Վարորդը շանը կապել է մեքենայի հետևից և վազեցնում է․ ՆԳՆ-ն ուսումնասիրում է տեսանյութը. Factor.am

Համացանցում տեսանյութ է տարածվում, թե ինչպես է «Նիվա» մակնիշի վարորդը մեքենայի հետևից պարանով կապել շանը, վարում է այն և վազեցնում շանը։ Ներքին գործերի նախարարությունից Factor TV-ին հայտնեցին, որ որևէ ահազանգ կամ հաղորդում չեն ստացել, սակայն տեսել են տեսանյութը և այս պահին միջոցներ են ձեռնարկվում քաղաքացուն հայտնաբերելու ուղղությամբ։

Հիշեցնենք, համաձայն ՀՀ Քրեական օրենսգրքի 307-րդ հոդվածի 1-ին կետի` կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունքը՝ կենդանու կյանքի ընդհատումը խեղդելու, կախելու, մասնատելու, թունավորելու կամ այնպիսի նյութ ներարկելու միջոցով, որը տառապանք պատճառելով է հանգեցնում մահվան, ողջ վիճակում կենդանու մաշկազերծումը, անդամահատումը, կենդանիների մարտի կազմակերպումը կամ իրականացումը կամ անտուն կենդանու այնպիսի հավաքը կամ բռնումը, որը հանգեցնում է կենդանու խեղմանը կամ կենդանու կյանքի ընդհատմանը, ինչպես նաև կենդանուն սահմանված կարգի խախտմամբ գիտահետազոտական, բժշկական կամ փորձարարական նպատակով օգտագործելը կամ այլ դաժան վերաբերմունքը՝ պատժվում է տուգանքով՝ առավելագույնը նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: