Fip.am-ը գրում է.
ՄԵԾԱՄԱՍԱՄԲ ՍԽԱԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 20-ին այցելել էր Արագածոտնի մարզի մի քանի համայնքներ։ Բնակիչների հետ հանդիպման ժամանակ կառավարության ղեկավարն անդրադարձել էր երկրում ստեղծված իրավիճակին, արցախյան պատերազմի հանգամանքներին և որոշ սխալ ու մանիպուլյատիվ հայտարարություններ արել։
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը դժգոհել էր պատերազմի ավարտից անմիջապես հետո զոհերի թվի շահարկումից։ «Զոհերի թիվը դարձրել են շահարկման առարկա, ամեն օր նոր թվեր են ասում, ասում են 10,000 զոհեր ենք ունեցել, մի օր 5000, մի օր ասում են 7000, այդ բոլոր թվերն իրականությանը չեն համապատասխանում։ Երեկվա դրությամբ հայկական կողմը պաշտոնապես հաստատված 3 հազար 250 զոհ ունի, և ևս 189 ընտանիքներ սպասում են ԴՆԹ պատասխանի, և մենք ունենք անհետ կորածների բավականին մեծ ցուցակ, որը ճշգրտվում է»,- նշել էր նա։
Փաշինյանի ներկայացրած թվերն առնվազն ոչ հավաստի են, քանի որ դեռևս մեկ ամիս առաջ Առողջապահության նախարարությունը հայտարարել էր, որ փետրվարի 13-ի դրությամբ զոհերի թիվն արդեն 3577 է, այդ թվում՝ 428 աճյուններից փորձանմուշներ, որոնք դեռևս գտնվում էին ԴՆԹ փորձաքննության փուլում։
Նիկոլ Փաշինյանը նաև նշել էր, որ զոհերի թվի հետ կապված որոշակի սահմանափակումներ են կիրառվում։ «Որովհետև նախկինում եղել է դեպք, երբ մարդուն հայտարարել են որպես զոհված, բայց պարզվել է, որ ինքը կենդանի է, հիմա քաղաքականությունն այսպիսին է․ մինչև մարդու մարմինը չի հայտնաբերվում, մահվան վկայականով մահը չի արձանագրվում, իրեն զոհված չենք հայտարարում, և դա ճիշտ մոտեցում է, մենք որևէ բան թաքցնելու չունենք մեր ժողովրդից»,- նշել է նա։
Այստեղ, սակայն, հարկ է նկատել, որ կան արձանագրված դեպքեր, երբ զոհվածի մարմինը հայտնաբերվել է, նրանց ընտանիքներն արդեն իսկ ստացել են մահվան վկայական, սակայն ցուցակներում իրենց հարազատի անունը չի ներառվել։ Fip.am-ի հարցումը, թե ինչո՞ւ կոնկրետ անձանց անունները չեն ընդգրկվել զոհվածների ցուցակում, Պաշտպանության նախարարությունն անպատասխան էր թողել։