«Տիգրանակերտը այսօր ցավի, կորստի սիմվոլ է դարձել, բայց ես ամեն ինչ արել եմ, որ այն մեր հզորության, ուժի սիմվոլը դառնա». Համլետ Պետրոսյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Տիգրանակերտ հնավայրի և շրջակայքի պեղման և ուսումնասիրման աշխատանքների արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը

– Պարո՛ն Պետրոսյան, ձեր արշավախումբը երկու անգամ ծանր հարված ստացավ՝ մեկը՝ պատերազմի ընթացքում, մյուսը՝ վերջում, երբ հայտնի դարձավ, որ այդ տարածքները Արցախի ենթակայությամբ չեն լինելու։ Ի՞նչ եք մտածում այդ մասին։

– Ոչ մի բան, ի՞նչ մտածեմ։ Պատերազմ է, եղել է, ի՞նչ մտածեմ։ Էս ծանր պայմաններում, երբ մեր երկիրը ձեռքից գնում է, ի՞նչ պետք է ասեմ։ Տիգրանակերտը այս ամեն ինչի սիմվոլն էր, որ այսպես չլիներ։ Ես ամեն ինչ արել եմ, որ իբր թե նպաստեմ նրան, որ մեր հայրենիքը հզորանա, բայց լրիվ հակառակը ստացվեց։

– Տիգրանակերտը մենք փաստորեն կորցնում ենք և

Համենայնդեպս, այսօրվա էդ ղազագրով (նկատի ունի ՀՀ վարչապետի, ՌԴ և ԱՀ նախագահների ստորագրած հայտարարությունը- հեղ), որ գրել են, Աղդամը միանշանակ նրանց է անցնում, ռուսներն էլ հիմա էնտեղ են, իհարկե անցնելու է։ Շատ խիստ է իմ վերաբերմունքն էս ամենին, շատ հուսահատ եմ։ Ի՞նչ կարող եմ ասել, փորձում էինք անել այն, ինչ ձեռքներիցս գալիս էր։

– Իսկ ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ բան հնարավո՞ր է անել, գուցե տեղափոխե՞լ ինչ-որ մասեր։

– Տիգրանակերտի պարիսպները մինչև 1,5 տոննա բլոկներով են շարված, հենց նույն ադրբեջանցիներն էին ասում, որ հայերը գիշերը գնում էին քար հավաքում, բերում դնում՝ թե Տիգրանակերտի պարիսպն է։ Էդ պարիսպը հազարավոր քարեր են, էդ ինչպե՞ս պետք է տեղափոխվի, աշխարհում նման պրակտիկա չկա, եթե ուզեն էլ, ամբողջ աշխարհը միանա, չեն կարող տեղափոխել։

Դա հուշարձան է, որի մեծ մասը հողի տակ է։ Տիգրանակերտը շատ մոնումենտալ հուշարձան է, և հնարավոր չէ տեղափոխել։ Ես ենթադրում եմ, որ ադրբեջանցիները գալու են, ասելու են՝ տեսեք՝ հայերն ինչ սուտ են ասել, իրենք են սկսելու պատմություններ հնարել, թե իբր դա աղվանական է և այլն, և այլն։

– Արդեն կանխատեսո՞ւմ եք հնարավոր զարգացումները։

– Իհարկե այդպես է լինելու։ Ամբողջ Ադրբեջանի տարածքում նման հուշարձան չկա։ Իրենց Աղվանքի մայրաքաղաք Կապաղակը, որ գտնվում է Քուռից հյուսիս, այնտեղ ընդամենը մի քանի աշտարակներ են պահպանվել, ընդ որում՝ Սասանյան ժամանակների կառուցած, ոչ թե հնագույն։

Ավելին, Արտաշատից դեպի արևելք, մինչև Կասպից ծով հուշարձան չկա։ Արտաշատի պարիսպները հողից են ու ճեղքած քարերից, այսինքն՝ նման բան Կովկասում ընդհանրապես չկա։ Չկա նման բան։ Վրացական Բագինեթը, որ համաժամանակյա է, մի քանի քար է պահպանվել։

Տիգրանակերտի նման բան չկա, էլ ո՛նց ասեմ, հնարավոր չէ այս տարածաշրջանում նման բան գտնել, և դա Ադրբեջանի համար առաջին հուշարձանն է դառնալու։ Ես ցավում եմ, որ ժամանակին մերոնք այդքան էլ չգնահատեցին իրենց ունեցածը։ 

– Ի՞նչ եք կարծում՝ կպահպանվի՞, թեկուզ Ադրբեջանի ենթակայությամբ։ 

– Ես ենթադրում եմ՝ այո՛, այն առումով, որ նրանք դա կանվանեն աղվանական և կսկսեն պեղումներ անել՝ մեզ ցույց տալով, թե որքան սխալ ու որքան ապաշնորհ էինք։ Այսինքն՝ այդ հուշարձանը հիմա նրանց ձեռքին դառնալու է մեզ խոցելու, մեզ ծաղրելու գործիք։ Թշնամին չի բավարարվելու նրանով, ինչն այսօր ձեռք է բերել։ 

– Պարո՛ն Պետրոսյան, Արցախի ենթակայությունից դուրս եկող տարածքներում, ընդհանուր առմամբ, որքա՞ն հուշարձան կա։ 

– Հստակ տեղեկություն չկա։ Այն մոտավոր հաշվարկը, որը Արցախի կառավարությունը ժամանակին արել էր, մոտավորապես 4000-5000-ի սահմաններում է։ Ամեն շրջանում, տարբեր հաշվարկներով, տատանվում է 400-1000-ի սահմաններում։

– Դուք երկար տարիներ ուսումնասիրում էիք Տիգրանակերտը, կնշեք՝ է՞լ ինչ կար ուսումնասիրելու, ի՞նչն է կիսատ մնում։

– Օ՜, Արցախի կառավարության ֆինանսական աջակցությամբ ամենաշատը տարեկան կարողանում էինք պեղել 40 օր։ Եվ պատկերացրեք՝ հուշարձանի մոտ 2 տոկոսն ենք հետազոտել։ Ճիշտ է, մենք կարևոր բաներ ենք բացել, բայց Տիգրանի կառուցած մեծ թաղամասը, որը 6 հա է կազմում, նույնիսկ պարիսպները չենք ամբողջացրել, մենք մուտքը դեռ չենք բացել։

Պարիսպները, դեռ մոտավորապես 200 մետր կա, որ պետք է բացենք, իսկ ամեն տարի մենք բացում ենք ոչ ավելի, քան 20 մետր, որովհետև դա մինչև 5-6 մետր խորություն է, մեծ ծավալի հողային աշխատանքներ և այլն, և այլն։

Նույնը՝ վաղ քրիստոնեական հրապարակը, որտեղ երկու եկեղեցի ենք բացել, դամբարան, դեռ շարունակվում են, երկու անտիկ թաղամասից առանձին հատվածներ ենք պեղել, ցից սարի վրա երկու եկեղեցի, մի դամբարան ենք պեղել, թունելային ջրանցքի մի փոքր հատվածն ենք պեղել։

Մի խոսքով, լիքը աշխատանք կար անելու, և հիմա չգիտեմ՝ որ մեկը թվարկեմ։ Տիգրանակերտը կարծեք այսօր ցավի, կորստի ամենազորեղ սիմվոլն է դարձել, բայց ես ամեն ինչ արել եմ, որ այն մեր հզորության, ուժի սիմվոլը դառնա, որ մենք ինքներս մեր մեջ Տիգրանակերտ կառուցենք, հզորանանք։

Ես ամեն ինչ արել եմ, որ նման օրեր չլինեն, և չգիտեմ՝ ում պատճառով, ում մեղքով մենք այս օրին հասանք: Մտածում եմ՝ եթե բոլորն իրենց տեղում ինձ նման ջանքեր գործադրեին, մենք այս օրը չէինք ընկնի։

– Հնարավոր համարո՞ւմ եք ինչ-որ փուլում համագործակցել, ասենք՝ ադրբեջանցի գործընկերների հետ՝ Տիգրանակերտը անվտանգ պահելու համար։ 

– Դե դա այնքանով է հնարավոր, ինչքանով դուք հնարավոր եք համարում մեր երկու ժողովուրդների համագործակցությունը առաջիկա ժամանակներում։ Դուք հնարավո՞ր եք համարում։ Ես չեմ կարող ասել։

Մինչև վերջին օրը ես կարծում էի, որ մենք հաղթում ենք։ Ես ի՛նչ իմանայի, որ պարտվում ենք, զարգացումները ոչ մեկը չի կարող կանխատեսել, ցանկություններ կարող են լինել։ Ես քանի անգամ ադրբեջանցի հնագետներին նամակ եմ գրել, նրանց հրավիրել եմ, ասել եմ՝ ես Արցախի իշխանությունների անունից ձեր անվտանգությունը երաշխավորում եմ, ասել եմ՝ եկեք ձեր աչքերով տեսեք։

Պաշտոնապես չեն արձագանքել, բայց մի քանի գրչակներ կան, իրենց միջոցով արհամարհական տողեր են գրել։ Ուզում եմ ասել՝ այնպես չէ, որ ես դեմ եմ եղել կամ ես ասել եմ, որ իրենք չերևան, կամ ազգայնական ինչ-որ մի գիծ բռնած առաջ եմ գնացել։ Ես միայն աշխատել եմ գիտնականների, ակադեմիկոսների շրջանակներում, մենք երբեք քաղաքական ամպագոռգոռ բաներ չենք ասել։

Հասմիկ Համբարձումյան

MediaLab.am