Ես սովորություն ունեմ տարեկան 3-4 անգամ ելնել քաղաքի բարձրահարկ շենքերի կտուրները, տանիքները` Քաղաքին նայելու:
Ամենահարուստ տեսարանը, բնականաբար, բացվում է քաղաքի ամենաբարձր կետից` հեռուստաաշտարակից:
Այստեղից արդեն քաղաքը չի երեւում:
Այստեղից արդեն այն քաղաքը չէ, որ երեւում է:
Այստեղից արդեն քաղաք չէ, որ երեւում է: Էլի՞…
Այստեղից ձեր իմացած քաղա’քը չի երեւում:
Այստեղից ձեր իմացած քաղաքը չի~ երեւում:
Բերեք անուն տանք այն 60 քառակուսի կիլոմետր մակերեսին, որը տեղավորված է Շիրակի դաշտում, մարզկենտրոն է, որտեղ ապրում է… արդեն անհայտ թվով մարդ, որոնց 1/3-ը ապրում է դժոխքում (սա ամենքին հայտնի է «դոմիկ» անունով), որը 1/10-ով է լոգարանված եւ 4/5-րդով` զուգարանված:
Այստեղ 88-ի երկու դպրոցականից մեկն է մնացել ապրելու, 88-ի 3 մտավորականից 1-ն է մնացել, 7 եկեղեցուց 6-ի շենքն է մնացել, մեկը` գործելու: Այստեղ հասուն մարդկանց կեսը կարող է իր աշխատանքը ծախել: «Կե՞~սը՞»-Դու՞ք էլ զարմացաք:
Կեսը` հաստատ, մյուս կեսն էլ յոլա է գնում: Յակուտյա, Ռուսաստան, Ամերիկա, Հոլանդիա, Յոլա: Այն, հին, ավագ, կրթված, Աճեմյանին, Յուրիկին, Միլիտոսյանին, Ֆրունզիկին, Արամ Իլյիչին, Մեծ շախմատիստին, Տերեշկովային տեսած սերունդը պահակ է մնացել տանը: Թիկ-թիկ ման եկածները պահակ, պարեկ, թոշակի հերթում անիծող են մնացել, ո՞ր մեղքի համար անիծյալ եղան:
Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է փողոցում փոշի նստում, հետո այդ փոշին ինչպես է մղվում դեպի մայթերը, սկսում կուտակվել մայթի եզրաքարի ու բուն երթեւեկելի մասի արանքում, անկյունում` թեքությամբ հարթելով մայթ-փողոց տարբերությունը, դուք տեսած կա՞ք, թե ինչպես է այդ անկյան փոշի-թեքություն-աղտը սկսում շնչել, օրգանական դառնալ, հետո` ինչպես է դրա մեջ ինչ-որ այլասերված բույսի սերմ ընկնում, ինչպես է ծիլ տալիս այդ բույսը, սկսում աճել, զարգանալ, կյանք ունենալ, ծառ չի դառնում, իհարկե, բայց բզբզալով աճում-զարգանում է… ահա այդպիսի սպանիչ կյանք:
Այս քաղաքի մարդիկ տեսել են, թե դա ինչպես է լինում: Ուշադրություն չեն դարձրել: Նման բան տեսել եմ նաեւ Աղդամում, այն գրավելուց մեկ տարի անց… արդեն: Ֆամագուստայում էլ նույն պատմությունն է:
Դուք տեսե՞լ եք, թե ինչպես է քաղաքով տավարն անցնում: Ապրել է պետք, մարդիկ կով են պահում: Տեսած կլինեք: Իսկ տեսե՞լ եք, թե ինչպես է զառամյալ տատը «սավոկ» ասված աղբի թիակով, դույլը ձեռքին անցնում տավարի անցած ճամփեքով` մայթերից ու փողոցից չոր ու թարմ թրիքը հավաքելու: Տանում է վառելու, երեւի, ծաղիկների պարարտացման համար մեջքը ծռած կիլոմետրեր չեն քայլում:
Քիմիական գիտությունների թեկնածուն, իր մեքենան տաքսի արած պատրաստ է ձեզ օգտակար լինել եւ ամբողջ ճամփին սիրտն է պատռում, թե չէ… իսկականից կպայթի. -Է՞ս տղեքն էինք:
Դուք քնած եք: Լեղաճաք վեր եք թռնում տան երեխայի ղժժոցից: Առնետը կերել է ականջի մի մասը: Շնորհակալություն Գառբաչովին, Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին: Շուտով ոչ թե շինելու բան չի մնա, այլ շինելու կարիք չի լինի: Չհասկանաք, թե այս քաղաքը շինած-պրծած կլինեն: Ներողություն, պատահական ստացվեց:
Մարդը ելնում է «Շիրակ» հյուրանոցի 12 հարկանի ավերակ կմախքի շալակը` արմատուրա, (ամրանաձող) պոկոտելու-քանդելու, ցած բերելու, ուղղելու, տանելու օրվա հացի փողի չափ փողով` փոխելու: Ընկնում մեռնում է: Գիտեր, որ կարող է ընկնել, գիտեր, որ իրենից առաջ էլ էին ընկել: Բայց եղավ, ընկավ: Կարիքից երեւի:
Թոռնուհին տատի հետ, պատմական կոթողի վերածված Տեքստիլի տարածքում, վառելիքի որոնման ժամանակ մի հաստոցի արկղ պոկոտելիս, ճզմվեց հաստոցի տակ, մահացավ: Տատը թաղեց թոռանը:
