Դեպի Արցախ շարժվող կամավորների բանակը ներկայացվում է՝ որպես երկիրը լքող մարդկանց խումբ

Տեղեկատվության ստուգման կենտրոն – Ադրբեջանական Trend.az-ը «Հարյուրավոր հայեր մեքենաներով լքում են Ադրբեջանի մաս հանդիսացող Լեռնային Ղարաբաղը» վերտառությամբ հոդված էր հրապարակել՝ նշելով, թե սոցցանցերում տարածվել է տեսանյութ, թե ինչպես են հայերը լքում Լեռնային Ղարաբաղը։ Որպես ասվածի ապացույց՝ լրատվակայքը կցել էր անձայն տեսանյութ։

«Տեղեկատվության ստուգման կենտրոնը», ուսումնասիրելով տեսանյութը, հայտնում է, որ այն հրապարակվել է երկու օր առաջ՝ aratta_armenia_ անունով ինստագրամյան էջում։

Հրապարակելով տեսանյութին կից ինստագրամյան էջը գրել էր՝ «Կամավորներով մեքենաների շարասյունը՝ Ղարաբաղ տանող ճանապարհին»։

Այն տարածվել էր նաև facebook և vk.com սոցիալական ցանցերում։ Լսելով վիդեոկոնտենտի խոսակցությունը՝ ակնհայտ է դառնում, որ խոսքը ոչ թե Արցախի բնակչության տարհանման կամ «փախուստի», այլ Հայաստանից մեծ թվով կամավորների՝ դեպի Արցախ շարժվելու մասին է։ Տեսանյութում խոսք է գնում 7000 մեքենաների՝ Արցախի Հանրապետություն շարժվելու մասին։