Արտակարգ դրության շրջանում Կանանց աջակցման կենտրոնի զանգերն ավելացել են

2020-ի մարտին Կանանց աջակցման կենտրոնի թեժ գծին կատարված հեռախոսազանգերի թիվը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 26-ով ավելացել է։

Առաջնային 86 զանգերից 56-ը ընտանեկան բռնության ահազանգեր են, իսկ 30-ը՝ սոցիալական աջակցության։

Կանանց աջակցման կենտրոնի հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

«Ուսումնասիրվել են ընտանեկան բռնության զոհերի խնդիրները՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի սահմանափակումներով։ Ըստ ուսումնասիրության՝ նկատվել է կանանց սոցիալական վիճակի վատթարացում։

Ճգնաժամների ժամանակ կանայք ավելի են տուժում և, իրենց վրա ունենալով երեխաների հոգսը, հաճախ աղքատության մեջ են հայտնվում:

ԿԱԿ-ը, որն աշխատում է ընտանեկան բռնություն վերապրած կանանց հետ, նկատել է, որ կորոնավիրուսի հետևանքների պատճառով կանայք այժմ հայտնվել են առավել խոցելի վիճակում: Շատերը օրավարձով և չգրանցված աշխատողներ են, որոնք այսօր մատնվել են անգործության և մնացել առանց եկամուտի։ Ընտանեկան բռնություն վերապրած կանայք հաղթահարել են շատ դժվարություններ, անցել հոգեբանական վերականգնման շրջան ու հաճախ, չունենալով աշխատանքային փորձ և հմտություններ, փորձում էին աշխատաշուկայում գտնել իրենց տեղը։

Շատերին հաջողվել էր ֆինանսական որոշակի կայունություն ձեռք բերել, սակայն այսօր, երբ աշխարհում, ինչպես նաև մեր երկրում, ամեն բան կանգ է առել, հիմնականում օրավարձով ապրող կանայք են կորցրել իրենց աշխատանքը»,- նշվում է ուսումնասիրության մեջ։ Կանանց աջակցման կենտրոնը, որն իր շահառուներին տրամադրել է առաջնային օգնություն, մտավախություն ունի, որ ավելի երկարատև սահմանափակումների դեպքում չի կարողանա ողջ ծավալով սոցիալական աջակցություն տրամադրել և կանայք կհայտնվեն անելանելի վիճակում։

Կանայք այս օրերին ունեն հեռախոսակապից օգտվելու դժվարություն, քանի որ մեր փորձը ցույց է տվել, որ ընտանեկան բռնության ենթարկվող կանանց հեռախոսահամարներն իրենց ամուսինների անունով են և խիստ վերահսկվող։ Այժմ, երբ բոլորը տանն են, վերահսկողությունն էլ ավելի է մեծացել և կանայք հաճախ չեն կարողանում նույնիսկ անհրաժեշտ զանգ կատարել տանից։

Տրանսպորտային միջոցների բացակայությունն այս օրերին ևս խնդրահարույց է։ Եթե նույնիսկ կանայք ցանկանում են բարձրաձայնել ընտանիքում առկա բռնության մասին, նրանք չեն կարողանում հասնել նույնիսկ տեղամասային ոստիկանություն, կամ Կանանց աջակցման կենտրոնի գրասենյակ։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում մեզ դիմած կանանցից մեկը, որը 25 տարի շարունակ ամուսնու կողմից ենթարկվել էր բռնության, ուղղակի ոտքով դուրս է եկել տանից՝ այս օրերին սակավ տրանսպորտի պատճառով և մոտեցել առաջին իսկ հանդիպած ոստիկանին՝ աջակցության ակնկալիքով։ Վերջինս առաջարկել է տեղամասային ոստիկանություն դիմել, իսկ կնոջ հարցին, թե ինչպես հասնել այնտեղ, պատասխանել է, թե իր գործը չէ։

Կինը հուզված մոտեցել է պատահական տաքսու վարորդի և խնդրել, որ օգնի իրեն։ Ի վերջո, կարեկից մարդկանց աջակցությամբ, ինչպես նաև կենտրոնի ոստիկանության ուղղորդմամբ կինը հայտնվել է մեր ապաստարանում։ Այս օրերին ոստիկանության աշխատակիցների զգայնության պակասը, Կանանց աջակցման կենտրոնի տվյալներով, ևս կարևոր խնդիր է։

Վերոնշյալ դեպքը ցույց է տալիս, որ նման իրավիճակները կարող են կրկնվել, և հարկ է, որ հանրային վայրերում հսկողություն իրականացնող ոստիկանները զգայուն լինեն ընտանեկան բռնության զոհերի նկատմամբ, տիրապետեն ուղղորդման մեխանիզմներին, ինչպես նաև՝ ձեռքի տակ ունենան հասարակական կազմակերպությունների թեժ գծերն ու ահազանգեն»։