«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ խախտումներ են արձանագրվել շուրջ 800 ընտրատեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում։
Առաքելության տվյալներով՝ դիտարկված տեղամասերի 7%-ում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, 6%-ում՝ քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ, ևս 6%-ում՝ գաղտնիության ռիսկեր ստեղծող խախտումներ։
Բանավեճ կամ լարված մթնոլորտ արձանագրվել է ընտրատեղամասերի 3%-ում, քարոզչության դրսևորումներ՝ ևս 3%-ում։ Դրանք հիմնականում եղել են քարոզչական բովանդակությամբ շապիկներ, գլխարկներ և կրծքանշաններ։ Առաքելությունը նշում է, որ նման դեպքերը հիմնականում արձանագրվել են օրվա սկզբին և արդեն լուծվել են։
Խախտումների հեղինակների նույնականացման հնարավորության դեպքում արձանագրվել է, որ դեպքերի մոտ 7.5%-ում խախտման հեղինակը եղել է տեղամասային ընտրական հանձնաժողովը, մոտ 1%-ում՝ ոստիկանության ծառայողները, 7.8%-ում՝ վստահված անձինք, իսկ 9.5%-ում՝ ընտրողները։
Ըստ Դանիել Իոաննիսյանի՝ այն դեպքերում, երբ հնարավոր է եղել նույնականացնել խախտում կատարողի կուսակցական պատկանելությունը, դեպքերի 39%-ում խախտման հեղինակը եղել է «Ուժեղ Հայաստան»-ը, 29%-ում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 9%-ում՝ «Հայաստան» դաշինքը, իսկ մոտ 8%-ում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։



















