի ուսանողներ են բնակվում, որոնք սովորում են Երևանի տարբեր բուհերում: Քիի լուսավոր սենյակի մի հատվածում ուսանողական գրքերն են շարված։ Դրանց մեծ մասը չինարեն է, բայց գրքերի մեջ նշմարվում է նաև Ջանի Ռոդարիի հայերեն թարգմանությամբ մի վիպակ, Գագիկ Ավետյանի «Արևի հեքիաթը», ինչպես նաև հայերեն լեզվով երաժշտական գրքեր։ Քին արդեն կարողանում է խոսել ու հասկանալ հայերեն, թեկուզ մի փոքր սխալներով. այդ հարցում նրան հենց հայերեն գրքերն են շատ օգնել։ Նա դեռ ավելի է կատարելագործելու հայերենի իմացությունը, քանի որ Հայաստանն իրեն հարազատ երկիր է դարձել՝ ասում է։
Քին փորձում է հայերի հետ հայերեն շփվել, թեև հայերենի հոլովները դեռ լավ չի յուրացրել, բայց բավականին շատ հայերեն բառեր ու արտահայտություններ գիտի:
«Ես միայն մի քիչ կասեմ հայերեն, բայց փորձում եմ։ Իմ անգլերեն մի քիչ ավելի լավ, քան հայերեն»,- փորձում էր խոսքը հնարավորինս կարճ ու գրագետ ձևակերպել, իսկ առանձին բառերը հստակ էր արտասանում։


«Հայաստանի կենսակերպը Չինաստանից շատ էր տարբերվում։ Եթե Չինաստանում մարդիկ միշտ շտապում են, տեխնոլոգիաներն ամենուր են, ապա այստեղ կյանքը ավելի հանդարտ է, փողոցները՝ ավելի ջերմ, մարդիկ՝ ավելի հանգիստ։ Ոչ մի տեղ պետք չէ շտապել։ Սկզբում ամենաբարդը լեզվական խոչընդոտն էր, բայց հայերը միշտ պատրաստկամ էին օգնելու, և երբ իմ կոտրված հայերենով խոսում էի սուպերմարկետներում, ինձ չէին ծաղրում կամ վատ աչքով նայում, այլ ժպիտով ու համբերատարությամբ հաղորդակցվում էին»,- պատմում է նա։
Քին արագ հարմարվեց հայաստանյան պայմաններին։ Քաղաքը, որտեղ ինքն ապրում է, փոքր էր, ուստի մեծ տարբերություն չի զգացել, բայց Հայաստանում սովորելն իսկական արկած էր թվում ծնողներին։ Նրանք անհանգստացած էին՝ Հայաստանը հեռու էր, ինչպես է երիտասարդ աղջիկը հարմարվելու սննդակարգին ու կլիմային՝ անհայտ էր։ Բայց նրանք նաև դեմ չէին, որ դուստրը բացահայտի աշխարհն ու նոր մշակույթների ծանոթանա, ուստի չխոչընդոտեցին նրա որոշմանը և նրան Հայաստան ճանապարհեցին։
«Ես Չինաստանից ինձ հետ շատ համեմունքներ եմ բերել, որպեսզի այստեղ չկարոտեմ չինական խոհանոցը։ Երբեմն նաև կարողանում ենք Չինաստանից պատվերներ կատարել, որոնք առաքվում են Հայաստան։ Այ, նաև սա եմ ինձ հետ Չինաստանից բերել, սա կարևոր սարք է»,- ասում է Քին ու ցույց տալիս բրինձ եփող սպիտակ սարքը։ Բրինձ Չինաստանում շատ են սիրում, չնայած, ասում է, տարբեր տարածաշրջաններում սննդային սովորությունները տարբեր են։

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գանսու նահանգում, որտեղ Քին ապրել է, սիրում են նաև լապշա ուտել. ամենահայտնին «Լանժոու» կոչվող ուտեստն է՝ լապշան տավարի մսով։ Այստեղ էլ է երբեմն պատրաստում է, բայց, ա՛յ, հայկական ուտեստներ դեռ չի կարողանում պատրաստել։ Հայկական խոհանոցին լիովին ծանոթ չէ, թեև որոշ ուտեստներ փորձել է։ Ամենաշատը լահմաջոն է սիրել։ Եթե առիթ ու հնարավորություն լինեն, պատրաստման ձևը կսովորի, որպեսզի Չինաստանում իր տնեցիներին էլ զարմացնի։
«Իսկական հայկական շունչը զգացի, երբ Գարնանային տոնին հրավիրեցին հայ ընկերոջս տուն։ Միասին հայկական ավանդական խաղեր խաղացինք, ուտեստներ փորձեցինք, և ես առաջին անգամ զգացի հայկական ջերմությունն ու հյուրասիրությունը։ Հայկական խոհանոցը շատ համեղ է, բայց անունները չեմ մտապահել»,- ասում է Քին։
Չինուհին նաև Հայաստանի բնությունն է առանձնացնում, Սևանում է եղել ու Սևանի գույները չի մոռանում։ Նաև երևանյան այգիներից մեկն է շատ հավանել, բայց անունը չի հիշում։
«Անունը չեմ հիշում, բայց այդ գեղեցկությունը, ներդաշնակությունը ինձ կախարդել են»,- ընդգծում է նա։
Հայկական շատ սովորույթների ու ավանդույթների դեռ չի առնչվել։ Հասցրել է Նոր տարին նշել հայ ընկերների հետ, զգալ հայկական հյուրընկալությունն ու ջերմությունը, ինչպես նաև մասնակցել Սբ. Սարգսի տոնին։

«Ընկերուհիս ինձ ասաց, որ եթե այդ օրը շատ աղի բլիթ ուտեմ ու ջուր չխմեմ, ապա գիշերը երազումս կտեսնեմ, թե ինչպես է ինձ ջուր տալիս այն մարդը, որն ինձ համար նախատեսված է։ Առաջին անգամ էի նման բան լսում, բայց որոշեցի փորձել։ Կերա աղի բլիթն ու ամբողջ գիշեր չքնեցի, էլ ուր մնաց երազումս ինձ ջուր տային»,- ծիծաղում է նա։
«Հաջորդ օրը ընկերներիս պատմեցի, թե ինչպես են Չինաստանում նշում սիրո տոնը՝ Վալենտինի օրը։ Զույգերը պարզապես միմյանց նվերներ ու շատ սեր են տալիս»,- ասում է նա։
Ուսումը մեկ տարուց ավարտելուց հետո Քին Չինաստան կվերադառնա, բայց ասում է.
«Դեռ չգնացած՝ արդեն հետ գալու առիթ եմ փնտրում։ Հնարավորություն ունենամ՝ ծնողներիս էլ կբերեմ այստեղ, որպեսզի նրանք էլ զգան Հայաստանի ջերմությունը»,- ժպտում է նա:
Սաթենիկ Հայրապետյան
MediaLab.am



















