«Չգիտես ումից ու որտեղից են թխել». Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը` քննադատությունների թիրախում

«Չգիտես ումից ու որտեղից են թխել». Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը` քննադատությունների թիրախում
«Չգիտես ումից ու որտեղից են թխել». Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշ անմոռուկը` քննադատությունների թիրախում

Ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշի ընտրությունը չպետք է առանց հանրության հետ քննարկման արվեր: Այս կարծիքին է թատերագետ Լևոն Մութաֆյանը, ով «Մեդիալաբի» հետ զրույցում, անդրադառնալով անմոռուկը որպես Ցեղասպանության խորհդրանիշ ընտրելու հարցին, ասաց. «Անմոռուկն, անշուշտ հիշողության, չմոռանալու խորհրդանիշն է, սակայն ցավ եմ ապրում, գոյություն ունի արդեն նման առևտրային խորհրդանիշ՝ միայն մասնակի տարբերությամբ, ինչն էլ կարող է շփոթ առաջացնել, հասարակացնել մեծագույն ողբերգությունը»:

Մութաֆյանի խոսքով՝ Ցեղասպանության 100-ամյակը համազգային խնդիր է, հետևաբար ցանկացած հարց, որը կապակցվում է մեծ ողբերգության հանրահռչակմանը, պիտի ունենա նույնպես համազգային հետաքրքրություն և նշանակություն, այդ թվում՝ խորհրդանիշի ընտրությունը:

«Անշուշտ, պետք է խորհրդանիշում ներառված լիներ մի տարր, որը կապակցվեր հայկականությանը, որը գուցեև հիշեցներ նաև Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Առհասարակ, այն տպավորությունն եմ ստանում, որ մի տեսակ ոչ պատշաճ ուշադրություն կա Ցեղասպանության 100-ամյակին, ինչը, իմ կարծիքով, մեզ համար պիտի մեծ ճամփաբաժան դառնա, ճակատագրական նիշ»,- ասում է Լևոն Մութաֆյանը:

Հիշեցնենք, որ օրերս Հայոց Ցեղասպանության 100 ամյակի տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի ձևավորած աշխատանքային խումբը Ցեղասպանության 100-ամյակի համար կարգախոս է ընտրել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը, իսկ խորհրդանիշ՝ անմոռուկ ծաղիկը:

Ավելի վաղ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանն ասել էր, որ անցկացված մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Շարմ» ընկերության հենց այս աշխատանքը: Համացանցում այս խորհրդանիշը քննադատությունների է արժանացել, արդեն կան հրապարակումներ, որ անմոռուկը տարբեր երկրներում տարբեր ոլորտներում արդեն տարածված խորհրդանիշ է:

«Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստեփան Սաֆարյան, օրինակ, «Ֆեյսբուքում» ներբեռնել է Ռուսաստանում կորած երեխանների միջազգային օրվան նվիրված խորհդրանիշը, որը նույնպես անմոռուկն է՝ գրելով. «Ինչ պակաս ռուսական անմոռուկ է, աչքիս «Շարմին» դատի են տալու սագագողության՝ անմոռուկագողության հոդվածով»:

«Կարին» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Գինոսյանն էլ նկատել է, որ անմոռուկը մասոնների խորհրդանիշն է: 

«Անմոռուկը չմոռանալու համար գուցե ճիշտ խորհդրանիշ է, բայց ես նկատեցի, որ դա մասոնների խորհրդանիշն է: Երևի պետք էր ընտրել մի խորհդրանիշ, որն ազգային կլիներ»,- «Մեդիալաբին» ասում  է Գագիկ Գինոսյանը:

Նա նշում է, որ միշտ կողմնակից է եղել Մովսես Գորգիսյանի տեսակետին, որ «Սուգը հավերժ է, եթե պայքար չկա»:

