Լեռնային Ղարաբաղի Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում 75-ամյա փոքրամարմին, ժպտերես ադրբեջանուհի Նիզբաթին բոլորը «տյոտյա Լյուսյա» են ասում:
Մոտավորապես կես դար է, ինչ Լյուսյան ապրում է ամուսնու` Շահենի հետ, և ինչպես ինքն է ասում, նրա հետ էլ պատրաստվում է մեռնելու:
«Ինքը հայ ա, ես` ադրբեջանցի: Մի տղա ունենք, որդեգրալ ընք, Երևան ա ապրում,-ասում է 60-ականներին Բաքվի շրջանի Շամախի քաղաքից Ղարաբաղ եկած Լյուսյան: – Հիշում չըմ` պարիկամներիս վերջին անգամ հիբ ըմ տեսալ»:
Իրենց սիրո պատմությունը Շահենն ու Լյուսյան մի քիչ տարբեր կերպ են պատմում: Շահենը հիշում է, որ Լյուսյայի բարեկամները դեմ էին, որ նա հայի հետ ամուսնանա, և իրենք որոշեցին միասին փախչել: Լյուսյան էլ ամուսնու պատմության մեջ մի փոքր ուղղում է կատարում.
«Ինքն ինձ փախցրալ ա»,- գոհ ժպտալով ասում է նա:
80-ն անց Շահեն Եգանյանը 1957-ին մեկնում է Բաքու` բուժվելու, որտեղից էլ նրան ուղարկում են Շամախի` հաշմանդամի տուն: Այստեղ էլ Շահենը հանդիպում է խոհանոցում աշխատող Նիզբաթին:
«Ինքը հաց կտրող էր ու աշխատանքից մենակ գլուխ չէր հանում, ես սկսեցի իրեն օգնել ու մի օր ասեցի` արի փախչենք էստեղից,- պատմում է Շահենը: – Մի քանի օրից նա եկավ պայուսակներով, և մենք ուղիղ գնացինք ավտոկայան, էնտեղից Ֆիզուլի, ապա` Մեծ Թաղլար գյուղ` տատիս մոտ, ու մնացինք մինչև հիմա»:
Շահենը, որը վերջին տարիներին կորցրել է տեսողությունը և տեղաշարժվում է փայտի օգնությամբ, հուզված պատմում է իր և կնոջ պատմությունը, մինչ Լյուսյան ժպտում է և գլխի շարժումներով հաստատում նրա ասածները:
«Ո՞ւր գնայի, իմը սա ա»,- ասում է Լյուսյան` հիշելով այն օրերը, երբ ամեն ինչ «խառնվում է» իրար, և հակամարտության հետևանքով Հայաստանում և Ղարաբաղում բնակվող ադրբեջանցիները հեռանում են Ադրբեջան, Ադրբեջանում ապրող հայերը` Հայաստան:
«Աստված պահի Թաղլարի բնակիչներին` և´ մեծին, և´ փոքրին,- ասում է Լյուսյան,-նրանք ինձ պահել-պահպանել են, հարգել: Գնում եմ հյուր, միանգամից ինձ համար տեղ են ազատում, ասում են` նստե´ք, տյոտյա´ Լյուսյա: Եթե մի տեղ չկարողանամ գնալ, բաժինս միշտ ուղարկում են: Պատերազմի ժամանակ էլ են ինձ պահել, ոչ մեկը ոչ մի վատ բառ ինձ չի ասել… Եթե մեկի մտքով էլ անցներ, մյուսները միանգամից պաշտպանում էին. չհամարձակվե´ս: Իմ հայրենիքն էստեղ է»:
Լյուսյան ջերմությամբ է խոսում հարևանների մասին, ասում, որ նրանք միշտ պատրաստ են օգնելու:
«Հենց մի բան պետք եղավ, միանգամից վազում-գալիս օգնում են: Հարևանի տղա Կամոն պետք եղած դեպքում միանգամից էստեղ է, մյուս հարևանը` Արտոն, միշտ օգնում է մեզ,- պատմում է Լյուսյան: – Էն օրը չէինք կարողանում վառարանը վառենք, Կամոն եկավ, վառարանը վառեց, հետո գնաց ջուր բերեց, թեյնիկը լցրեց, դրեց կրակին: Ճաշ եփեց մեզ համար: Մենք էստեղ բարեկամներ չունենք, ինչ ունենք` մեր հարևաններն են»:
