«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրենը ձերբակալվել է. ՀՀ քննչական կոմիտե

«Սեքյուրիթի Դրիմ» ընկերության հիմնադիր տնօրեն Ալեքսան Զաքարյանը ձերբակալվել է: «Արմենպրես»ին այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։ Նշվում է, որ ընկերության տնօրենը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի հոդված 189-ի 3-րդ մասի կասկածանքով։ Այն է՝ կեղծ ձեռնարկատիրությունը, որի հետևանքով առանձնապես խոշոր չափերի վնաս է պատճառվել։

Ալեքսանդր Զաքարյանը իրավապահների ուշադրության կենտրոնում եղել է 2019 թվականին։ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը 2019 թվականի օգոստոսին հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության հիմնադիր Ալեքսանդր Զաքարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը։ Ըստ աղբյուրի, վերջինիս, ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (առանձնապես խոշոր չափերով խարդախությունը) և 325–րդ հոդվածի 2–րդ մասի ( մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելը) հատկանիշներով։ Սեպտեմբերին նա գրավի դիմաց ազատ էր արձակվել։