Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին ռուսական կողմը տեղեկացված է. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է մարտի 30-ից Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում եւ POS տերմինալներում ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերի  սպասարկումը դադարեցնելու որոշմանը՝ նշելով, որ ռուսական կողմն այդ մասին տեղեկացված է:

«Մենք տիրապետում ենք տեղեկությանը, ինչպես նաեւ այդ առթիվ հայկական կողմի պարզաբանումներին։ Այն պահանջում է լրացուցիչ ճշտում, ինչով եւ զբաղվում են մեր համապատասխան գերատեսչությունները»,- «Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ նշել է Զախարովան: 

Հայաստանի բանկերի մեծ մասի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու մասին մարտի 19-ին հայտնել էին ռուսական մի շարք լրատվամիջոցներ, որից հետո Հայաստանի մի շարք բանկեր հայտարարեցին, որ 2024 թվականի մարտի 30-ից դադարեցնելու են «Միր» քարտերի սպասարկումը։ Որպես պատճառ նշվում է «Միր» քարտային համակարգի օպերատորի նկատմամբ կիրառված սահմանափակումները։