Տյոտյա Լյուսյայի ամենամոտ հարևանուհին Ազնիվն է, նրանց ընկերությունն այնքան հին է, որքան Լյուսյայի` Թաղլարում հաստատվելու պատմությունը:
«Ես նրանց ճանաչում եմ այստեղ գալու առաջին իսկ օրից: Էդ օրից հարևանություն ենք անում: Փորձում ենք օգնել ինչով կարող ենք, հատկապես հիմա, երբ մենակ են,- ասում է Ազնիվը: – Պատերազմը ոչ մի կերպ չի ազդել մեր ընկերության վրա, ինչ տարբերություն` ինքը հա՞յ է, թե՞ հայ չէ»:
Տախմազովա Լիդիա Աբդուլլա գըզը ևս ապրում է Հադրութի շրջանում: Լյուսյայի նման նա էլ այն սակավաթիվ ադրբեջանցիներից է, որոնք չհեռանալով Ղարաբաղից` չեն էլ թաքցնում իրենց ազգային պատկանելությունը: 69-ամյա տյոտյա Լիդիան միայնակ ապրում է Տումի գյուղի իր հին, վառարանի ծխից սևացած պատերով տանը:
Ամուսինը` Բենիկը, մահացել է տարիներ առաջ, իսկ առաջին ամուսնությունից ծնված որդին` Էդուարդ Իվանովը, զոհվել է Ղարաբաղյան պատերազմի ժամանակ:
Լիդիան 80-ականներին, ռուս ամուսնուց ամուսնալուծվելուց հետո հանդիպում է Բենիկին, որից հետո տեղափոխվում Տումի գյուղ: Նա ասում է, որ գյուղը միանգամից հավանել է:
«Շատ տեղերում եմ եղել` Մոսկվա, Կիև, Լենինգրադ, բայց ամենաշատն այս գյուղը հավանեցի»,- ասում է Լիդիան:
Նա պատմում է, որ գյուղում էլ որդին դպրոց էր գնում, իսկ երբ 1991-ին կաթվածից մահանում է ամուսինը, որդուն հորդորում է հեռանալ պատերազմական իրավիճակում գտնվող Ղարաբաղից:
«Ասեց` չէ´, մա´մ, ստեղ ես ընկերներ ունեմ, նրանց հետ հաց եմ կիսել, չեմ կարող աղն ու հացը մոռանամ,- հիշում է Լիդիան: – 1992-ին որպես կամավոր գնաց ռազմաճակատ, իսկ 1994-ին մահացավ: Ընդամենը 18 տարեկան էր»:
Որդու մահից հետո Լիդիային օգնում է ընկերուհին` հաճախ գիշերելով Լիդիայի տանը, որպեսզի հայերը չնեղացնեն նրան:
«Բայց ես ինձ օտար չեմ զգացել, թեև ընկերուհիս ինձ օգնական էր: Սակայն երբ երկու տարի առաջ նա մահացավ, ես լրիվ մենակ մնացի,- ասում է Լիդիան` նշելով, որ հիմա էլ ընկերուհու աղջիկն է ամեն ինչով օգնում իրեն: Հենց մի բան է պետք լինում, պատուհանից կանչում եմ` Մարինա~, և նա միանգամից գալիս է»:
Լիդիան երախտագիտությամբ է հիշում բոլոր այն մարդկանց, ովքեր օգնել են իրեն դժվարին պահերին:
«Երբ որդիս մահացավ, այն ժամանակ ինձ օգնեց կոլխոզի նախագահը: Ես ոչինչ չունեի. ո´չ ամուսինս կար, ո´չ որդիս, ո´չ փող ունեի, ո´չ աշխատանք,- պատմում է մասնագիտությամբ տնտեսագետ Լիդիան: – Այդ դժվար տարիներին սկսեցի դպրոցում հավաքարար աշխատել: Հետո սկսեցի թոշակ ստանալ: Որդուս մահից հետո արդեն չէի ուզում ուրիշ տեղ գնալ, արդեն հարմարվել էի…»:
Լիդիան ասում է, որ Ադրբեջանում եղբայր և երկու քույր է թողել, որոնց մասին 1989-ից ի վեր ոչ մի լուր չունի:
«Վերջին տեղեկություններս նրանցից 1989-ին էր: Հիմա ոչ մեկի մասին ոչինչ չգիտեմ,- ասում է Լիդիան: – Շատ կցանկանայի նորից տեսնել հարազատներիս, բայց չեմ կարծում, թե մոտ ապագայում հնարավոր է»:
Տումի գյուղում տյոտյա Լիդիային բոլորը գիտեն: Ում էլ հարցնես` ընդգծված հարգանքով ցույց կտա կնոջ տունը:
«Մենք հարևանություն ենք անում արդեն 30 տարի և, ոչ մի խնդիր մեր միջև չի եղել: Ի՞նչ տարբերություն,- ասում է Լյուդան,- ինչպե՞ս կարող է նրա հայ չլինելը ազդել մեր հարաբերությունների վրա, առավել ևս, երբ նրա տղան մեզ համար է զոհվել…»
Վարդանը, որը պատերազմի ժամանակ Լիդիայի որդու հրամանատարն է եղել, ասում է, որ նրան սեփական մոր պես է հարգում:
«Կարող եմ ասել ամբողջ գյուղի անունից` այդ կնոջը բոլորն էլ մի ուրիշ ձև են հարգում: Նրա որդին զոհվել է պատերազմի ժամանակ: Նա շատ երիտասարդ էր, այնքան, որ չէինք ուզում նրան մեզ հետ ճակատ տանել,- ասում է Վարդանը: – Բայց եկավ մեզ հետ… Շատ լավ տղա էր: Չէ´, մեր գյուղում ոչ մեկը չի կարող էդ կնոջն անգամ թարս հայացքով նայել: Այ ինչպես ես իմ մորն եմ հարգում, էդպես էլ նրան եմ հարգում: Նա շատ լավ կին է»:
Ռադիոյում աշխատող ադրբեջանուհի մի «շատ լավ կնոջ» մասին էլ խոսում է «Ձայն արդարության» ադրբեջանալեզու կայանի հիմնադիրներից մեկը` տնօրեն Միքայել Հաջյանը:
Ռադիոկայանը Ղարաբաղում հիմնվել է 1997-ին` Ադրբեջանից գաղթած վեց փախստականների կողմից: Շաբաթական չորս անգամ եթերում կես ժամանոց քաղաքական հաղորդումների հիմնական աշխատանքը, ըստ Հաջյանի, կատարում է հենց նա, ում անունը գաղտնի է պահվում:
«Այդ կնոջ ամուսինը, որը հայ էր, մահացել է Ստեփանակերտի ռմբակոծության ժամանակ: Ինքն էլ Ղարաբաղում երեխաներ և թոռներ ունի, բայց իր անունը գաղտնի է պահում լրատվամիջոցներից, քանի որ չի ուզում վտանգել Ադրբեջանում ապրող իր հարազատներին,- «Մեդիալաբին» ասում է Հաջյանը: – Բայց նա չի թաքցնում իր ծագումը, բոլորին էլ ասում է, որ ադրբեջանուհի է և միշտ էլ հպարտությամբ է խոսում իր ժողովրդի մասին»:
Միքայել Հաջյանը շեշտում է, որ ռադիոկայանի գործունեությամբ փորձում են անել այնպես, որ «երկու հասարակությունների միջև վերականգնեն փոխվստահության կամուրջները»:
«Ժամանակը կգա, և երկու երկրները բարիդրացիական հարաբերություններ կունենան: Իսկ դրա համար պետք է ստեղծել այն թելերը, որոնք կկապեին երկու ժողովուրդներին,- ասում է Հաջյանը:- Եվ մենք հենց դա ենք փորձում անել»:
Լեռնային Ղարաբաղի կառավարությունում ազգային փոքրամասնությունների հարցերով զբաղվող հատուկ բաժնի` «Մեդիալաբին» տրամադրած տվյալների համաձայն` երկրում գրանցված է 6 ադրբեջանցի: Սրանք այն մարդիկ են, ովքեր պաշպոնապես չեն թաքցնում իրենց ծագումը: Սակայն, իրականում «ոչ պաշտոնական» թվերն առնվազն մի քանի անգամ գերազանցում են պաշտոնականը:
Քրիստինե Խանումյան
© Medialab.am
—————————————————————————————————————–
Հոդվածը պատրաստվել է «Եվրասիա. Համագործակցություն» հիմնադրամի` (ԵՀՀ) Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանության աջակցությամբ իրականացվող «Հայ-ադրբեջանական հարաբերությունների և ղարաբաղյան հակամարտության անաչառ լուսաբանում էլեկտրոնային լրատվամիջոցներում» նախագծի շրջանակներում: