Բագրատ Օրդյանն ու կինը՝ Սիլվան, ապրում են Գորիս քաղաքի արևմտյան լեռնալանջի բարձրադիր փեշին գտնվող իրենց երբեմնի բնակարանին կից դրված դոմիկում, որտեղ, չնայած վառարանի վրայի թեյնիկի բարալիկ գոլորշուն, ցուրտ է, ոսկորի հետ անհաշտ մարտյան ցուրտ:
Ցուրտ է, խոնավ է, նեղվածք է, տխուր է:
Տխուր, որովհետև երբեմնի բնակարանի հենց բակում` «գրադի» արկերի, արդեն 20 տարվա վաղեմության, ահռելի փոսերն են: Գորիսում աննախադեպ՝ միանգամից 3 արկ «հյուրընկալած», հրդեհված, անդուռ, անպատուհան, անհատակ շենքն ասես պատերազմի լուռ վկան լինի:
Իսկ նեղվածք տնակի մեջ` վառարանին մոտ դրված… ընդարձակ վանդակում, դեղնափետուր թռչնակն ուրախ ծլվլում է…
«Թոռնիկս՝ Սիլվիկը, երբ ուզում է մեր տուն գալ, ասում է՝ գնանք պապիկի «պոեզը»: Մեր էս տանն է «պոեզ» ասում: Երեխան ի՞նչ անի՝ էս է տեսել, էս է հիշում, էս է կարոտում: Մի տեղ էլ՝ երանի~ նրան, որ սրանով ուրախանում է,- թանձր ծխով մլմլացող փայտը վառարանում շուռումուռ տալով, դառը ծխից կկոցած, ջրակալած աչքերով պատմում է 62-ամյա Բագրատ Օրդյանը: – 10 խմ-ից ավելի փայտ ենք վառել, բայց մի կարգին չենք տաքացել»:
«էս էլ,- ձեռքը դնելով ծխահար «աբոյի» կարկատաններով «պատին»` զրույցը շարունակում է նա,- մեր քաղաքի հյուսիսային թաղամասում ինչ-որ մեկի հացահատիկ պահելու տեղն էր: Գնացի ու, առանց տիրոջ համաձայնությանը երկար սպասելու, կռանով դրի իմ «ԿամԱԶ»-ի մեջ, բերեցի: Ի՞նչ անեի, երեք երեխաներով ընտանիքս մնացել էր բաց երկնքի տակ: Վերևում Աստվածն էր, ներքևում՝ մենք, քթներիս տակ՝ երեկվա «քիրվա»-թշնամին, առջևում՝ ձմեռը…Գլխիդ ճարը ինքդ պիտի տեսնեիր. երկիրը գլուխը կորցրած էր»,- մորթե ներդիրով ժիլետի մեջ ձիգ հավաքվելով՝ հիշում է Բագրատը:
Բագրատի կինը` 62-ամյա Սիլվան, այսօրվա պես հիշում է` 1992-ի սեպտեմբերի 30-ն էր: Տան նորոգումը օրեր առաջ էին ավարտել, և այդպիսի կոկիկ ու հարմարավետ տան մեջ ընտանիքով խաղաղ ապրելը, ասում է, իր «ամենաբաղձալի երազանքներից էր»:
«Հիշում եմ՝ երեխեքս ո~նց էին ուրախացել: Պատրաստվում էինք տղայիս ամուսնացնել, երազում էինք հարսանիքներ անել… Այդ օրը բանակում ծառայող կրտսեր որդուս պիտի վիրահատեին: Վզնոցը պարանոցից հանելիս խաչը հիմքից պոկվել էր: Այդ գիշեր վատ երազ էի տեսել: Տագնապ կար մեջս: Վիրահատությունը նորմալ անցավ: Երեկոյան տուն եկա: Ժամը 9-ի կողմերն էր: Մեկ էլ՝ երկինքը լուսավորվեց. օդում սուրալով գալիս էին հրթիռները: Շնչակտուր մեզ գցեցինք մեր հարևանի պադվալը: Մի քանի րոպե գետինն ասես ծառս էր լինում, հետո զարհուրելի դղրդյունը…» – Սիլվան լռում է, արտասվում:
«Մի խոսքով՝ քիչ անց դուրս եկանք ու ի~նչ՝ երկինք հասնող կրակ, և մեր տունը` կրակի մեջ: Մենք, ասես, խելակորույս, հեռու փախանք խավարի մեջ թաղված քաղաքը լուսավորող մեր տնից:
Այրվում էր կեսուր-կեսրարիս, մեր համատեղ կյանքի արած-դրածը, մեր հավեսը, մեր հավատը: 8 հրշեջ մեքենաներ կրակի հախից չկարողացան գալ: 3 օր մեր տունը ծխում էր: Այլևս ոչինչ՝ մի թաշկինակ կամ մի գդալ չունեինք: Խումբ-խումբ մարդիկ եկան, իշխանավորներ եկան, ասացին, որ տունը կսարքեն, ապրուստն էլ մեջը մեզ կտան, բայց երկիրը փոխվեց, խոստումներներն էլ…
