Թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ

Թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ
Թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ

Ըստ հեղինակների, թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Այս մասին հայտարարել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը` մասնակցելով Երեւանի թիվ 189 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում տեղի ունեցող միասնական քննությանը: 

Ըստ ԿԳՆ պաշտոնական հաղորդագրության, նախարարը շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, նրանց մաղթել հաջողություն.

«Հավատացնում եմ ձեզ, որ թեստերն ավելի դյուրին են, քան դուք պատկերացնում էիք նախապատրաստվելու փուլում:Նախապես մի շարք խնդրահարույց  առաջադրանքներ շտեմարաններից հանվել են, և եթե այդ ամենից հետո թեստերում լինեն երկիմաստ առաջադրանքներ կամ, այսպես, կոչված քննական ծուղակներ, հավատացած եղեք, որ այդ հարցը լուծում է ստանալու հօգուտ ձեզ»,- դիմելով դիմորդներին՝ ասել է ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը:

Նախարարը նաև նշել է, որ ինքն եկել է ծանոթանալու քննական պայմաններին, հանգստացնելու  և քաջալերելու դիմորդներին և նրանց ծնողներին. 

«Կառավարությունն իր քաղաքականությամբ ստեղծում է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ ուսանողների և դիմորդների համար, և քննությունն ընդամենը փոքրիկ խոչընդոտ է, որը պետք է հաղթահարել»,- ըստ հաղորդագրության, նշել է ՀՀ ԿԳ նախարարը: Անդրադառնալով «Հայոց լեզվի և գրականության»  քննությանը՝ ՀՀ ԿԳ նախարարը նշել է, որ այն բուհական ընդունելության ամենազանգվածային քննություն է և հանրային ընկալման մեջ ամենասպասվածն ու անհանգստացնողը, որի հետ կապված մասնագիտական վեճերը, սովորաբար անխուսափելի են լինում, քանի որ մասնագիտական հանրույթը դժվարությամբ է գալիս ընդհանուր հայտարարի: «Ինչպես գիտեք, մասնագիտական վեճ էր ծավալվել, տասնյակից ավելի քննական առաջադրանքներ, որոնք խնդրահարույց էին համարվում, հանվել են շտեմարաններից: Հեղինակների հավաստիացմամբ՝ թեստերում չեն լինելու երկիմաստ կամ կրկնակի ճիշտ պատասխան ենթադրող առաջադրանքներ: Քննական թեստը գաղտնի է և բացի խոստումից ու հավաստիացումից, այս պահին այլ բան վստահաբար հավաստելը դժվար է»,- նշել է նախարարն ու հավելել, որ քանի դեռ քննությունը չի ավարտվել, իր համար նույնպես պարզ չէ, թեստն իրականում որքանով է հաջողված: 

Ա. Աշոտյանը նշել է, որ հունիսի 1-ին տեղի ունեցած «Ռուսաց լեզվի» քննության միջին գնահատականը եղել է 11 միավորի շրջանակում, և դժգոհություններ կամ բողոքներ դեռևս չկան: Նախարարը զրուցել է նաև դպրոցի բակում հավաքված դիմորդների ծնողների հետ, պատասխանել բուհերում ուսման վարձավճարների բարձրացման, շտեմարանների առաջադրանքների ու այլ մտահոգությունների հետ կապված  հարցերին:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը տեղեկացրել է, որ «Հայոց լեզվի և գրականություն»  առարկայի քննություն հանձնում են շուրջ 9000 դիմորդներ, քննությունը կազմակերպվել է 36 քննական կենտրոններում: Քննության արդյունքները կհրապարակվեն 5 օր անց, իսկ քննական թեստի ճիշտ պատասխանները՝ քննության օրը՝ ԳԹԿ և ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքերում:
 
© Medialab.am