Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Մոսկվա

ՀՀ կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա:

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Պատվիրակության՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝

1) Մհեր Գրիգորյանինը և Դավիթ Գևորգյանինը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Հակոբ Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Գարեգին Բաղրամյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման ծախսերը կատարվելու են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը»,- նշված է վարչապետի որոշման մեջ: