Մոսկվայում հանդիպել են Չավուշօղլուն և Լավրովը

Մոսկվայում տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Մևլութ Չավուշօղլուի հանդիպումը, հայտնում է Ermenihaber.am-ը։

Թուրքիան, նպատակ ունենալով լավ հարաբերություններ պահպանել թե՛ Ռուսաստանի և թե՛ Ուկրաինայի հետ, փորձում է միջնորդի դեր ստանձնել երկու երկրների միջև առկա հակամարտության պայմաններում:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, թուրքական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, նշել է, որ չնայած Թուրքիայի և Ռուսաստանի միջև առկա են որոշակի տարաձայնություններ Ուկրաինայի հարցում, բայց Թուրքիայի հավաարակշռված դիրքորոշումը ողջունելի է իրենց համար:

Չավուշօղլուն իր հերթին ևս մեկ անգամ ընդգծել է, որ իրենք ցանկանում են՝  ճգնաժամը ավարտվի խաղաղ ճանապարհով և այս առումով մեծ նշանակություն են տալիս դիվանագիտությանը:

Չավուշօղլուն և Լավրովը հանդիպել են մամուլի ներկայացուցիչների հետ, որտեղ քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա ճգնաժամը։

Ռուսաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել Անկարայի պատասխանատու մոտեցումը Մոնտրոյի կոնվենցիայի իրականացման հարցում։

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Լավրովին Անթալիա մեկնելու և եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար։

Նա նաև նշել է, որ իրենք կարողանում են Ռուսաստանի հետ աշխատել այնպիսի բարդ խնդիրների շուրջ, ինչպիսին օրինակ Սիրիայի հարցն է: