«Դեմագոգները եւ սադրիչները շատացել են Արցախում, սա ավելի մեծ վտանգ է, քան վիրուսը». Ըստ Դավիթ Բաբայանի՝ ընտրությունները հետաձգելու առիթ չկա

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ, Արցախի նախագահի թեկնածու Դավիթ Բաբայանը

– Պարո՛ն Բաբայան, այսօր շատերն են հանդես գալիս հայտարարություններով, որ ընտրությունները պետք է հետաձգվեն։ Ի՞նչ քայլեր եք պատրաստվում անել, արդյոք վտանգավոր չէ՞ այս փուլում ընտրությունների անցկացումը։

– Ես խոսում եմ որպես քաղաքական գործիչ, քանի որ արձակուրդում եմ։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ մեզ համար միանշանակ ամենակարևորը մեր ժողովրդի առողջությունն է, սակայն որպեսզի նման որոշումներ կայացնենք, անհրաժեշտ է ոչ թե քաղաքական տեսանկյունից քաղաքական շահարկումների ենթարկել, դժբախտաբար, մենք տեսնում ենք, որ որոշ քաղաքական ուժեր նույնիսկ այս իրավիճակն են շահարկում, կարծես անպարտելի խաղ են ուզում խաղալ։ 

Մի կողմից անունը դրել են, թե ժողովրդի մասին են մտածում, հետաձգեն, որովհետև կորոնավիրուս կա, բայց ժողովրդի մասին մտածողը այլ քայլեր էլ է անում, և ոչ թե ժողովրդի մասին են մտածում որոշ ուժեր, այլ որպեսզի հետո շահարկեն, ասեն՝ դե հետաձգել են, հետո էլի կռիվ-ղալմաղալ, որպեսզի հետո պղտոր ջրում էլի ձուկ որսան։ 

Որովհետև կան նաև մարգինալ ուժեր, որոնք բղավում են այդ մասին, որովհետև տեսնում են, որ չեն կարողանում ընտրություններին իրենց ցանկալի արդյունքին հասնել։ 

Հետևաբար, մենք, կրկին արժևորելով մարդկանց առողջությունը, այն դնելով առաջին տեղը բոլոր քաղաքական խնդիրներից առաջ, ասում ենք՝ նման որոշում եթե պետք է կայացվի, պետք է կայացվի միմիայն առողջապահական նորմերից ելնելով՝ առանց քաղաքական շահարկումների, այսինքն՝ համապատասխան հայտարարությամբ պետք է հանդես գան Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը և կորոնավիրուսի դեմ պայքարի համապատասխան հանձնաժողովը։ 

Իսկ այդ հայտարարությունը կարող է լինել, եթե կա ռեալ վտանգ։ Այս պահի դրությամբ Արցախում հիվանդների գեթ մեկ դեպք չի գրանցվել։ Մնացել է ընտրություններին երեք օր, չկա որևէ դեպք, և եթե Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարի, որ պետք է հետաձգվեն, և կան դրա համար լուրջ հիմքեր, անվերապահորեն պետք է հետաձգվեն, եթե այդպիսի բան չկա, ուրեմն սա քաղաքականացնելը նույնպես վտանգավոր ենք համարում, որովհետև կարող է հանգեցնել քաղաքական լուրջ և անհաղթահարելի ճգնաժամի։

– Պարո՛ն Բաբայան, ամբողջ աշխարհն է ինքնամեկուսացել, մինչդեռ Արցախն ընտրությունների է գնում։ Շատ երկրներ հետաձգեցին իրենց մոտ ընտրությունները՝ կանխելով հնարավոր վտանգը։

– Այն երկրներում, որտեղ կորոնավիրուսը տարածվել է, ընտրություններ չեն եղել, օրինակ՝ Իտալիայիում և այլն, և եթե սա չլիներ համապետական իշխանության փոփոխության խնդիր, միգուցե, բայց, կրկնում եմ՝ մենք չունենք գեթ մեկ դեպք, բայց դա չի նշանակում, որ դա չի լինելու կամ լինելու է ընտրությունների պատճառով, կամ դա տևելու է մեկ կամ երկու ամիս, կամ մեկ տարի, ո՞վ է իմանում՝ ինչքան է դա տևելու։ 

Ի՞նչ է, հիմա՞ մտնենք քաղաքական ճգնաժամ, եթե դեռևս չկա վտանգ առողջությանը։ Ավելի լավ չէ՞, եթե չկա վտանգ, շուտ անցկացնենք ընտրությունները, որ հետագայում չկրկնապատկվեն առողջապահական և քաղաքական խնդիրները։ Ամեն ինչ պետք է մտածված լինի։ Ե՛վ դեմագոգները, և՛ սադրիչները շատացել են Արցախում, սա ավելի մեծ վտանգ է, քան վիրուսն ինքնին։ 

Եվ այստեղ պետք է մոտենալ բացառապես սառնասրտորեն, առողջապահական նորմերով, մասնագիտորեն, չքաղաքականացնելով, որովհետև այս քաղաքականացումն արդեն զզվանք է առաջացնում։ Ամեն ինչի վրա քաղաքական դիվիդենդներ են աշխատում։ Կորցրել են ամոթն ու նամուսը մի շարք ուժեր, ոմանք չեն էլ ունեցել, իսկ կան այնպիսիք, որոնք կորցրել են նամուսը։

– Մեծ թվով դիտորդներ են գալիս Արցախ, վիրուսի ներթափանցումից չե՞ք վախենում։

– Մայր Հայաստանում է վերահսկվում, դրված են պատնեշներ, բացի դրանից, լինելու է օնլայն վերահսկողություն, և պետք է ամեն ինչ արվի, որ մաքսիմալ իրավիճակը պահպանվի և վերահսկելի լինի։ Սանիտարական նորմերից ելնելով՝ փակել են նաև սահմանը։ 

– Իսկ եթե դիտորդները վիրուս բերեն, չկա՞ վտանգ։

– Իհարկե կա, բայց տեղում պետք է ստուգենք, կարծում եմ՝ դիտորդների ամենամեծ հոսքը կգա ՀՀ-ից, իսկ ՀՀ-ում վերահսկողությունը մեծ է։

– Իսկ թեստեր կա՞ն, որով ստուգում են հիվանդներին՝ տեսնելու վարակվա՞ծ են կորոնավիրուսով, թե՞ ոչ։

– Այո՛, մի շարք մարդկանց ստուգել են, քանի որ կասկածներ կային, և, բարեբախտաբար, բացասական են եղել արդյունքները։

Մանե Հարությունյան

MediaLab.am