Արցախի ՄԻՊ-ը դատապարտել է ադրբեջանցիների կողմից հայերի մեքենայի քարկոծումը և դա համարել նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում

ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ուսումնասիրվել է մարտի 25-ին լրատվամիջոցներում տարածված տեղեկություններն այն մասին, որ Կարմիր Շուկա-Ստեփանակերտ ճանապարհահատվածում ադրբեջանցիների կողմից քարկոծվել են հայերի մեքենաները: 

Պաշտպանը դատապարտում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության խախտումները և բռնության գործադրման ցանկացած դրսևորում՝ անկախ դրա հեղինակից: 

Գրանցված միջադեպի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ իրավապահ մարմինների կողմից պետք է իրականացվի պատշաճ քննություն, որն առաջնահերթորեն անհրաժեշտ է նման դեպքերը բացառելու, հատկապես շփման հատվածին հարակից` առանց այդ էլ գերլարված բնակչության տեղեկացված լինելու իրավունքն ապահովելու համար:

Այս առումով Պաշտպանը դրական է գնահատում Արցախի Հանրապետության գլխավոր դատախազության և ոստիկանության օպերատիվ արձագանքը զանգվածային լրատվության միջոցների հրապարակմանը և ենթադրյալ հանցավոր դեպքի հանգամանքների բազմակողմանի քննության պատրաստակամությունը: