«Մինսկի խումբը հայտարարությամբ հասկացնում է Ադրբեջանին, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվելու». քաղաքագետ

«Մինսկի խումբը հայտարարությամբ հասկացնում է Ադրբեջանին, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվելու». քաղաքագետ
«Մինսկի խումբը հայտարարությամբ հասկացնում է Ադրբեջանին, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվելու». քաղաքագետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարության տողատակում անթաքույց է նախկին խեղված ձևաչափը Մինսկի ֆորմատ վերադարձնելու ցանկությունը: «Մեդիալաբի» հետ զրույցում նման դիտարկում է անում Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Միայն այն, որ որևէ հիշատակում չի արվում 2012 թվականից հետո քննարկված որևէ տարբերակի, արդեն իսկ խոսուն է: Իհարկե, 2012-2013 թվականներին բանակցային գործընթաց չի եղել, բայց կարծես թե Մինսկի խումբը սեղանից հեռացնում է այն, ինչը հայտնվել է այդ տարիներից հետո»,- ասում է Սաֆարյանը:

Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ մարտի 9-ին տարածած հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ «համանախագահները վերահաստատում են, որ խնդրի արդար ու տևական կարգավորումը պետք է հիմնված լինի Հելսինկիի եզրափակիչ ակտի սկզբունքների վրա, մասնավորապես, կապված ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և հավասար իրավունքների ու ժողովուրդների ինքնորոշման վրա:

Այն նաև պետք է ներառի հավելյալ տարրեր, ինչպես 2009-2012 թվականներին առաջարկել են համանախագահող երկրների նախագահները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձ Ադրբեջանի վերահսկողության ներքո, միջանկյալ կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, որը անվտանգության և ինքնակառավարման երաշխիքներ կտրամադրի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը կապող միջանցք, Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա հստակեցում իրավականորեն պարտադիր կամքի արտահայտման միջոցով, բոլոր ներքին տեղահանված անձանց ու փախստականների՝ բնակության նախկին վայրեր վերադառնալու իրավունք, ինչպես նաև միջազգային անվտանգության երաշխիքներ, որը կներառի նաև խաղաղապահ գործողություն»:

Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ այս հայտարարությամբ Մինսկի խումբն ակնհայտ հասկացնում է Ադրբեջանին, որ ԼՂ հիմնախնդիրը ռազմական ճանապարհով չի լուծվելու, և կողմերի գործողությունները՝ հռետորաբանության ու իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ, կարծես թե մոնիթորինգի տակ են: «Եվ այդ կտրվածքով, եթե Ալիևը փորձի անգամ փոքրիկ առիթ գտնել՝ լարվածություն հրահրելու համար, կարծես թե համանախագահները հասկացնում են, որ դա ֆիքսում են»,- «Մեդիալաբին» ասում է Սաֆարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ հայտարարության ամենատհաճ և անհասկանալի հատվածներից մեկը, որում Մինսկի խումբը խոշոր վրիպում է անում, բանակցային ձևաչափի փոփոխության հատվածն է: Հիշեցնենք, որ հայտարարությամբ համանախագահները «կոչ են անում կողմերին զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք ենթադրում են տեղում իրադրության փոփոխություն, նախապես վճռում են ապագա բանակցությունների արդյունքը կամ ստեղծում են նախապայմաններ, առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն կամ ցույց են տալիս պատրաստակամություն վերսկսելու ռազմական գործողությունները»:

«Ի՞նչ ի նկատի ունեն նրանք բանակցային ձևաչափի տակ, եթե այդ բանակցային ձևաչափն ի սկզբանե ենթադրում է Արցախի ներկայացվածություն: Անհասկանալի է, և շատ կարևոր կլինի համանախագահներին հարց տալ, թե ո՛ր ֆորմատի փոփոխության մասին է խոսքը: Խոսքը չի վերաբերում ո՛չ Մինսկի խմբի համանախագահներին լուծարելու մասին, ինչի մասին Ադրբեջանը բազմիցս խոսել է, ո՛չ էլ առավել ևս Մինսկի խումբը կարող է անտեսել, որ Արցախը եղել է բանակցությունների կողմ: Բայց մենք դեռ մի շրջան կգտնվենք անցյալի բեռի և ժառանգության տակ, չպետք է որևէ բանից հուսահատվել, այնպես չէ, որ ամեն ինչ մեզ դուր է գալու»,- նշում է Սաֆարյանը:

Նրա խոսքով՝ եթե նպատակն արդար է, իսկ Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու ՀՀ վարչապետի մտադրությունն այդպիսին է, պետք է ուղղակի դա պնդել: Եվ դա լակմուսի թուղթ է լինելու, թե բոլորը՝ սկսած Մինսկի խմբի համանախագահներից, վերջացրած Ադրբեջանով, իրոք կո՞ղմ են հակամարտության կարգավորմանը, թե՞ ոչ:

Ընդհանուր առմամբ, ըստ Սաֆարյանի, այնպես չէ, որ այդ հայտարարությունն Ադրբեջանի կամ Հայաստանի սրտով է: Երկու կողմերն էլ հավասարապես ուրախ չեն այդ հայտարարության համար: «Ադրբեջանը մշտապես մահու չափ վախեցել է Արցախի ստատուսի որոշումից, և այդ հայտարարության մեջ գտնում է այդ տողերը: Հետևաբար, չի կարող այդ հայտարարությունը հաճելի լինել նրա համար:

Նույնկերպ Հայաստանի համար էլ հաճելի չէ Մինսկի խմբի համանախագահներից լսել ձևաչափի հետ կապված այդ գնահատականը, որը խոշոր առումով անհասկանալի է: Բայց ես կարծում եմ՝ բանակցություններն այլընտրանք չունեն, և բոլոր խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջը»,- նկատում է նա: Ըստ քաղաքագետի՝ Հայաստանը պետք է կաշկանդվածություն չզգա, առավել ևս այսպիսի լեգիտիմ իշխանության դեպքում, ասելու, թե ի՛նչն է ընդունելի իր համար, ի՛նչը՝ ոչ:

«Հայաստանը երբեք չի կարող գնալ հակամարտության կարգավորմանը՝ անտեսելով Արցախի անվտանգության կամ կարգավիճակի հարցը: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարություններն արել է, և կարծում եմ՝ մենք դեռ էլի կլսենք»,- եզրափակեց քաղաքագետը:

Լուսանկարը` Արցախում։ Աղբյուրը`www.prospektphoto.ne

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am