«Ականատես» դիտորդական առաքելությունը՝ ընտրությունների եւ արդյունքների ամփոփման մասին

Ականատես» դիտորդական առաքելության հայտարարությունը․

2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների

քվեարկության և արդյունքների ամփոփման գործընթացների մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունն իրականացրել է 2021 թ․ հունիսի 20-ի Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների երկարաժամկետ և կարճաժամկետ դիտարկում։

Առաքելության շրջանակներում ներգրավվել է 580 դիտորդ, որոնք դիտարկել են 300 ընտրատեղամաս Հայաստանի ողջ տարածքում։ Ներգրավվել է նաև շրջիկ դիտորդներից բաղկացած 22 խումբ, որոնք այցելել են ընտրանքից դուրս գտնվող ավելի քան150 ընտրատեղամաս, ինչպես նաև դիտորդներ, որոնք հսկել են 33 Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը։

2021 թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների դիտարկումն իրականացվել է պատահական ներկայացուցչական ընտրանքի հիման վրա և ներառել է ձայների զուգահեռ հաշվարկ (ՁԶՀ):

ՁԶՀ-ն հնարավորություն է տալիս վիճակագրական մեթոդների կիրառման միջոցով չափել քվեարկության օրվա գործընթացների որակը, այդ թվում՝ տեղամասերի բացումը, քվեարկությունը, փակումը և արդյունքների ամփոփումը, ինչպես նաև քվեների բաշխումը:

Թեև դիտորդությունը չի ծածկում երկրի բոլոր ընտրական տեղամասերը՝ ընտրանքի վրա հիմնված ՁԶՀ մեթոդը թույլ է տալիս խոսել ընտրական գործընթացի և ստացված արդյունքների մասին՝ համապետական մակարդակով։ Այն կարող է վերահաստատել կամ հարցականի տակ դնել քվեարկության արդյունքները՝ նպաստելով ընտրությունների հրապարակված արդյունքների նկատմամբ հանրային վստահության ամրապնդմանը կամ ընդհակառակը՝ վերհանելով հնարավոր խնդիրները։ 

«Ականատեսի» դիտարկման համաձայն քվեարկության օրն, ընդհանուր առմամբ, անցել է քաղաքացիների շահագրգիռ և ակտիվ մասնակցության պայմաններում։ Գործընթացները հիմնականում իրականացվել են կազմակերպված, սահուն, առանց կոպիտ խախտումների։ Այդուհանդերձ, նկատվել է որոշակի լարվածություն զգալի թվով տեղամասերում՝ հիմնականում կապված կողմնակի անձանց ներկայության, ուղղորդումների, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի քանակի գերազանցման և վերահսկելի քվեարկության դեպքերի հետ։ Թեև ընտրախախտումներում նկատվել է տարբեր կուսակցությունների և դաշինքների («Պատիվ ունեմ»,  «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր», «Զարթոնք», Հայ ազգային կոնգրես, «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք») ներկայացուցիչների մասնակցություն, դեպքերի ճնշող մեծամասնության պատասխանատուն եղել են  «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները։

Նախապատրաստական փուլ

Քվեարկության նախապատրաստման և տեղամասերի բացման գործընթացը հիմնականում կազմակերպվել է սահմանված ընթացակարգերին համապատասխան, առանց լուրջ խախտումների։

Ժամը 7:00-ին «Ականատեսը»  դիտորդներից զեկույցներ է ստացել դիտարկված տեղամասերի 96,3%-ից։

Ընտրական տեղամասեր «Ականատեսի» դիտորդների մուտք գործելու հետ կապված գրանցվել է ժամանակավոր խոչընդոտման  1 դեպք։

Կողմնակի անձանց ներկայություն է դիտարկվել տեղամասերի 2%-ում։  Տեղամասերի 99%-ում տվյալները պատշաճ կերպով ներմուծվել են, և տպվել է գրանցված ընտրողների թիվը հավաստող տեղեկանքը։

Դիտարկված ընտրատեղամասերի 99.6%-ի կահավորումն ապահովվել է քվեարկության գաղտնիությունը։ Թվով 4 տեղամասում եղել են կահավորման հետ կապված խնդիրներ, որոնք մեծ մասամբ կարգավորվել են։

Դիտարկված տեղամասերի 27.5%-ն է եղել դժվարամատչելի սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ընտրողների համար։

Ընտրատեղամասերի մեծ մասը բացվել է ժամանակին. 8%-ը բացվել է մինչև ժամը 8։00-ը, 9-%-ը՝ 8:01-8:10-ը ժամանակահատվածում, իսկ 1%-ը` 8:11-ից հետո։