Այստեղ, բուսաբանության կամ սնկարդյունաբերության հետ կապ չունեցող` Մերկուրովի թանգարանում պատերին սունկ է աճում, հախից չեն կարողանում գալ, չի էլ ուտվում անտերը…
240 տուն ժողովուրդ ամեն գարուն-ամառ-աշուն սարսափով են նայում փոփոխական ամպամածությանը, որովհետեւ կարգին անձրեւը ջրավազանի է վերածում իրենց ցածրադիր կացարանները, իրենք` մինչեւ կոճերն ու ծնկները` ջրի մեջ: Մի 400 տուն մարդ էլ անձրեւին տանը տաշտ, աման-չաման կաթոցների տակ շարած, դրսի պես հովանոցով է ման գալիս. անձրեւ~ է:
Երբ Երեւանում ներդնող է հայտնվում ու` սխալվում այս քաղաքի անունն է տալիս, այնքան են սարսափեցնում, որ ներդնողը նախընտրում է գործն սկսել թեկուզ Լաչինի միջանցքում, բայց ոչ այստեղ:
Բանկային վարկավորումների հարցերն ու խնդիրներն այստեղ, այս ուղղությամբ զուգարանի գարշահոտությունից ծամածռում հիշեցնող քիթումռութի են հանդիպում ու… ընկրկում, «տո, դե լա~վ է» ենթատեքստով:
Մի մոլոր թուրք ֆռռացել-ֆռֆռացել, 2 տարի դիպել էր մայրաքաղաքային դռներին, թե.-տվեք էդ ջանդամի տեքստիլը, ներդնեմ, աշխատեցնեմ, մի 1000 աշխատատեղ, եւ այլն: Նրան խաթրով համոզել էին, թե.-այ ախպեր, իբր, քարը փեշիցդ թափի, գործ ես անում, արի Արարատ Սուրբ լեռան հանդիպակաց արա, ի՞նչ երկրաշարժի գոտի, ի՞նչ էժան աշխատուժ, ի՞նչ երկաթուղային խաչմերուկ: Բայց դե թուրքը թուրք է, եկավ հասավ քաղաք, ու էդ է հա, ինքն իր ազգին աննման կամակորության ու համառության շնորհիվ ծրագրերն էր ի կատար ածելու, մեկ էլ, առը հա.
-Սփյուռքահայ ներդնող է հայտնվել եւ ուզում է… ներդնել նույն բանի, այսինքն, տեքստիլի մեջ, ինչի մեջ էն մոլոր թուրքը: Հարցեր չկան: Այսինքն կան: Բայց իր` սփյուռքահայի խոսափողն է միացրած, թուրքինը` անջատեցին: Ու… ներդնողը հլը գալիս է: Բարո~վ գա: 1000 հոգու աչք ջուր կտրեց: Նոյը դեռ չի հասկացել, որ ոչ թե իր ագռավն էր լածիրակ, այլ իր որդիներից մեկն էր… խռիկ տվել նրան:
Հեռուստաաշտարակից բացվող տեսարանը հետաքրքիր է: Տներ, տնակներ, ավերակ շենքերի կմախքներ, ինչ-որ ժանգոտված ծխնելույզներ, նորակառույց շենքեր, ճարտարապետական ու քաղաքաշինական փորձեր ու փորձանքներ: Ալմաստ վահան, Ալաջա սար, Ախուրյան գետի ջրամբար, Փամբակի եւ Շիրակի լեռնաշղթաներ, Մայիսյանի տրուբա, Հացիկ եւ ուրիշ գյուղեր: Երբեմնի ավտառիտետ քաղաքի խուլ, թե՞ խլացած, թե՞ խլացող գվվոց: Մեռնո՞ղ, թե՞ դարանած, հոգնա՞ծ, թե՞ սպասող:
Գաղթականները թողնում են հովիտը, անցնում լեռնաշղթան` հյուսիս, կամ Ալմաստ վահանը` հարավ. 2001թվական: Գաղթականներն էլ խոսքի ազատության իրավունքներից են օգտվում: Եթե մեկն ասում է, թե սիրում է այս քաղաքը, ուրեմն նա քաղքցի չէ: Այս քաղաքը սիրողը չի խոսում այդ սիրո մասին:
Երկրաշարժից մի քանի տարի անց մի գործարանի պարսպի փլատակների տակ մի գանգ էին գտել: Չորս հոգի տեր են կանգնել, թե.-մեր մեռելն է:-Կռիվ, քաշքշուկ, չէին կարողացել ճանաչել: Հետո հաշտվել էին: Գանգը 4 մաս արել, տարել ամեն մեկն իր համար թաղել էր: Նման պատմությունները չեն հորինվում:
Անդուր է, բայց այս քաղաքը տեղ-տեղ նման է այն գանգին. մերն է, բայց ու՞մն է: Թանկ է, բայց չկա՞: Տեր ենք, բայց թաղե՞նք:
Այս քաղաքի տղամարդիկ ու տղամարդ կնիգմարդիկ (գյումրեցիք կնոջն այդպես են կոչում) չեն կարող խոստանալ, որ իրենցից յուրաքանչյուրը վերջինն է թողնելու քաղաքը: Ամենավերջինը, այսինքն, եթե բոլորը ուսերը քաշեն, իրենք կպահեն, հեչ է, թե չեն վախենա տրորվելուց:
Եվ ուժ, եւ զորություն, եւ փառք … սա ծանոթ է կարծես: Կարծեսն արդեն քիչ է: Ո՞վ է ամենավերջինը, ո՞վ է ավելի վերջինը:
2001 թ.