«Կորոնավիրուսակիրների հետ աշխատող շատ բժիշկների ոտքը կապված է, չեն կարողանում գնալ և օգնել մեր անվտանգության համար կռվող զինվորներին». Ռուբեն Ստեփանյան

«Այս պահին hիվանդանոցում բոլոր տեղերը զբաղված են, ու ոչ մի ազատ տեղ չունենք, նույնիսկ կարելի է ասել, որ այսօր վիճակն ավելի ծանր է, քան հուլիս ամսին»,- «Մեդիալաբին» ասում է կրծքային վիրաբույժ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ Ռուբեն Ստեփանյանը։

Ստեփանյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակակիրների թվի աճը գլխավորապես պայմանավորվեց պատերազմական իրավիճակով, փոքր տոկոսով՝ նաև դասերի վերսկսումով։

«Առաջին նախապայմանը հենց պատերազմն էր, ու այն մարդիկ, որ իրար երբեք չէին հանդիպում, իրար հետ շփում չէին ունենալու, հանդիպեցին զինվորական կոմիսարիատներում, բարեգործական հավաքների ժամանակ, ու ավելի արագ տարածվեց, քան հնարավոր էր։ Այն իմունային բարիերը, որ ստեղծված էր, արդեն չաշխատեց»,- նշում է բժիշկը։

Բժշկի խոսքով՝ այժմ ավելացել են ծանր դեպքերը երիտասարդ պացիենտների շրջանում․ «Հիմա ավելի շատ երիտասարդների ծանր դեպքեր ենք տեսնում, որոնք չունեն ուղեկցող հիվանդություններ, բայց ծանր են տանում»,- ընդգծում է նա։Առողջապահության նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի 20-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է 1234 նոր դեպք՝ կատարված 2893 թեստավորումից, Գրանցվել է 10 մահվան դեպք։ Առողջացել է 526 պացիենտ։

Բժշկի խոսքով՝ այժմ վերահսկողության գործիքը թուլացել է, ինչը ևս նպաստել է, որ մարդիկ զգոնությունը կորցնեն։

«Այս պահին չկան միջոցներ, որ ստիպենք այդ մարդկանց դիմակ դնել, որովհետև չկա հետևող օղակը՝ ոստիկանությունն արդեն չի հետևում, այն մարդիկ, որոնք ունեն պատասխանատվության զգացում և՛ իրենց, և՛ իրենց երկրի նկատմամբ, և՛ զինվորի նկատմամբ, մարդիկ, որ հասկանում են՝ եթե ապարատի անհրաժեշտություն լինի, առաջնահերթությունը տրվելու է զինվորին, կրում են դիմակ, մնացածին ոչ մի կերպ հնարավոր չէ հասկացնել: Նույնիսկ այդ թվերը, որ տեսնում են, էլի չեն պահպանում կանոնները։ Հիմա ունենք կորի բարձրացում, բայց դեռ ապարատները բավականացնում են»,- ասում է Ստեփանյանը։

Բժիշկը հորդորում է զգոն լինել, գիտակցել, որ անվտանգության կանոնները չպահպանելու դեպքում մեծ վնաս է հասցվում բանակին։

«Ամեն մեկը պիտի  գիտակցի իր պատասխանատվությունը իր հարազատների առաջ, պետության առաջ և, գոնե անվտանգության մինիմալ կանոնները պահպանելով, հասկանա, որ դրանով կարող է օգնել բանակին։

Բժիշկները ծանրաբեռնված են, ծանրաբեռնված են հիվանդանոցները, բժիշկները պետք են զինվորներին։ Կորոնավիրուսակիրների հետ աշխատող շատ բժիշկների ոտքը կապված է, չեն կարողանում գնալ և օգնել մեր անվտանգության համար կռվող զինվորներին»,- նշում է Ստեփանյանը։

Արփինե Արզումանյան

MediaLab.am