Քվեարկություն

Քվեարկությունն ընդհանուր առմամբ անցել է խաղաղ, ընտրող քաղաքացիների լայն ու շահագրգիռ ներգրավման պայմաններում։ Գործընթացները հիմնականում եղել են կազմակերպված և օրենքին համահունչ։ Այդուհանդերձ, նկատվել է լարվածություն զգալի թվով տեղամասերում՝ հիմնականում կապված կողմնակի անձանց ներկայության, տեղամասերում առանձին կուսակցությունների վստահված անձանց թույլատրելի քանակի գերազանցման, ուղղորդումների և քվեարկության վերահսկողության դեպքերի հետ։

Քվեարկության գործընթացում նկատվել են ընտրական տեղամասերի ներսում գտնվելու իրավունք ունեցող անձանց իրավունքի խոչընդոտման դեպքեր տեղամասերի 1․33%-ում։ Տեղամասային ընտրական հանձնաժողովները հիմնականում գրանցել են դիտորդների նկատած խախտումները տեղամասային գրանցամատյաններում, սակայն տեղամասերի 6.66%-ում մեկ կամ ավելի դեպքեր չեն գրանցվել։  Տեղամասերի 15․6%-ում եղել է 1-3 դեպք, երբ ընտրողների անվան դիմաց առկա է եղել այլ անձի ստորագրություն: Տեղամասերի 0․67%-ում եղել է 1-3 դեպք, երբ ստորագրություն լինելու պատճառով ընտրողին չի թույլատրվել քվեարկել։

Տեղամասերում ընտրողների գրանցման սարքավորումների հետ կապված լուրջ խնդիրներ չեն արձանագրվել։ Տեղամասերի 25%-ում 1-3 դեպքում ընտրողների անունները գրանցված չեն եղել սարքավորումներում, տեղամասերի 1.33%-ում արձանագրվել է նմանատիպ 4-10 դեպք, և 0․33%-ում՝ 11-ից ավել դեպք։

Արձանագրվել է այլ անձի փոխարեն կամ բազմակի քվեարկության փորձի 2 դեպք:

Եղել են զգալի քանակով դեպքեր, երբ քվեարկության գաղտնիությունը խախտվել է, ընդ որում՝ տեղամասերի 3.33%-ում եղել է միտումնավոր խախտում։ Տեղամասերի 15%-ում նկատվել է բաց քվեարկության 1-3 դեպք, 3․67%-ում՝ 4-10 դեպք, և 0.67%-ում՝ 11-ից ավել դեպք։ Ընտանիքով քվեարկելը շարունակում է տարածված պրակտիկա մնալ։ Տեղամասերի 23․67%-ում դիտվել է 1-3, 7․33%-ում՝ 4-10 և 2․67%-ում՝ 11 կամ ավել ընտանիքով քվեարկության դեպք։

Ուղղորդված քվեարկություն դիտարկվել է տեղամասերի 8%-ում: 4.67%-ում նկատվել է ընտրողների կազմակերպված տեղափոխում ընտրատեղամաս:

Ընտրողին օգնություն ցուցաբերելու ընթացակարգի խախտումներ արձանագրվել են տեղամասերի 4․67%-ում (1-ից ավել)։

Տեղամասերի 2․67%-ը փակվել է ժամանակից շուտ, 94%-ը փակվել է ժամանակին, իսկ 3․33%-ը՝ 20:01-20:10-ին։

Արդյունքների ամփոփում

Տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքն, ընդհանուր առմամբ, համապատասխանել է օրենքով սահմանված գործընթացներին․ միայն տեղամասերի 1․69%-ում են եղել ամփոփման ընթացակարգի խախտումներ, իսկ հաշվարկի ընթացակարգի խախտումներ գրանցվել են տեղամասերի 2․03%-ում։

Ընտրատեղամասերի 93․92%-ում արդյունքների ամփոփման փուլի մասնակիցներին տրամադրվել է արձանագրության քաղվածք։ Տեղամասերից 1․01%-ում հաշվարկի ընթացքում ներկա են եղել կողմնակի անձինք։ Մի շարք տեղամասեր հոսանքազրկվել են, սակայն, ըստ դիտորդների, դա չի խոչընդոտել արդյունքների ամփոփման և հաշվարկի սահմանված գործընթացը։

Էական խախտումներ

Քվեարկության օրը դիտորդները հաղորդել են մի շարք էական համարվող խախտումներ, որոնց հիմնական խմբերը ներկայացված են ստորև բերված աղյուսակում։ Քվեարկության և արդյունքների ամփոփման փուլում «Ականատեսն» արձանագրել է 93 էական խախտում, որոնք դեռևս շարունակում են ստուգվել։

