Ադրբեջանի հաշվարկներով՝ մարդիկ պետք է շուտով միջանցք խնդրեն ու դուրս գան Արցախից. Տաթևիկ Հայրապետյան 

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը 

– Տիկի՛ն Հայրապետյան, ադրբեջանցի «էկոակտիվիստները» օրերս դադարեցրին իրենց ակցիան, որը սկսել էին 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ արգելափակելով ազատ տեղաշարժը։ Բայց ինչպես հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից, հիմա այդ նույն հատվածում տեղակայվել են արդեն ուժային մարմինների ներկայացուցիչներ։ Ի՞նչ է անում Ադրբեջանը ըստ էության։

– Ըստ էության, Ադրբեջանը փորձում է փոխել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները և նոր իրողություններ ստեղծել գետնի վրա ու այդ ճանապարհին, փաստացի, այս պահին առնվազն, որևէ լուրջ դիմադրության չի հանդիպում: Այսինքն՝ այդ չարաբաստիկ փաստաթուղթը ստորագրել են երեք հոգի՝ Ալիևը, Պուտինն ու Փաշինյանը, երկու պետությունների ղեկավարները հայտարարում են, որ Լաչինի միջանցքը սակարկման ենթակա չէ, ամեն բան կանոնակարգված ու ֆիքսված է եռակողմ հայտարարությամբ, իսկ երրորդ կողմն իր ցանկությամբ փոխում է իրողությունը գետնի վրա՝ ստեղծելով լուրջ խոչընդոտներ։ 

Ադրբեջանի առաջնային նպատակը, բնականաբար, Արցախի ու արցախահայության հետ կապված խնդիրներն են, եթե հետևեք իրենց լրատվականներին, տելեգրամյան ալիքներին, տարբեր վերլուծություններին, իրենց հաշվարկներով՝ մարդիկ շուտով պետք է միջանցք խնդրեն ու դուրս գան Արցախից, այսինքն՝ մարդիկ այդ պայմաններում չեն կարող ապրե:

Մի քանի ճակատով պայքար է գնում՝ տեղեկատվական, հոգեբանական և այլն։ Օրինակ՝ երեկ լուր էին տարածել, որի վերնագիրը հետևյալն էր, իբր Լեռնային Ղարաբաղից 600 հոգի դուրս է եկել: Բացում ես նյութը, սակայն պարզվում է, որ մարդիկ դուրս են եկել բուժառության նպատակով ու հետ են եկել, այսինքն՝ քարոզչական առումով ցույց են տալիս, որ, տեսեք՝ բան չմնաց, մարդիկ դուրս են գալիս։ 

Ավելի երկարաժամկետ պլանավորմամբ՝ Ալիևը հստակ ցույց է տալիս, որ հաջորդիվ թիրախավորելու է Սյունիքը: Եթե ուշադրություն դարձնեք, վերջին օրերին թե՛ նրա, թե՛ տարբեր այլ պաշտոնյաների խոսքում Սյունիքի մարզի նկատմամբ նկրտումներ արտահայտող ձևակերպումներ կան։ Պաշտոնապես ֆինանսավորվող խումբ ունեն, որը խոսում է դեպի Ղարաբաղ ադրբեջանցիների վերադարձի մասին, վերջին շրջանում նույն խումբը սկսել է ասել, որ անվանումը պետք է փոխվի ու դառնա «Դեպի Ղարաբաղ ու Զանգեզուր ադրբեջանցիների վերադարձի մասին», այսինքն՝ իրենց կարծիքով, փուլ առ փուլ կուլ են տալիս Հայաստանը։

– Ասացիք, որ երեք կողմ են ստորագրել հայտնի փաստաթուղթը, բայց մի կողմը, համենայնդեպս, մինչև այս պահը, անխոչընդոտ անտեսում է այդ փաստաթղթով ստանձնած պարտավորությունները։ Մյուս երկու կողմը չե՞ն կարող, թե՞ չեն ուզում կանգնեցնել Ադրբեջանին։ 

– Իրականում ես կարծում եմ, որ հայկական կողմը հստակ իր ձեռքերը լվացել է, այսինքն՝ Հայաստանի իշխանությունները Արցախի հիմնահարցն ու Արցախում ապրող մեր հայրենակիցների ճակատագիրը թողել են ռուս-ադրբեջանական պայմանավորվածությունների շրջանակում, այսինքն՝ մեզ համար կենսական հարցը թողել են երկու այլ պետությունների առևտրի շրջանակներում՝ ամբողջությամբ ձեռք քաշելով մասնակցությունից: 

Այդ իսկ պատճառով վերջերս Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակն ասաց, որ Հայաստանը պետք է ներգրավվածություն ունենա: Հենց դա էր ակնարկում, որովհետև Հայաստանը փաստացի չի ուզում խնդրին մասնակցություն ունենալ։ Հայաստանի իշխանությունները բազմիցս ասել են, որ այդ կերպ Հայաստանն են պաշտպանում, բայց դա մի մեծ կեղծիք է, ու բոլորը, ովքեր ունեն տրամաբանություն ու գիտակցություն, հստակ տեսնում են, որ, այնուամենայնիվ, Ադրբեջանը ՀՀ սուվերեն տարածքից օկուպացրել է 13-15 հազար հեկտար։ 

– Իսկ ռուսական կողմին ձեռնտո՞ւ է այս իրավիճակը, նա ի՞նչ հիմնավորմամբ չի կանխում ադրբեջանական առաջխաղացումը։

