Արևմտյան Սուդանի ցեղասպանությունը վավերագրող Թեդ Բրաունը ժամանել է Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարության «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագրի շրջանակում հուլիսի 20-25-ը Հայաստան կայցելի ամերիկացի կինոռեժիսոր Թեդ Բրաունը, որն աշխատարաններ և վարպետության դասեր կանցկացնի տեղի երիտասարդ և խոստումնալից վավերագրողների համար։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանության տարածած հաղորդագրությունից, «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագիրը պետքարտուղարության առաջատար ծրագրերից է, որը, ԱՄՆ դեսպանատների հետ համատեղ, ամեն տարի կազմակերպում է ֆիլմերի ցուցադրումներ, աշխատարաններ և վարպետության դասեր աշխարհի՝ ավելի քան 60 երկրում։ Ծրագիրը ֆիլմերի օգնությամբ տարբեր երկրների հանդիսատեսին է ներկայացնում  ամերիկյան հասարակությունը, մշակույթը և խրախուսում ու անհրաժեշտ գործիքներ ապահովում տեղի ֆիլմ արտադրողներին՝ իրենց պատմությունները ներկայացնելու համար։

Բրաունի այցի ընթացքում երիտասարդ ու խոստումնալից վավերագրողների ու մասնագիտական որոշակի փորձ ունեցող լրագրողների համար նախատեսվում են ինտենսիվ աշխատարաններ ու վարպետության դասեր փաստագրական սթորիթելինգի և հակամարտությունների լուսաբանման թեմաների շուրջ, որոնց կազմակերպման հարցում ԱՄՆ դեսպանությունը գործակցում է ՀԵՏՔ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ։

«Փաստագրական սթորիթելինգը մարդկանց ոգեշնչելու ու մեր շրջապատը կերտելու ներուժ ունի։ ԱՄՆ դեսպանությունը ուրախ է Հայաստանում հյուրընկալել  Թեդ Բրաունին, որի ֆիլմերն ընդգծում են փաստագրական ֆիլմերի կարևորությունը սոցիալական արդարության գիտակցումը մեծացնելու ու դրական տեղաշարժեր ապահովելու հարցում», – նշել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը։

Ռեժիսոր և սցենարիստ Թեդ Բրաունն առավելապես հայտնի է «Դարֆուրն այժմ» մրցանակակիր ֆիլմով, որտեղ վավերագրված է Արևմտյան Սուդանի ցեղասպանությունը։ Ֆիլմը միջազգային հնչեղություն հաղորդեց այս հարցին։ Հայտնի է նաև նրա «Խաղագումար զրոյի վրա»  լիամետրաժ վավերագրական ֆիլմը, որտեղ դիտարկվում են  կորպորատիվ տնտեսական հանցագործություններ։

Թեդ Բրաունը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կինեմատոգրաֆիայի դպրոցի պրոֆեսոր է, դասավանդում է սցենարի պատրաստում, ինչպես նաև ղեկավարում է կինեմատոգրաֆիական էթիկայի հարցերով Ջոզեֆ Քեմփբելի անվան ամբիոնը։