Խախտման տեսակը Խախտումների թիվը 
Դիտորդի իրավունքների խոչընդոտում 8
Կողմնակի անձանց ներկայություն 15
Չհրկիզվող պահարանի հետ կապված խնդիրներ 
Բռնություն, սպառնալիք կամ ճնշում գործադրելու դեպքեր 
Կրկնակի կամ այլ անձի փոխարեն քվեարկության փորձ
Օգնության  կարգի խախտում  
Բաց, վերահսկվող և ուղղորդված քվեարկություն 30 
Քվեաթերթիկների միտումնավոր վնասում 
Արդյունքների ամփոփման ընթացակարգերի  խախտումներ  
Գրանցամատյանում գնահատականը գրանցելու մերժում տեղամասային հանձնաժողովի կողմից 22 

Արդյունքների կանխատեսումը և մասնակցության ցուցանիշներն ըստ ՁԶՀ-ի

Ստորև բերված են ՁԶՀ համաձայն ստացված տվյալները յուրաքանչյուր մասնակից կուսակցության կամ կուսակցության դաշինքի համար: Այս միջակայքերը որոշվում են ՁԶՀ գնահատումների և սխալի մեծության հիման վրա` 95% վստահության միջակայքով:

Կուսակցության անվանումՔվեների տոկոսՍխալի մեծությունՄիջակայք
«Արդար Հայաստան» կուսակցություն0.33%0.08%0.3% to 0.4%
«Հայ ազգային կոնգրես» կուսակցություն1.49%0.15%1.3% to 1.6%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն54.04%1.87%52.2% to 55.9%
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն0.33%0.05%0.3% to 0.4%
«Ազատություն» կուսակցություն0.13%0.02%0.1% to 0.2%
«Պատիվ ունեմ» դաշինք5.34%0.66%4.7% to 6%
«Միասնական Հայրենիք»  կուսակցություն0.06%0%0% to 0.1%
Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցություն0.07%0%0.1% to 0.1%
«Լուսավոր Հայաստան»  կուսակցություն1.14%0.13%1% to 1.3%
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն1.04%0.16%0.9% to 1.2%
«Հանրապետություն» կուսակցություն3.00%0.31%2.7% to 3.3%
«Հայոց Հայրենիք» կուսակցություն1.04%0.11%0.9% to 1.1%
«Ազատ Հայրենիք» դաշինք0.32%0.05%0.3% to 0.4%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն3.89%0.58%3.3% to 4.5%
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն0.36%0.05%0.3% to 0.4%
«5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն1.25%0.12%1.1% to 1.4%
«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն0.33%0.05%0.3% to 0.4%
«Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների դաշինք1.39%0.12%1.3% to 1.5%
«Ազգային օրակարգ» կուսակցություն 0.07%0%0% to 0.1%
«Վերելք» կուսակցություն0.11%0%0.1% to 0.1%
«Ազատական» կուսակցություն1.20%0.15%1% to 1.3%
Հայաստանի եվրոպական կուսակցություն 0.22%0%0.2% to 0.3%
«Հայաստան» դաշինք21.10%1.29%19.8% to 22.4%
«Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն 1.41%0.14%1.3% to 1.5%
«Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն 0.32%0.05%0.3% to 0.4%

ՁԶՀ կանխատեսումը վերջնական մասնակցության համար՝  49.3% է` +/- 0.9% սխալի սահմանով: Անվավեր ճանաչված քվեաթերթիկները 0.38% են՝ սխալի +/- 0.05% սխալի սահմանով:

Տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքը

«Ականատեսն» իրականացրել է 33 տարածքային ընտրական հանձնաժողովների աշխատանքների դիտարկում։ Քվեարկության արդյունքների աղյուսակավորման գործընթացն ընթացել է սահուն։ Դիտորդները հաղորդել են որոշ խախտումների մասին, որոնք ստուգման ընթացքում են։

«Ականատես» նախաձեռնությունը շարունակում է կարճաժամկետ դիտորդներից ստացված տվյալների ճշգրտումը ՁԶՀ նպատակով, ինչպես նաև դիտարկումները Տարածքային ընտրական հանձնաժողովներում։ Էական խախտումներից առավել առանցքային դրվագների վերաբերյալ նախապատրաստվում են դիմումներ, բողոքներ և հաղորդումներ ընտրական հանձնաժողովներին և իրավապահ մարմիններին։