– Ես չեմ կարծում, թե որևէ կերպ ձեռնտու է, նաև ուղղակի չեմ կարծում, որ եթե իրենք հստակ քաղաքական որոշում ունենան, ապա չեն կարող ազդել Բաքվի վրա, որքան էլ զբաղված են Ուկրաինայում, որքան էլ այնտեղ իրենց համար կենսական խնդիրներ են լուծվում, միևնույն է, ես կարծում եմ, որ Հարավային Կովկասը ոչ պակաս կենսական է Ռուսաստանի համար, որովհետև եթե իրենք կորցնեն Հարավային Կովկասը, հաջորդիվ թիրախավորվելու է Հյուսիսային Կովկասը՝ հենց բուն Ռուսաստանի տարածքը, իսկ սա իրենց համար ոչ պակաս կարևոր անվտանգային հարց է, ու այսօր, ուղղակի նստել նայել, թե ինչպես է Բաքուն վարվում ռուսների հետ, ցույց տալով, որ արհամարհում է Լավրովի կամ մյուս պաշտոնյաների ասածը, դա նշանակում է, որ Ռուսաստանը երկարաժամկետ առումով ուղղակի լուրջ խնդիրներ է ունենալու մեր տարածաշրջանում։ 

Ես չեմ կիսում այն մոտեցումը, որ միշտ ասում են, թե սա երկուստեք պայմանավորվածություն է, որովհետև եթե պայմանավորվում են, ապա երկուսն էլ պետք է իրենց շահն ունենան դրանում, իսկ ես Ռուսաստանի շահը չեմ տեսնում։ 

– Տիկի՛ն Հայրապետյան, Հայաստանի իշխանությունները մեծ հույսեր են կապում միջազգային հանրության հետ, որ նրանց ճնշմամբ Ադրբեջանը հետքայլ կանի։ Արդարացվա՞ծ են այս հույսերը, ու եթե Լաչինի միջանցքից այդ անցակետը չհանվի, ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։

– Արցախից հնչում են կարծիքները, որ եթե այն մնա՝ դրանից օգտվող չի լինի, այսինքն՝ կապրեն պաշարված ամրոցի տրամաբանությամբ։ Ես չեմ պատկերացնում, որ մարդիկ այդ անցակետով կարողանան ներսուդուրս անել, իսկապես, որովհետև Ադրբեջանում հստակ ասում են, որ ցուցակ ունեն ու կորոշեն՝ պատերազմական հանցագործներ կան, թե չէ, եթե կան՝ տեղում կձերբակալվեն։ Անվտանգային լուրջ խնդիրներ են առաջանում։ 

Ինչ մնում է հույսերին․ առաջիկայում Վաշինգտոնում բանակցություններ են սպասվում, բայց ես որևէ դրական ակնկալիք չեմ կարող ունենալ, որովհետև չեմ տեսել, որ ՀՀ իշխանություններն ունակ լինեն բանակցային գործընթացում հաջողություն ապահովել, լավ, գոնե այնպես անել, որ կորուստներ չունենանք, էլ չեմ ասում՝ ինչ-որ ձեռքբերում ապահովեն։ 

Մենք գնալով ավելի վատ դիրքերում ենք հայտնվում, որովհետև ամեն անգամ, երբ Ադրբեջանը գետնի վրա նոր իրավիճակ է ստեղծում, ապա նոր իրավիճակ է սկսվում բանակցության համար, ու դու, նախորդ խնդիրները մոռացած, փորձում ես նորերը լուծել։ Երբ դու վարում ես անբովանդակ, առանց տեսլականի բանակցություններ, հետևանքներն էլ այսպիսին են լինում։ 

Միջազգային հանրության որևէ քայլ օգտակար կլիներ, եթե դա տեղում ուղեկցվեր Հայաստանի կողմից տնային աշխատանքի կատարմամբ, Հայաստանն իր համար անվտանգային խնդիրներ լուծեր, բայց, օրինակ՝ բացեք թվիթերյան հարթակը, որը շատ կարևոր գործիք է միջազգային հանրության մտքի վրա ազդելու, ու տեսեք՝ ինչ աշխատանք է տանում Ադրբեջանը, ու ինչ աշխատանք՝ Հայաստանը պետական մակարդակով, ընդամենը մի քանի հոգի են ակտիվ, այն էլ՝ ոչ պետական համակարգից։ 

– Ստացվում է, որ արցախահայության հույսը մնում են միայն ռուսնե՞րը։

– Առնվազն Արցախից եկած տարբեր արձագանքները փաստում են, որ, այո՛։ Այնտեղ հասկացել են, որ Հայաստանի իշխանությունները իրենց ամբողջությամբ միայնակ են թողել, դեռ մի բան էլ չգիտեն, թե ի՛նչ է տեղում բանակցվում: Երբ հայտարարում են, թե նախկիններն Արցախը թողել են Ադրբեջանի կազմում, դա նշանակում է, որ իրենք ձևավորում են իրենց քաղաքական ալիբին՝ Արցախն Ադրբեջանին վերջնականապես հանձնելու համար։ Արցախում սա հստակ հասկացել են, դրա համար էլ միակ հույսը մնում են ռուսները, որոնք փորձում են տեղում ինչ-որ խնդիրներ լուծել։ 

Ի դեպ, ադրբեջանական մամուլում երեկ նյութ էին հրապարակել, որի բովանդակությունը հետևյալն էր, թե «ռուսները Ղարաբաղ են ուղարկել ռազմատենչ գեներալ, որպեսզի ստիպեն, որ զիջումների գնանք, բայց մենք ոչ մի գնով ոչ մի զիջման չպիտի գնանք, սա մեզ համար կարևոր փորձություն է»։ Սրանից էլ դատելով հասկացա, որ որոշակի ճնշումներ, ամեն դեպքում, կան, բայց ես նաև տեսնում եմ, որ գետնի վրա Ադրբեջանը շարունակում է նոր իրողություններ ստեղծել։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am