Ռուսական ռազմական օբյեկտների լուսանկարների հասանելի դառնալու մասին լուրը կեղծ է. Google-ը փոփոխություն չի կատարել. Fip.am

Ապրիլի 18-ին հայաստանյան մի շարք լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, թե Google-ը բարձր որակով հասանելի է դարձրել ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։ Այս լուրը տարածել են, մասնավորապես, lragir.am-ը, lurer.com-ը, 168.am-ը, tert.am-ը և այլ լրատվական կայքեր։

Հայկական լրատվականներում լուրի սկզբնաղբյուրները տարբեր են, սակայն ուսումնասիրությունից պարզ դարձավ, որ լուրի սկզբնաղբյուրը defence-ua.com ռազմական, պաշտպանական խորհրդատվություն տրամադրող կայքն է, որին հղում կատարելով՝ նույն հոդվածը հրապարակել է armyinform.com.ua կայքը, որը, իր հերթին, ըստ կայքի «մեր մասին» բաժնի, Ուկրաինայի պաշտպանության նախարարության տեղեկատվական գործակալություն է։

Armyinform.com.ua-ին հղվելով՝ նույն հոդվածը հրապարակել է նաև Ուկրաինական Unian գործակալությունը, ինչից էլ լուրն սկսել է ակտիվ տարածում գտնել։

Հրապարակված հոդվածներում տեղադրված են մի քանի լուսանկարներ, որտեղ բավականին պարզ երևում են ռուսական ռազմական օբյեկտները։ 

Google Earth-ի արբանյակային լուսանկարներն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ դրանք նախկինում էլ փակ չեն եղել, ցանկացած ոք կարող էր և հիմա էլ կարող է գտնել և ուսումնասիրել ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարները։

Օրինակ՝ երկրորդ լուսանկարում պատկերված է Կուրսկում տեղակայված ավիաբազան։ Արբանյակային լուսանկարներում նույնիսկ հին լուսանկարները դիտելիս պատկերի որակը նույնն է, և ավիաբազայի տարածքը հնարավոր է դիտարկել ամբողջությամբ։https://flo.uri.sh/visualisation/9461820/embed?auto=1Interactive content by Flourish

Արբանյակային առաջին լուսանկարը 2021 թվականի նոյեմբերի 24-ի է, երկրորդը՝ նույն թվականի ապրիլի 6-ի

Բացի դրանից, հնարավոր է ուսումնասիրել և գտնել այլ ռազմական նշանակության օբյեկտներ, ինչը միշտ էլ հնարավոր է եղել, այսինքն՝ Google-ը որևէ փոփոխություն չի կատարել արբանյակային լուսանկարներում։

Արբանյակային լուսանկարում Շայկովկայի ավիաբազան է

Ավելի ուշ Google ընկերության ներկայացուցիչը ռուսական «Տասս» լրատվական գործակալությանը մեկնաբանություն է տվել, որում, մասնավորապես, նշվում է, որ Google-ը որևէ փոփոխություն չի կատարել Ռուսաստանի տարածքում արված արբանյակային լուսանկարներում։ Այս լուրը հրապարակել էր նաև փաստերի ստուգմամբ և հետաքննություններով զբաղվող The Insider-ը, որը հետագայում թարմացրեց հոդվածը և ավելացրեց Google-ի պաշտոնական ներկայացուցչի մեկնաբանությունը։

Այսպիսով՝ ռուսական ռազմական օբյեկտների արբանյակային լուսանկարների հասանելի դառնալու մասին տեղեկությունները կեղծ են։ Google ընկերությունը որևէ փոփոխություն չի կատարել արբանյակային լուսանկարներում, իսկ հրապարակված լուսանկարները միշտ էլ հասանելի են եղել բոլորին։ 

Նարեկ Մարտիրոսյան

Fip.am