Չեմ ուզում վերհիշել, թե սթրեսներից, ցրտից, խոնավությունից, թերսնումից առողջական ինչ խնդիրներ ունեցան երեխաներս, ես ու Բագրատն էլ. հիվանդանոցներ, վիրահատություններ…»:
Դժբախտությունից միայն 10 տարի անց` 2002-ին, Օրդյանների ընտանիքը աջակցություն է ստանում պետությունից` 2 մլն 81 հազար դրամ: Ընտանիքը կարողանում է 600 դոլարով շտապ վաճառվող մեկ սենյականոց բնակարան ձեռք բերել Քաջարանում, ուր տեղափոխվում է ավագ որդին՝ ընտանիքով: Մնացած գումարով, մի քիչ էլ պարտք անելով, Բագրատը տան պատերի վրա նոր տանիք է դնում:
«Կա՞ ավելի դաժան բան, քան այն, որ տեսնում ես, թե ինչպես են ձյունն ու քամին պար բռնում քո երբեմնի շեն տան պատերի ներսում…»- հարցնում է Բագրատ Օրդյանը:
«Գիտե՞ք` ինձ ի´նչն է անվերջ մտահոգում, մեր տարիների արած-դրածը մոխիր, կրակի բաժին դառավ: Հիմա էս ջահելները ի՞նչ հավատով փորձեն իրենց համար տուն ստեղծել: Ես հասկանում եմ, որ պատերազմը շատ կսկիծ է թողել, շա~տ-շա~տ անդառնալի կորուստներ են եղել, բայց, ախր, ամեն մարդ էլ մի կյանք է ապրում: Մերը պրծել է, գոնե էս ջահելները մի բան հասկանային, աշխատանք ունենային»,-ասես ինքն իրեն խոսում է Սիլվան:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արշակ Ուստաբաշյանն ասում է, որ Օրդյաններին էլ ՀՀ կառավարության որոշմամբ` ոչ թե փոխհատուցում է տրվել, այլ ռմբակոծությունների և ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած քաղաքացիներին շուկայից բնակելի տուն (բնակարան) ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցություն է ցուցաբերվել:
«Ես եղել եմ այդ տանը, հասկանում եմ, որ այդ շենքը ոտքի կանգնեցնելու համար հսկայական գումարներ են պետք, բայց Սյունիքում 87 ընտանիք դեռ աջակցության է սպասում»,- «Մեդիալաբին» ասում է Ուստաբաշյանը:
Այն տարիներին Գորիսի գլխավոր ճարտարապետ Սևադա Զաքարյանն ասում է, որ այսօրվա շուկայական գներով Օրդյանների տունը կարգի բերելու համար առնվազն 25-30.000 հազար դոլար է պետք:
Սա հսկայական գումար է Օրդյանների համար, ովքեր ապրում են ամսական 46.000 դրամով՝ 21.000 դրամ Սիլվայի հաշմանդամության թոշակով, 25.000 դրամ էլ՝ Սիլվայի, որպես լվացարարուհու, աշխատավարձով:
Թոշակի տարիքի դեռ չհասած Բագրատն աշխատանք չունի, երեխեքն էլ հազիվ են ծերը ծերին հասցնում…
«Էս երկրում համարյա մեկ է՝ տունդ քո անփության հետևանքո՞վ կայրվի, թե՞ սնարյադից…»,- համոզված է Սիլվան:
Արկերից մնացած ահռլերի փոսերի, ավերակ դարձած տան խոնավ ու նեղվածք դոմիկի տխուր համայնապատկերն առավել Օրդյանների աղջկա՝ Լիլիթի խոսքերն էին. «Ժամանակներից ահագին հետ ընկանք ու էլ չենք հասցնում… Մենակ տունը չէր, տան հետ իմ ու եղբայրներիս երազանքներն էլ այրվեցին…»:
Լենա Հովսեփյան
Գորիս
© Medialab.am
Սույն նախագիծը իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հայ-ադրբեջանական երկխոսություն նոր մեդիայի միջոցով» ծրագրի շրջանակներում եւ ֆինանսավորվում Մեծ Բրիտանիայի կառավարության կողմից: Հոդվածի բովանդակության համար պատասխանատու են հոդվածի հեղինակները: Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ Մեծ Բրիտանիայի կառավարության տեսակետներին: