«Մարդիկ, բնականաբար, նախատոնական տրամադրություն չունեն, բայց ամենակարևորն այն է, որ մարդկանց մեջ չկա խուճապ». Մետաքսե Հակոբյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը

– Տիկի՛ն Հակոբյան, չորս օր շրջափակման մեջ գտնվող Արցախում ի՞նչ տրամադրություններ ու խնդիրներ են կան:

– Արցախն ամսի 3-ից է շրջափակման մեջ, ես, համենայնդեպս, այդպես եմ մտածում, որովհետև երբ առաջին անգամ փակվեց ճանապարհը, բոլորս վստահ էինք, որ հաջորդը երկար սպասել չէր տալու, ու ավելի հուժկու ձևով էր լինելու ու եղավ:

Իրավիճակը դեռևս նույնն է, չենք ստացել ադրբեջանական կողմից պահանջներ, հետևաբար չգիտենք՝ ճանապարհը փակելու հիմնական նպատակը, որովհետև պարզ է, որ նրանք բնապահպան չեն, այլ հատուկջոկատայիններ են:

Մարդիկ, բնականաբար, նախատոնական տրամադրություն չունեն, ամենակարևորն այն է, որ մարդկանց մեջ չկա խուճապ, կան անասելի անհանգստություն, մտահոգություն, որովհետև նախ՝ բազմաթիվ ընտանիքներ կիսված վիճակում են ՝ ընտանիքի անդամներից ոմանք Հայաստանում են, ոմանք՝ Արցախում: Մեկը ես՝ անչափահաս որդիս Երևանում է, որը բարերարի միջոցով եկել էր Երևան, որ իրենց ղեկավարների հետ մասնակցեին «Եվրատեսիլին»՝ որպես հանդիսատես, այդ երեխաները բոլորը երգող երեխաներ են, փաստորեն մեկ օրով էին եկել ու արդեն որերորդ օրն է՝ Երևանում են:

Վերջին երկու օրերին նկատում եմ նաև հետևյալ միտումը՝ հատկապես սոցցանցերում, ինչը հատուկ է արվում, գրում են, թե խանութներում 3-4 անգամ բարձրացել են գները, մարդիկ խուճապահար գնել են ամեն ինչ: Ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, որովհետև անձամբ եմ շրջել գրեթե բոլոր մեծ խանութներում, գնաճ ընդհանրապես գոյություն չունի, ապրանքները չեն սպառվում, որքան էլ ժողովուրդը գնի, որովհետև խանութների շատ սեփականատերեր հավաստիացրել են, որ ապրանքի բավականին մեծ պաշարներ կան պահեստավորված:

Մարդիկ իսկապես մտահոգ են, բայց ապրում են սովորական կյանքով, ոստիկանությունը խստացված ծառայություն է իրականացնում, քաղաքում մեքենաներն են քչացել, որովհետև վառելիքի խնդիր կա: Հումանիտար խնդիրներ սակայն ունենք այն առումով, որ հիվանդանոցներում պլանային վիրահատություններ չեն կարողանում կատարել ցրտի պատճառով, դրան գումարած՝ ունենք ծայրահեղ հիվանդներ, որոնք շտապ տեղափոխման կարիք ունեն Հայաստան: Այս պահին հիմնական լուրջ խնդիրները սրանք են:

Գազամատակարարման դադարեցումն ի՞նչ խնդիրների առաջ կանգնեցրեց արցախցիներին:

– Դրա հետևանքով երեխաները զրկվեցին իրենց կրթություն ստանալու իրավունքից: Թշնամու ցանկացած ագրեսիայի հետևանքով խաթարվում են երեխաների գրեթե բոլոր իրավունքները: Այսօր կան բավականին շատ դպրոցներ, մանկապարտեզներ, միջին մասնագիտական կրթություն իրականացնող հաստատություններ, որոնք ուղղակի չեն աշխատում: Պետական համալսարանը ստիպված այս ցրտի պայմաններում շարունակում է աշխատանքը, քանի որ քննաշրջան է:

Գազով արտադրություն իրականացնող ընկերություններն են խնդիրների առաջ կանգնած, չեն կարողանում գործունեություն ծավալել, ինչն ուղիղ հարված է Արցախի տնտեսությանը, էլ չեմ խոսում, որ մարդկանց բնակարանների մեծ մասը, հատկապես քաղաքաբնակների մոտ, ջեռուցումն իրականացվում էր գազով, սեփական տները ևս, որոնք այլ կերպ հնարավոր չէ տաքացնել:

Արցախի ու Հայաստանի իշխանությունների աշխատանքները ստեղծված իրավիճակում ինչպե՞ս եք գնահատում:

– Անբավարար, հիմա հերթով հիմնավորեմ: Այս պահին Արցախն ու Արցախի իշխանությունները մնացել են մենակ, սա փաստ է, որովհետև այն գործուն քայլերը, որոնք պետք է արվեին Հայաստանի իշխանության կողմից, չեն արվում ու, կարծես թե, չեն էլ նախատեսվում, որ կարվեն: Գործադիրի այսօրվա նիստում Փաշինյանի ունեցած ելույթից դա պարզ դարձավ, նա ընդամենը կարող է կոչ անել ու վերջ:

Արցախի իշխանության անելիքն այս պահին մեկն է, որովհետև իրենք էին գոռում- գոչում, որ ստորակետի ճշտությամբ համաձայն են Նիկոլ Փաշինյանի ցանկացած մտքի ու գործողության հետ, հիմա պետք է ամեն ինչ անեն, որ Նիկոլ Փաշինյանն ամեն անգամ ոչ թե նկարագրի այն, թե ինչ է եղել այս տարիների ընթացքում, անընդհատ կարդա Ադրբեջանի կողմից խախտված կետերը, որի կարիքը ոչ մեկս չունենք, այլ չշրջանցի այն փաստը, որ այդ եռակողմ հայտարարության տակ կա նաև իր ստորագրությունը, ու, միանձնյա ընդունելով այդ որոշումը, նաև միանձնյա այս պահին կրում է պատասխանատվություն, որ այդ փաստաթղթում ձեռք բերված պարտավորություններն ուղղակի չեն կատարվում:

Փաշինյանը շատ լավ գիտակցում է, բայց փորձում է մարդկանց շեղել՝ մեղքն ամբողջությամբ բարդելով Ռուսաստանի վրա: Բնավ ցանկություն չունեմ որևէ մեկին պաշտպանելու, բայց պետք է ընդունենք, որ Ռուսաստանը միջնորդ կողմ է, ու այստեղ շահագրգիռ կողմերը Հայաստանն ու Ադրբեջանն են, վերջինս կարողանում է ի շահ իրեն օգտագործել ամեն բան, բայց Հայաստանից ինչ-որ նվնվոցներ են լսվում, սրանից այն կողմ ոչինչ չենք տեսել:

Հայաստանը պետք է ոչ թե սոցհարթակներում կոչեր հնչեցնի միջազգային հանրությանը, այլ ներկայանա այն հարթակներում, որտեղ ինքը ներգրավված է ու հստակ պահանջներ ներկայացնի՝ ցույց տալով ստեղծված իրավիճակը:

Տիկի՛ն Հակոբյան, խնդիրն ինչպե՞ս է հանգուցալուծվելու, ճանապարհը ե՞րբ կբացվի:

– Եթե մենք այս ամենն ուղղակի դիտարկում ենք ճանապարհի բացման տեսանկյունից, ապա ճանապարհի բացումը կարող է հիմա էլ լինել, կարող է վաղն էլ լինել, բայց դա հարցի լուծում չի լինելու, որովհետև հասկանալի է, որ ճանապարհի երրորդ փակումը շատ ավելի լուրջ է լինելու: Որևէ հարց չի լուծվելու, եթե չկան հայկական կողմի գործուն քայլերը, ինչի մասին խոսում են նաև ռուս հայտնի գործիչները, որոնք զարմանում են մեր պահվածքից, որովհետև մենք բողոքում ենք բոլորից, պահանջում բոլորից, որ լինեն առավել հայ, քան մենք ենք կամ մեր ղեկավարը:

Եթե Պրահայում Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասաց, որ Արցախը Ադրբեջան է, հիմա մենք ուզում ենք, որ Ռուսաստանը և՛ Ադրբեջանին, և՛ Հայաստանին համոզի, որ Արցախը հայկակա՞ն է: Մինչև պահանջներ դնելը պետք է իրողությունների հետ հաշվի նստել:

Այն, ինչ պետք է անի ՀՀ իշխանությունը, որևէ մեկը չի կարող անել, մեր հանրությունն էլ կարող է որոշիչ դեր ունենալ, բայց, ցավոք սրտի, շատ պասիվ է: Տարբեր դեսպանատների առաջ ցույցեր անելն ու պահանջ ներկայացնելը իհարկե պետք է, բայց ինչո՞ւ ես չեմ տեսնում մեր հանրության պահանջը ՀՀ իշխանությունից, որոնք կարող են շատ հարցերի լուծում տալ, ինչո՞ւ պահանջներ չեն դրվում մեր իշխանությունների առջև:

Իշխանությունն ասում է՝ մե՞նք ենք փակել միջանցքը, որ կառավարության շենքի մոտ են բողոքի ակցիա անցկացնում:

– Այսինքն՝ գնան Բաքու, Բաքվի կառավարության շենքի դիմա՞ց անեն բողոքի ակցիա: Իրենց տրամաբանությամբ՝ այդպես պետք է լինի: Արվում են կառավարության շենքի դիմաց, որովհետև նման իշխանություն ունենք, որովհետև նոյեմբերի 9-ին՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, խոստացել են «Զանգեզուրի միջանցք»:

Բայց այսօր Փաշինյանն ասաց, որ չկա նման բան ու չի եղել:

– Հետաքրքիր է, ինչո՞ւ ինքը խոսեց այդ մասին, եթե խոսեց՝ նշանակում է, որ այդ թեման շատ լավ էլ կա, ու պահանջը հենց դա է: 2020 թվականի պատերազմում գործուն դեր ուներ Թուրքիան, ինչո՞ւ, որովհետև նպատակը Սյունիքն էր, ոչ միայն այսպես կոչված միջանցքը:

Իսկ Ադրբեջանն այս սցենարն իրականացնելու գործիքն էր, ինչի դիմաց էլ նրան տրվեց Արցախի մեծ մասը: Ամեն մեկն իր մասնաբաժինն ուներ, բացի Հայաստանից, մասնաբաժին ուներ նաև ՀՀ իշխանությունը՝ անվտանգության երաշխիքների ու ֆինանսական մեծ միջոցների տեսքով:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am