«Մեր խորհրդանիշը պետք  լինի պայքարելը, ոչ թե չմոռնալու կամ մոռանալու տարբերակը: Դա հնարավոր չէ մոռանալ, ինքնըստինքյան պարզ է, որ հայ մարդը չի կարող նման ողբերգությունը մոռանալ: Պայքարի, սեփական արժանապատվության, սեփական ազգի վերածնման և սեփական հայրենիքի վերադարձման, սեփական երկրի և մեր պապերի խեղված ու կիսատ թողնված ճակատագրերի խորհրդանիշ պետք է ընտրվեր»,- ասում է նա:

Գագիկ Գինոսյանը հարցադրում է անում՝ ենթադրենք չմոռացանք, ի՞նչ փոխվեց դրանից, ոչինչ: Նրա խոսքով՝ 100 տարի է, Ցեղասպանությունը չենք մոռացել,100  տարի անց Ցեղասպանության մասին դեռ բարձրաձայնում ենք, ի՞նչ է փոխվել, բացարձակ ոչինչ:

«Ոչ աշխարհն է քայլ արել, որպեսզի Թուրքիային ստիպի ինչ-որ ձևով մեղքերը քավել, ոչ էլ մենք: Դա մեթոդ չէ, ձև չէ»,- նկատում է նա:

Ցեղասպանության խորհրդանիշի ընտրության մրցութային հանձնաժողովում, Գագիկ Գինոսյանի խոսքով, պետք էր ընդգրկել համապատասխան մասնագետների:

«Պետք է խորհրդանիշն ընտրեն այն մարդիկ, որոնք իրենց մեջ կրում են այդ արժեքները, որոնք իրենց կյանքով ու գործունեւությամբ կարող են նման որոշում կայացնել, երկրին նվիրված են, ազգին ճակատագրին տեր են եղել, ապացուցել ու ապացուցում են իրենց հայրենատեր լինելը, ոչ թե տաքուկ տեղերում նստած մարդիկ են»,- նշում է նա:

Ռեժիսոր, դերասան Աշոտ Ադամյանը նույնպես բացասական վերաբերմունք ունի ընտրված խորհրդանիշի նկատմամբ և ասում է, որ այն «չգիտես ումից ու որտեղից են թխել»:

«Հիմա դրան կարող են այս կամ այն անունը դնել, դա ինձ բացարձակ չի հետաքրքրում: Ծիծեռնակաբերդի հուշարձանն ինքն իրենով Եղեռնի բրենդն է»,- «Մեդիալաբին» ասում է Աշոտ Ադամյանը:

Նա հիշեցնում է, որ ԽՍՀՄ տարիներին Հայաստանը կարողացավ հասնել նրան, որ իր ցավի հուշարձանը կանգնեցրեց: Այդ հուշարձանը նաև խորհրդանիշ է, ինչո՞ւ չօգտվել դրանից:

«Առանց ժողովրդին հարցնելու և առանց լայնածավալ մրցույթ անցկացնելու նման որոշում կայացնելը նման է նրան, որ ոնց որ լակոտների հետ գործ ունենանք: Ամենաթողության տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը կարող է ինչ լուտանք ասես թափի քեզ վրա»,- ասում է Աշոտ Ադամյանը:

Ընդդիմադիր պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը նույնպես դժգոհ է Ցեղասպանության 100 ամյակի խորհրդանիշից և խորհրդրանում հայտարարեց, որ այն գողացված է, այնինչ այդ նպատակով հազարավոր դոլարներ են ծախսվել:

Խորհրադարանում նա խնդրի վերաբերյալ հարց ուղղեց արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Մանասարյանին:

«Պարզ գրագողություն է եղել, օգտագործվել է այլ կազմակերպության լոգո, պարզապես գողացել են այլ կազմակերպության լոգոն: Ինչպե՞ս է վերաբերվում սրան արտգործնախարարությունը»,- հարցել է նա:

Ի պատասխան, փոխարտգործնախարարը պատասխանեց, որ այդ ընտրությունն իրականացվել է համապատասխան հանձնաժողովի որոշմամբ և որ արտգործնախարարությունը ընդգրկված չի եղել այդ գործըթնացում:

© Medialab.am